RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #135, 20-08-2013



Տեղադրվել է` 2013-08-19 23:03:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 962, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԳՆԱ՞Ճ, ԹԵ՞ «ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որի դեպքում ինչ պահանջել եւ ինչ թույլ չտալ

Գների փոփոխությունները, որոնք սովորաբար դեպի վեր են լինում, խիստ ցավոտ են ընդունվում մեզ մոտ: Ինչը բնական է, նկատի ունենալով, որ մեր երկրի բնակչության մոտ մեկ երրորդը կամ 1 մլն մարդ գտնվում է աղքատության գծից ցած: Ի՞նչ է գնաճը, ի՞նչ են թանկացումները, ինչո՞վ են դրանք նմանվում կամ տարբերվում: Փորձենք անդրադառնալ այս հարցերինՙ ներկայացնելով գնաճի, դրա զսպման, գների չհիմնավորված թանկացումների վերաբերյալ համապատասխան պետական կառույցների կողմից հրապարակվող տեղեկատվությունը:

Այս տարվա հուլիսին` նախորդ տարվա հուլիսի համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 8,5 տոկոս: Այս ցուցանիշը հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Դա նշանակում է, որ զանգվածային ամենալայն սպառումն ունեցող շուրջ 500 ապրանքների (սննդամթերք, սպառողական ապրանքներ եւ այլն) եւ ծառայությունների (տրանսպորտ, կապ եւ այլն) միջին գները անցյալ տարվա հուլիս ամսվա համեմատ ավելացել են 8,5 տոկոսով: Հասկանալի է, որ որոշ ապրանքների կամ ծառայությունների գներ կարող են ավելացած լինել ավելի շատ, մյուսներինը` ավելի քիչ, հնարավոր է նաեւ որոշ ապրանքների դեպքում էլ գնանկում: Այս ամենը համադրելովՙ վիճծառայությունը հրապարակում է վերոնշյալ ապրանքների եւ ծառայությունների գնաճի միջին ցուցանիշը: Գնաճի ցուցանիշի մեջ չեն մտնում, օրինակ, անշարժ գույքի կամ ավտոմեքենաների գների փոփոխությունները, քանի որ դրանք զանգվածային սպառման ապրանքներ չեն:

Որքանո՞վ է բարձր գնաճի այս ցուցանիշը: Այն բարձր է նպատակային գնաճի միջին ցուցանիշից կրկնակի, ինչը նշանակում է, որ 8,5 տոկոս գնաճը բարձր է: Նպատակային գնաճը նախանշում է Կենտրոնական բանկը ու հայտարարում, որ Սահամանադրությամբ իր հիմնական` գնաճի զսպման նպատակն իրականացնելու համար իր եղած գործիքակազմով ձգտելու է պահպանել նպատակային գնաճի ցուցանիշը: Այն սահմանված է 4 տոկոս +- 1,5 տոկոս: Այսինքնՙ Կենտրոնական բանկը պետք է ձգտի, որ գնաճի ցուցանիշը Հայաստանում չգերազանցի 5,5 տոկոս: Դրա համար նա սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքներ` պակասեցնելով կամ ավելացնելով փողի զանգվածը շրջանառության մեջ, դրանով իսկ կամ զսպելով գնաճը, եթե այն նպատակային միջակայքի սահմաններում է, կամ, եթե տնտեսական աճի խթանման անհրաժեշտություն կա, խրախուսելով տնտեսական աճը: Տվյալ դեպքում, Կենտրոնական բանկը վերջերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսովՙ հասցնելով 8,5 տոկոսի, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, գնաճի ցուցանիշը զգալիորեն գերազանցում է գնաճի նպատակային ցուցանիշի վերին սահմանը:

Գնաճի եւ նրա զսպման մասին խոսելով եւս մեկ անգամ նշենք, որ առանց չափավոր գնաճի ոչ մի տնտեսություն չի կարող զարգանալ: Պարզապես այն պետք է պահպանել օպտիմալ վիճակում, որպեսզի չառաջացնի սոցիալական ցնցումներ` մի կողմից, եւ չխոչընդոտի տնտեսական աճին` մյուս կողմից: Սակայն բնակչության գերակշիռ մասին այս պարզ ճշմարտությունը հասկանալի չէ: Նրանք գտնում են, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ գնաճ լինի, ժողովրդական լեզվով ասած` «թանկացումներ», որն, ի դեպ, ամբողջությամբ նույնը չէ, ինչ գնաճը: Ավագ սերնդի մեջ դա ավելի շուտ ենթագիտակցորեն գալիս է խորհրդային անցյալից, որտեղ գները սահմանում էր պետությունը` առանց հաշվի առնելու տվյալ ապրանքի իրական ինքնարժեքը եւ ավելի ցածր պահելով ավելի շատ սպառվող ապրանքների գները` փոխհատուցելով դա ավելի թանկարժեք ապրանքների գներն ավելի բարձրացնելով: Թե ինչո՞վ վերջացավ նման գործելաոճը այդ երկրի համար, բոլորս գիտենք: Առավել քան արտասովոր է, ինչի մասին առիթ ունեցել ենք գրել, որ «թանկացումների» վերաբերյալ նույն սուբյեկտիվ ընկալումն ունեն նաեւ երիտասարդները, որոնք չեն էլ տեսել խորհրդային երկիրն ու պլանային տնտեսությունը:

Այսպես կոչված «թանկացումները» բնական է, որ արտացոլվում են գնաճի ցուցանիշի մեջ, բայց դրանք կարող են լինել չհիմնավորված: Այսինքնՙ այդ ապրանքների գները կարող են բարձրանալ կամ իջնել ոչ թե տնտեսական իրողությունների, այլ սուբյեկտիվ գործոնների հաշվին: Գների չհիմնավորված բարձրացումների օրինակ է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցողի կողմից, օգտվելով իր այդ վիճակից, իր ապրանքի կամ ծառայության գնի կամայական բարձրացումը: Ժամանակին «Արմենտելը» հաճախ էր դիմում նման քայլի, նման փորձեր են արել ալյուրի, շաքարավազի, զանգվածային սպառման այլ ապրանքների շուկաներում գերիշխող դիրք ունեցողները: Դա արգելվում է օրենքով, եւ գոյություն ունի պետական մարմին` տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը պարտավոր է հայտնաբերել եւ թույլ չտալ նման թանկացումըՙ պատժելով իրագործողին: Նույն հանձնաժողովի պարտավորությունն է թույլ չտալ նաեւ հակամրցակցային համաձայնություններ, երբ գների բարձրացում տեղի է ունենում մի քանի տնտեսվարողների համաձայնությամբ եւ գների բարձրացման օբյեկտիվ պատճառներ չեն լինում: Այս դեպքերում գների բարձրացումը տեղի է ունենում ոչ շուկայական պատճառներով, հետեւաբար դրանք անընդունելի են եւ անօրինական: Եվ այս դեպքերում մարդկանց բողոքը «թանկացումներից» միանգամայն արդարացված է, եւ պետությունը, իր վերոնշյալ կառույցի մջոցով պարտավոր է թույլ չտալ գների նման բարձրացումները:

Այսպիսովՙ ամփոփելով նշենք, որ բնականոն գնաճ պետք է լինի: Կենտրոնական բանկը պարտավոր է թույլ չտալ, որ այն դուրս գա սահմանված նպատակային միջակայքից: Չհիմնավորված գների թանկացումներ չպետք է լինեն: Դրանք չպետք է թույլ տա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Բնակչությունն էլ պետք է սկսի տարբերել այս երեւույթները եւ պահանջի թույլ չտալ չհիմնավորված թանկացումները, զսպել գնաճը, բայց ոչ երբեք` ընդհանրապես գնաճ թույլ չտալ: Փոխարենը նա իրավունք ունի պետությունից պահանջելու գնաճի սոցիալական հետեւանքները մեղմացնելու քայլեր իրականացնել` բարձրացնել աշխատավարձերը, նպաստներն ու թոշակնե (աշխատավարձերի բարձրացում կարող են պահանջել նաեւ մասնավոր կազմակերպություններում աշխատողները): Այլապես մենք մշտապես կլինենք նույն աղքատ երկիրը եւ մշտապես կպահանջենք չբարձրացնել գները, ինչն, ի վերջո, կվերացնի ցանկացած տնտեսական գործունեություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #135, 20-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ