RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2021, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեսագրությունը, որը վերջին վեց տարիներին Հայաստանի տարածքում կովկասյան հովազին նկարահանելու առաջին դեպքն է, արձանագրվել է հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը` կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկի միջոցով: Ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի շրջակայքում եւ ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այդ հատվածը, որպես հատուկ պահպանվող տարածք, վերահսկում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ-ի, բրիտանական Համաշխարհային հողային միավորման (World Land Trust) եւ Նիդեռլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի (ԲՊՄՄ` IUCN NL) աջակցությամբ:

Երեկ «Հայելի» մամուլի ակումբում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն համատեղ ներկայացրին ապաստարանում նկարահանած տեսագրությունը, ինչպես նաեւ հիշատակված ապաստարանում բնապահպանության եւ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքները:

Քանի որ տեսախցիկը սկսում է նկարահանել շուրջ 5 վայրկյան ուշացումով, ներկայացված տեսագրությունում առայժմ երեւում է խոշոր այս կատվազգիների ներկայացուցչի միայն պոչը:

Ապաստարանի բոլոր թաքնված տեսախցիկներն արդեն տեղափոխվել եւ տեղադրվել են հովազի գտնվելու հավանական շավղի ամբողջ երկայնքով` առաջիկայում գիշատչին ամբողջությամբ տեսագրելու նպատակով: Տեսագրությունն, այնուամենայնիվ, վկայում է անորսալի այս կենդանու գոյության փաստի մասին եւ ապացուցում վերջինիս ներկայությունը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: 2012 թվականի գարնանը նույն այն տարածքում, որտեղ հնարավոր է եղել նկարահանել հովազին, ապաստարանի անտառապահները նկատել են հովազի հետքեր եւ գտել վերջինիս մազափնջի եւ կղանքի նմուշները: Դրանք անմիջապես ուղարկվել են Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու հետ համագործակցող Իսրայելի լաբորատորիա` գենետիկական փորձաքննության: Հաստատվել է, որ նմուշներն իրապես պատկանում են կովկասյան հովազին (Pantera pardus saxicolor):

2013 թվականին իրականացված նկարահանման տեսագրությունը վերջնականապես ապացուցում է, որ կովկասյան հովազը կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընտրել է որպես ապահով կենսամիջավայր, ուր առկա է բավարար սնունդ, եւ ապահովված են իր գոյությանն անհրաժեշտ կենսական բոլոր պայմանները: Ըստ որոշ տվյալների, Հայաստանի տարածքում գրանցված է ընդամենը 3-5 հովազ, որոնք առավելապես «քոչվորներ» են: Մեկ հովազի բնական միջավայրն ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 18,000 - 25,000 հա տարածք: Այս կատվազգիների բազմացումը կրճատվել է հիմնականում որսագողության եւ կենսամիջավայրի վերացման պատճառով, ինչը հետեւանք է գերարածեցման, մեծ ծավալով իրականացվող քաղհանի եւ անտառահատման: Ներկայումս խոշոր այս գիշատչի բնական միգրացիոն միջանցքը հարավային Հայաստանի Զանգեզուրի եւ Մեղրիի լեռներն են:

Երկարաժամկետ հեռանկարում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Համաշխարհային հողային միավորման (World Land Trust) եւ Նիդեռլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի (ԲՊՄՄ` IUCN NL) հետ համատեղ փորձելու է ընդլայնել ապաստարանի տարածքը` կիրառելով արդյունավետ կառավարման նույն մոտեցումը նաեւ Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանամերձ տարածքներում: Դա հնարավորության կտա Հայաստանի կենսաբազմազանությունը, մասնավորապես` այս խոշոր եւ գեղեցիկ գիշատիչին, պահպանել ապագա սերունդների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ