RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1395, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Բայց վերսկսման ժամանակացույցի առումով

Իսրայելի խորհրդարանըՙ Քնեսեթը, օրենք է ընդունել, ըստ որի պետք է քանդվի պաղեստինյան 20 գյուղ: Գյուղացիները, ինչպես երեկ նշել էր թուրքական «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը, բողոքի ցույց են կազմակերպել, ոստիկանությունը միջամտել եւ ցուցարարներից ոմանց ձերբակալել է:

Պաղեստինցիների ձերբակալությունը սովորական երեւույթ է Իսրայելում: Պաղեստինայն բնակավայրերի ոչնչացումն էլ առանձնապես զարմանալի չէր, եթե երկրի տարածքում տեղակայված 20 գյուղը քանդելու Քնեսեթի որոշմանը չնախորդեին իսրայելա-պաղեստինյան բանակցությունները: Դրանք, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջնորդությամբ, հուլիսի 30-ին անցկացվել էին Վաշինգտոնում: Կողմերը համաձայնության են եկել առկա բոլոր խնդիրները, ներառյալՙ Պաղեստինի պետության կարգավիճակի հարցը, 9 ամսվա ընթացքում կարգավորելու շուրջը եւ պայմանավորվել են հաջորդ հանդիպումները 15 օրվա մեջ կազմակերպել Իսրայելում եւ Պաղեստինում:

Հանդիպման ավարտին կողմերի գլխավոր բանակցողներ Լիվնիի ու Էրաքադի հետ մամուլի համատեղ ասուլիսում պետքարտուղար Քերրին հայտարարել է. «Գիտեմ, որ այս ճամփան չափազանց բարդ է, ոչ մի կերպ չի հաջողվում հաղթահարել փոխանվստահությունը: Սակայն Լիվնիի եւ Էրաքադի ջանքերը հաշտության հասնելու հույս են ներշնչում»:

Հատկանշական է, որ մինչ Ջոն Քերրին հուսադրող հայտարարություն էր անում, Իսրայելի արդարադատության նախարար եւ գլխավոր բանակցող Ցիպի Լիվնին հանդիպմանը գլխավոր քարտուղար Բան Կի Մունից պահանջում է կանխել պաղեստինցիներիՙ ՄԱԿ-ին անդամակցելու ուղղությամբ միակողմանի քայլերը: Ակամա հարց է ծագում. եթե Իսրայելը դեմ է որպես պետության Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին, ինչպե՞ս է լուծելու Պաղեստինյան պետության կարգավիճակի հարցը:

Թերեւս այդ առումով պատահական չէ Այսրհրոդանանում «Իսլամական ջիհադի» եւ Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի, իսկ Գազայի հատվածումՙ «Համասի», Իսրայելի հետ բանակցությունների վերսկսման առթիվ կազմակերպված բողոքի ցույցը: Ի դեպ, «Իսլամական ջիհադը» բանակցությունները համարել է թակարդ: «Համասն» էլ հայտարարել է, որ Մահմուդ Աբբասը ողջ Պաղեստինի անունից հանդես գալու իրավունքը չունի:

Թվում է, թե Իսրայելը որեւէ մտադրություն չունի վերադառնալու 1967-ի նախապատերազմյան սահմաններին, զարկ է տալիս իսրայելցի վերաբնակների համար նոր բնակավայրերի կառուցմանը ինչպես Այսրհորդանանում, այնպես էլ Այսրհորդանանից պարիսպով տարանջատված Արեւելյան Երուսաղեմում: Այսրհորդանանում կառուցված այդպիսի բնակավայրերի թիվը հասել է 100-իՙ 300 հազար բնակչությամբ, իսկ Արեւելյան Երուսաղեմումՙ 12-ի, որոնցում 190 հազար մարդ է բնակվում:

Վերաբնակների համար նոր բնակավայրեր կառուցվել են նաեւ 1967-ի 6-օրյա պատերազմում գրավված Գոլանի բարձունքներում: Էլ չենք խոսում պաղեստինցի փախստականների մասին, որոնց թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, 4 մլն 700 հազ. է: Ընդ որում, 1 մլն 200 հազ. մարդ բնակվում է Այսրհորդանանում տեղակայված փախստականների ճամբարներում: Այսինքնՙ այս մարդիկ փախստական են դարձել նաեւ բուն Պաղեստինում:

ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցությանն ուղղված պաղեստինցիների քայլերը կանխելու առնչությամբ Ցիպի Լիվնիիՙ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին հասցեագրած պահանջը եթե համադրենք Իսրայելի տարածքում պաղեստինյան 20 գյուղը քանդելու Քնեսեթի որոշման հետ, ապա ակնհայտ կդառնան բանակցությունները վերսկսելու իսրայելական կողմի նկրտումները: Մանավանդ որ տարածաշրջանում տիրող միջազգային իրավիճակը ավելի քան «բարենպաստ» է: Սիրիան ներքաշվել է քաղաքացիական պատերազմի մեջ, մասնատման շեմին կանգնած Իրաքը դարձել է ահաբեկչության թատերաբեմ, Եգիպտոսը քաոսային իրավիճակում է եւ բողոքի ցույցերով հետզհետե քաոսի մեջ է ներքաշվում Թունիսը: Այս ամենը խիստ կարեւորում են իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, բայց ոչ թե արդյունքի, այլ վերսկսման ժամանակցույցի առումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ