RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 738, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈՙ ԻՏԱԼԱԿԱՆ Musica Riva ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Հուլիսի 30-ինՙ իտալական Musica Riva միջազգային փառատոնում հայկական երաժշտության տոն էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբըՙ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» խորագրով համերգային ծրագիրըՙ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

Հանդիսատեսով լեփ-լեցուն հրապարակում հայկական երաժշտության երեկոն անցավ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ: Երիտասարդական նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից: Հայկական երաժշտության համերգին ներկա էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Ռիվա դել Գարդայի քաղաքապետը: Երկու ժամ տեւած համերգը ցնծության մեջ պահեց ամբողջ Ռիվա դել Գարդան:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրված է որպես Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ: Մասնակցությունը երաժշտական այդ տոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ, եւ նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:

Փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաեւ աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի հետ (դիրիժորՙ Իսահակ Կարաբչեւսկի): Հուլիսի 27-ինՙ նվագախումբը կատարել է Վերդիի եւ Վագների ստեղծագործությունները (դիրիժորՙ Մարկո Բոեմի), մենակատարներՙ Միշելա Սբուրլատ (սոպրանո), Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Յունգ Կվանգ Լի (բարիտոն):

Այսօր, օգոստոսի 1-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը (ջութակ), իսկ օգոստոսի 3-ին նվագախումբը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը», դիրիժորՙ Իսահակ Կարաբչեւսկի, մենակատարներՙ Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Աննա Վիկտորովա (սոպրանո), Խաչատուր Բադալյան (տենոր), Եվգենի Ստավինսկի (բաս):

Նշենք, որ 30-ամյա պատմություն ունեցող իտալական հեղինակավոր Musica Riva փառատոնն ամեն տարի իր տանիքի ներքո է համախմբում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի նշանավոր ներկայացուցիչներիՙ աշխարհի տարբեր ծայրերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ