RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 969, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՆՈՏԱՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Եգիպտոսում իրականացված հեղաշրջման հանդեպ Թուրքիայի վարչապետ Էրդողանի դիրքրոշումը հայտնի է: Նա հեղաշրջման միջոցով Եգիպտոսի ընտրված նախագահին պաշտոնանկ անելու համար ամենախիստ կոչով դատապարտել էր եգիպտական բանակին, ձայնակցելով «Մուսուլման եղբայրներին», պահանջել էր պաշտոնում վերականգնել Մուհամմեդ Մուրսիին, ավելինՙ խստագույնս քննադատել էր ՄԱԿ-ին, Եվրոմիությանը, ԱՄՆ-ին եւ արաբական երկրներին, որ չեն հակազդում հեղաշրջմանը:

Հուլիսի 26-ին բանակի եւ ցուցարարների բախումից հետո, որը հանգեցրեց 200 ցուցարարի սպանության, Էրդողանն այս միջադեպը համարեց կոտորած եւ հայտարարեց. «Նրանք, ովքեր լռությամբ շրջանցում են այս կոտորածը, դրա մասնակիցներն են նաեւ: Մենք վայրագության մասնակիցը չենք լինի: Մենք երբեք անարդարությունը հանդուրժող համր սատանա չենք դառնա: Եգիպտոսում ոչնչացվել է ժողովրդավարությունը եւ դաժանորեն ոտնահարվել ժողովրդի ազատ կամքը»:

Այս խոսքերի գլխավոր հասցեատերն անշուշտ Եգիպտոսի պաշտպանության նախարար, եգիպտական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, փոխվարչապետ գեներալ ալ Սիսին էր, եւ պատասխանը չուշացավ: Թուրքիայի վարչապետի եւ այլ ղեկավարների համանման սանձարձակ հայտարարությունների առնչությամբ հուլիսի 30-ին, ինչպես «Ալ Ահրամ» թերթն է նշել, կրկին արտգործնախարարություն հրավիրվեց Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Բոթասլին երկրի ներիքեն գործերին խառնվելու պատճառով, որտեղ նրան հանձնվեց երկրորդ նոտան:

Ըստ «Ալ Ահրամի», Եգիպտոսի իշխանությունները որպես «բացահայտ միջամտություն» են որակել Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները, զգուշացրել են Թուրքիայի դեսպանին, որ դրանք հակասում են դիվանագիտական էթիկայի կանոններին ու ոտնահարում փոխադարձ հարգանքի սկզբունքը: Եգիպտական թերթի վկայությամբ, թուրք դեսպանին արտգործնախարարությունում հիշեցրել են վարչապետ Էրդողանի հետեւյալ խոսքերը. «Եգիպտոսի նախագահը ինձ համար շարունակում է մնալ Մուրսին, որովհետեւ նրան ժողովուրդն է ընտրել»:

Ի դեպ, հուլիսի 30-ի նոտան երկրորդն է: Առաջինը Եգիպտոսում Թուրքիայի դեսպանին «Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու եւ ՄԱԿ-ին միջամտության կոչ անելու» պատճառով ներկայացվել էր հուլիսի 10-ին նույնպես արտգործնախարարությունում: Թվում է, թե 20 օրում 2 նոտա ներկայացնելը անսովոր է միջազգային պրակտիկայում, սակայն չմոռանանք, որ վարչապետ Էրդողանն էլ զսպվածություն դրսեւորելու սովորություն չունի: Հետեւաբար մնում է սպասել երրորդ նոտային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ