RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Տեղադրվել է` 2013-07-31 23:03:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3235, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 48

«ԱՐՑԱԽԻ ՈՒ ՆՐԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ»

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Ստեփանակերտ, ԼՂՀ

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույցը «Ազգ»-ին

- Նախՙ շնորհավորում ենք ԼՂՀ ԱԳՆ-ի 20-ամյակի կապակցությամբ: ԼՂՀ դիվանագիտությունն այս քսան տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ է ունեցել:

- Ինչպես յուրաքանչյուր հոբելյան, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության քսանամյակը լավ առիթ է հետադարձ հայացք ձգելու անցած ուղուն, գնահատելու ձեռքբերումները: Միաժամանակ, դա լավ առիթ էՙ հասկանալու, թե անցած ճանապարհի ընթացքում ի՞նչ բացթողումներ ենք ունեցել, համապատասխան դասեր քաղել եւ դրանցով առաջնորդվելով առաջ գնալ: Մեր նախարարությունը ստեղծվել է ծանրագույն պայմաններում, երբ պատերազմ էր ընթանում եւ Ղարաբաղի ժողովրդի առջեւ դրված էր գոյատեւման խնդիր: Սակայն այդ պայմաններում արդեն ակնհայտ էր, որ եթե ԼՂՀ ժողովուրդը որոշել է ստեղծել իր անկախ պետականությունը, ապա պետականության կարեւորագույն հատկանիշներից մեկն էլ ակտիվ եւ գործուն արտաքին քաղաքականություն վարելու ունակությունն է: Ստեղծման առաջին իսկ օրվանից դրվեց կարեւորագույն մի խնդիրՙ նպաստել հակամարտությունը ռազմականից դիվանագիտական դաշտ տեղափոխելուն եւ ապահովել ԼՂՀ անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին: Դա հաջողվեց, եւ ԼՂՀ ԱԳՆ-ն իր գործուն մասնակցությունն ունեցավ մասնավորապես 1994-ի զինադադարի հաստատմանը: Հետպատերազմյան շրջանում մեր առջեւ դրված խնդիրները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին: Այսօր ԼՂՀ ԱԳՆ-ն կայացած պետական հաստատություն է, որն ունի իր առջեւ դրված հստակ խնդիրներՙ ապահովել ԼՂՀ եւ նրա ազգաբնակչության շահերի պաշտպանությունն արտաքին աշխարհում: Մեր առջեւ դրված կարեւորագույն հարցերն են. Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումը, ԼՂՀ միջազգային ճանաչումը, լիարժեք կապերի հաստատումն ու շփումների ապահովումն արտաքին աշխարհի հետ եւ ԼՂՀ-ի մասին օբյեկտիվ եւ լիարժեք տեղեկատվության տարածումը:

- Ձեր խոսքում ասացիք, որ այս ընթացքում եղել են նաեւ բացթողումներ: Կթվե՞ք առավել ակնառու սխալները:

- Միշտ էլ կարելի է գտնել բացթողում. երբ հետ ես նայում անցած ուղուն, հասկանում ես, որ այդ պահին միգուցե կարելի էր գնալ այլ ուղղությամբ: Բայց պետք է ասեմ, որ սկսած ԼՂՀ արտաքին գործերի առաջին նախարարից մինչ օրս, նրա բոլոր ղեկավարներն ու աշխատակիցներն աշխատել են մեկ ուղղությամբՙ առաջ տանել եւ պաշտպանել ԼՂՀ շահերը: Հետադարձ հայացք գցելով, այո, պետք է խոստովանենք, որ որոշակի թերացումներ եղել են, դրանք գուցե նաեւ նրանով էին պայմանավորված, որ ԱԳՆ-ն նոր հաստատություն էր Արցախի համար, բացակայում էին համապատասխան կադրերը, զգացվում էր աշխատանքային փորձի պակաս, բայց ընդհանուր առմամբ, պետք է արժանին մատուցենք այն մարդկանց, որ տարիներ շարունակ աշխատել եւ աշխատում են ԼՂՀ ԱԳՆ համակարգում:

- Պարոն նախարար, խոսեցիք որակյալ կադրերի մասին: Այսօր ԱԳՆ-ն ունի կադրեր, եւ որտե՞ղ են նրանք վերապատրաստվում:

- Շատ կարեւոր է ապահովել համակարգը կադրերով, նաեւ իրականացնել սերնդափոխություն: Այդ ուղղությամբ մենք տանում ենք որոշակի աշխատանք, դիվանագիտական ծառայության մասին օրենքի պահանջներին համապատասխանՙ պարբերաբար անցկացվում են արտաքին մրցույթներ, ինչը մեզ թույլ է տալիս դիվանագիտական ծառայության ընդունել Արցախի շնորհալի երիտասարդների, ովքեր, ընդունվելով դիվանագիտական ծառայության, համալրում են մեր շարքերը: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններըՙ ապահովելու մեր դիվանագետների վերապատրաստումն արտասահմանյան տարբեր ուսումնական հաստատություններում: Պարբերաբար կազմակերպում ենք նաեւ զանազան դասընթացներՙ դրսից հրավիրված մասնագետների մասնակցությամբ:

- Ղարաբաղն առայժմ չճանաչված հանրապետություն է, սակայն ունի ներկայացուցչություններ մի շարք երկրներում: Այդ երկրների հետ ընթացակարգն ինչպիսի՞ն է:

- Այո, մենք ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ Հայաստանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ մի շարք այլ երկրներում: Հաշվի առնելով ԼՂՀ կարգավիճակը, որպես չճանաչված պետություն, առայժմ մեր ներկայացուցչությունները զրկված են որպես լիարժեք դիվանագիտական հաստատություն գործելու հնարավորությունից, սակայն իրենց կարողությունների սահմաններում իրականացնում են հետեւողական աշխատանք, որն ուղղված է ոչ միայն տվյալ երկրում Արցախի պետության շահերի ներկայացմանն ու հետապնդմանը, այլեւ աշխատանք են տանում Արցախի տնտեսության մեջ որոշակի ներդրումներ ապահովելու, նաեւՙ Արցախի մասին ճշմարիտ տեղեկատվություն տարածելու նպատակով:

- ԼՂՀ-ն համագործակցո՞ւմ է նաեւ այլ չճանաչված հանրապետությունների հետ:

- Այո, մենք ունենք որոշակի հարաբերություններ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հետ, պարբերաբար տեղի են ունենում շփումներ տարբեր մակարդակներով: Վերջին նման շփումն այս տարի էրՙ Աբխազիայի ԱԳՆ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ, որի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ չորս հանրապետությունների ԱԳ նախարարների հանդիպումը: Այդ ձեւաչափը հետաքրքրական է եւ ոչ միայն յուրատեսակ հնարավորություն է «ստուգելու ժամացույցները», այլեւ առիթ է մտքեր փոխանակելու համագործակցության որոշակի եղանակների եւ ձեւերի շուրջը:

- Արցախի միջազգային ճանաչումն ի՞նչ փուլում է գտնվում եւ որքանով է հարցն արդիական այսօր:

- ԼՂՀ միջազգային ճանաչումը մեր քաղաքական օրակարգում է, այն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականն է եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք ենք տանում: Այդ առումով, վերջին շրջանում կա որոշակի առաջխաղացում: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ օրեցօր համաշխարհային հանրության մեջ առավել գերակայող է դառնում այն միտումը, որ առկա հակամարտությունների կարգավորման ամենաօպտիմալ տարբերակը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, եւ դա շատ հզոր լծակ է, որ ամրապնդում է մեր դիրքորոշումն ու թույլ տալիս ձեռք բերել բազմաթիվ համախոհներ եւ բարեկամներ: Շատ կարեւոր են առկա այն ձեռքբերումները, որ ունենք Արցախում: Նախ այն, որ Արցախի պետությունը կայացել է եւ ապացուցել իր կենսունակությունը, ուժն ու կարողությունըՙ պաշտպանելու ոչ միայն իր շահերը, այլեւ ապահովելու բնակչությանը անհրաժեշտ սոցիալական պայմաններով եւ ազատություններով: Շատ կարեւոր հանգամանք է նաեւ, որ այսօր Արցախում տիրում է ազատության մթնոլորտ, որը, հատկապես որոշ հարեւանների հետ համեմատության մեջ, շատ ակնհայտ է: Այդ ամենն ամրապնդում է մեր դիրքորոշումը: Այս առումով, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ ԼՂՀ միջազգային ճանաչումն անխուսափելի են: Իհարկե, դա մեկ օրվա խնդիր չէ, մենք դա գիտակցում ենք եւ շարունակում ենք աշխատել:

- Պարոն նախարար, խոսենք ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններից: Այսօր ի՞նչ փուլում են եւ որքանո՞վ են գոհացնում Ղարաբաղին եւ ԼՂՀ ժողովրդին:

- Ինչպես գիտեք, խնդրի կարգավորումը իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ժամանակ առ ժամանակ հնչում են քննադատություններ եռանախագահների հասցեին: Որոշակի առումով կարող ենք համաձայնել այդ քննադատությանը. իհարկեՙ որպես հակամարտության անմիջական կողմ, մենք շահագրգիռ ենք, որ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման ելքը գտնվի, բայց նաեւ պետք է օբյեկտիվության համար ճիշտ գնահատական տանք ՄԽ համանախագահության գործունեությանը: Այսօրվա դրությամբ, դա միակ ձեւաչափն է, որը թույլ է տալիս պահպանել առկա փխրուն խաղաղությունը: Դա նաեւ այն ձեւաչափն է, որ որոշակի առումով թույլ է տալիս ԼՂՀ-ին ներգրավված լինել բանակցային գործընթացում, ներկայացնել իր տեսակետներն ու մոտեցումները: Բանակցությունների հիմնական խոչընդոտողը Ադրբեջանն է, որ մի քանի ուղղություններով միտումնավոր եւ հետեւողականորեն քայլեր է ձեռնարկում ոչ միայն դանդաղեցնելու բանակցային գործընթացը, այլեւ ուղղակի մտցնելու փակուղի. ապատեղեկատվության տարածումը հակամարտության մասին, բանակցությունների էությունը աղավաղելու փորձերը, նաեւ քարոզչական քայլերը, որ Ադրբեջանը ձեռնարկում է իր երկրում ներքին լսարանի համար, թեպետ համանախագահող երկրներն անընդհատ հորդորում են հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից եւ պատրաստել ազգաբնակչությունը խաղաղության: Այս ամենը շատ ակնհայտ կերպով ցուցադրում է, որ բանակցային գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության հիմնական պատասխանատուն ադրբեջանական կողմն է:

- Շատերն են քննադատում Մադրիդյան սկզբունքներըՙ հայտարարելով, որ փաստաթղթում կան կետեր, որոնք որեւէ կերպ չեն արտահայտում Հայաստանի եւ ԼՂՀ-ի շահերը: Դուք համամի՞տ եք այդ ձեւակերպմանը:

- Մեր արտաքին քաղաքականության մեջ մենք առաջնորդվում ենք մեր շահերով: Մեր մոտեցումը միանշանակ է, հստակ ու պարզ: Վերադարձ դեպի անցյալ անհնար է, Արցախի ու նրա ժողովրդի ձեռքբերումները, այն պետությունը, որ մենք այսօր ունենք, որեւէ սակարկության, առեւտրի ենթակա չեն: Եթե հարցը դիտարկում ենք այդ համատեքստում, ես կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է:

- Բազմիցս խոսվել է, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին: Հայաստանը կարծես թե այդ առնչությամբ համաձայն է, ճի՞շտ է մեր տպավորությունը:

- Այո, այսօր շատ անբնական իրավիճակ է ստեղծվել, երբ հակամարտության հիմնական կողմերից մեկն ուղղակիորեն ներգրավված չէ բանակցային գործընթացում: Ներգրավվածության այն մակարդակը, որն այսօր առկա է, չի բավարարում ղարաբաղյան կողմին, եւ, համոզված եմ, ոչ էլ ՄԽ համանախագահությանը: Դա կրկին Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքն է: Ինչպես գիտեք, բանակցային գործընթացի սկզբնական փուլում, երբ շատ կարեւոր որոշումներ էին ընդունվում, խոսք էր գնում պատերազմը դադարեցնելու եւ խնդիրը դեպի քաղաքական դաշտ տանելու մասին, Ղարաբաղը բանակցությունների անմիջական մասնակից է եղել եւ շատ առումներովՙ շնորհիվ Ղարաբաղի ակտիվ մասնակցության, հաջողվեց հասնել որոշակի ձեռքբերումների: Ցավոք, այսօր Ղարաբաղն այդքան էլ ակտիվ ներգրավված չէ բանակցային գործընթացում: Մեր տեսակետը պարբերաբար հասցնում ենք թե՛ համանախագահներին, թե՛ միջազգային այլ ատյաններին, որտեղ հնարավորություն է լինում այդ հարցը քննարկելու: Վերջերս կայացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի հետ, որի ընթացքում այդ հարցը նույնպես բարձրացվել է, եւ մեր կողմից եւս մեկ անգամ շեշտվել դրա անհրաժեշտությունը: Հայաստանը ընդունում է մեր այդ դիրքորոշումը, դրա վկայությունն են այն բազմաթիվ հայտարարությունները, որոնք արվել են տարբեր, անգամ ամենաբարձր մակարդակով, թե ժամանակն է, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակացությունների սեղանին լիարժեք ձեւաչափով: Գնալով այդ կարծիքը դառնում է գերակայողՙ խնդրին առնչվող բոլոր կողմերի մեջ:

- Կարո՞ղ ենք ասել, որ երբ 1997-ին Ղարաբաղը դուրս եկավ բանակցությունների սեղանից, դա ԼՂՀ ԱԳՆ-ի դիվանագիտական թերացումն էր, թե՞ դա ընդամենը ՀՀ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն էր, որին ղարաբաղյան կողմը դեմ չգնաց:

- Չէի օգտագործի այդ ձեւակերպումը, որ Ղարաբաղը դուրս եկավ բանակցությունների սեղանից:

- Պաշտոնապես դուրս եկավ բանակցություններից, Հայաստանը հայտարարեց, որ կներկայացնի նաեւ Ղարաբաղի շահերը:

- Բանակցային գործընթացներն ունենում են իրենց տրամաբանությունըՙ կախված, թե ինչ խնդիր է քննարկվում եւ ինչ հարցեր են բարձրացվում: Բայց հիմնական խոչընդոտը, սկսյալ 1997-ից, Ադրբեջանի դիրքորոշումն է, որն ի շարունակություն բանակցությունների էությունն աղավաղելու իր քաղաքականության, փորձում է խոչընդոտներ հարուցել Արցախի լիարժեք մասնակցությանը, քաջ գիտակցելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին անխուսափելիորեն կբերի խնդրի տրամաբանական հանգուցալուծմանը, որն էՙ տարածաշրջանում երկու անկախ պետությունների միջեւ խաղաղ գոյակցության մեխանիզմների մշակումը:

- Վերջին հարցը. ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը: Ի վերջո, եթե բանակցում ենք, ապա բանակցությունների այնպիսի վերջաբան պետք է լինի, որ ձեռնտու լինի կողմերին: Մեր շահերից ելնելով, ըստ Ձեզ, ո՞րն է վերջին «կարմիր թելը»:

- Ես դեմ եմ, երբ բանակցություններում հանդես են գալիսՙ նախապես հայտնելով զիջումների սահմանը եւ այլն: Բանակցություններին ղարաբաղյան կողմը գնում է իր ձեռքբերումներն ամրագրելու, իր ազգային ազատագրական պայքարը, որի 25-ամյակը նշում ենք այս տարի, ավարտելու նպատակով: Դա ոչ թե ինքնանպատակ է, այլ ԼՂՀ ժողովրդի կամաարտահայտության արդյունք: Ի վերջո ԼՂՀ իշխանությունները գործում ենՙ հիմք ընդունելով արցախահայության իղձերն ու կամքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ