RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Տեղադրվել է` 2013-07-30 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1055, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՉԱՐՅԱՑ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայ-ռուսական հարաբերությունները կարծես երկընտրանքային փուլ են մտել: Լարվածությունը երկու կողմերում էլ սրվում է: Դա իր գագաթնակետին հասավ վերջերս Մոսկվայի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով: Եթե հարաբերությունները բնականոն լինեին, ռուսական զանգվածային լրատվությունը քաղաքական աստառ չէր հաղորդի պատահածին: Ոչ էլ ազգային պատկանելության ուղղվածություն կտար դրան: Խորհրդային ժամանակներում էթնիկական տարբերությունները քողարկվում էին համընդհանուր «սովետական քաղաքացիություն» եզրի ներքո, որը նպաստում էր լարվածությունների թուլացմանը շնորհիվ Մոսկվայի երկաթյա բռունցքի: Սակայն խորհրդային կայսրության փլուզմամբ զանազան նեոնացիստական եւ սպիտակամորթների գերակայության խմբավորումներ առաջացան, որոնք սկսեցին որպես թիրախ օգտագործել Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից ներգաղթած բանվորներին: Սա, իհարկե, բարոյական անկման ախտանշան է, որը հետեւանք է գոյություն ունեցող սոցիալական կարգերի հանդեպ ձեւավորված դժգոհությունների:

Դժբախտաբար, զանգվածային լրատվությունն արտացոլում է ժողովրդի զգացումները, որոնք միշտ չէ, որ հանդուրժողական են հարավից եկած մարդկանց նկատմամբ:

Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում 18 մարդու մահվան եւ մոտ 60 հոգու ծանր մարմնական վնասվածքների պատճառ դարձած խոշոր ավտովթարի ենթադրյալ մեղավորը 46-ամյա ՀՀ քաղաքացի, Ղարաբաղյան պատերազմի վետերան Հրաչյա Հարությունյանն է, որը Ռուսաստան էր գնացել իր վաղամեռիկ որդու գերեզմանաքարի համար «փող վաստակելու»: Զոհերի մերձավորների վիշտն ու զայրույթը հասկանալի են, բայց կատարվածը սոսկ պատահար էր եւ ոչ թե դիտավորյալ արարք, ուստի անհասկանալի են մնում դեպքից երկու օր անց Հարությունյանին նվաստացուցիչ պայմաններում դատարան բերելն ու նրա հասցեին հնչած ստորացուցիչ արտահայտությունները:

Նա այժմ սպասում է իր դատավճռին: Նրա ընտանիքը Հայաստանում պահանջում է, որ նրան արտահանձնեն, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը Մինսկի կոնվենցիայի անդամ երկրներ են, որը նման գործընթաց երաշխավորում է: Վթարի ստեղծած լարվածությունը թեժացել էր մի քանի հանգամանքների բերումով. նախ ռուսների մատակարարած գազի գինն էր բարձրացել, ապա Ռուսաստանն արդիական զենքեր էր վաճառել Ադրբեջանին: Այնուհետեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանում հայտարարություններ էր արել ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Կային նաեւ Եվրոմիության եւ նրա արեւելյան գործընկերության ծրագրի հետ Հայաստանի ասոցացման համաձայնության վերաբերյալ արձագանքներ ռուսական մամուլի էջերում:

Վերջին շաբաթներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ, մի երեւույթ, որը անհնար էր պատկերացնել մի քանի տարի առաջ:

Ռուսաստանը դեռ ըմբոշխնում է երբեմնի կայսրության համը, եւ այդ դիրքերից է շարունակում վարվել իր բարեկամների եւ թշնամիների հետ: Դա արդարացիորեն անընդունելի է համարվում Հայաստանում: Այդ դրսեւորումներին մենք մեր սյունակներում արդեն անդրադարձել ենք: Բայց աշխարհում գոյություն ունի ռազմավարական հավասարակշռություն կոչված երեւույթը, որի հետ անհրաժեշտ է հաշվի նստել: Բոլոր գերտերությունները իրենց սեփական շահերն են հետապնդելու, անկախ մեր կամքից: Եվրոմիության հետ ամբողջական ինտեգրման կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում մենք պարտավոր ենք աչքի առաջ ունենալ նախադեպերը եւ պատրաստ լինել դիմակայելու հետեւանքները:

Վերցնենք, օրինակՙ Հունաստանի եւ Թուրքիայի պարագաները: Երկուսն էլ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ են, բայց երբեք նույն վերաբերմունքին չեն արժանացել ՆԱՏՕ-ի գլխավոր գերտերությանՙ Մ. Նահանգների կողմից: Նրանց մատակարարված զինամթերքը 7-ը 10-ի հարաբերակցությամբ է տեղի ունենում, խոցելի թողնելով Հունաստանըՙ թուրքական սպառազինության առաջ: Հունաստանի կառավարությունը մեղադրել է Թուրքիայի հետ սպառազինությունների այս մրցավազքը, որպես գործոն երկրի ներկա տնտեսական ճգնաժամի:

Բայց առավել վառ օրինակը Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի զավթումն է: Երկու երկրների անդամակցությունն այդ կառույցին չկարողացավ պաշտպանել Հունաստանի շահերը:

Այդ ժամանակ Հունաստանին իշխող խունտայի գնդապետները տարակարծություններ ունեին Մ. Նահանգների զինվորականների հետ, այդ պատճառով էլ նպատակահարմար էր պետքարտուղար Հենրի Քիսինջերին Կիպրոսում հեղաշրջում կազմակերպել եւ Աթենքից Կիպրոսին միավորվելու կոչեր հնչեցնել, որպեսզի 1960 թվի Ժնեւի համաձայնության հիման վրա արդարացնի 1974 թվի թուրքական ագրեսիան:

Հատկանշական է նաեւ, որ Քիսինջերը զգուշացրել էր Հունաստանինՙ միջամտելու փորձեր չանել, այլապես սպառնալով վայր առնել հունական որեւէ ռազմական ինքնաթիռ, որ կուղեւորվեր օգնելու Կիպրոսին:

Պատմական այս նախադեպը որպես սթափեցնող դաս կարող է ծառայել Հայաստանի համար, երբ միջադեպերը պատճառ դառնան ընդհարվելու Անկարայի կամ Բաքվի հետ: Հայաստանին վերաբերվելու ենՙ ինչպես Հունաստանին վերաբերվեցին:

Մյուս կողմից չմոռանանք, որ Ռուսաստանը երբեք չի տատանվել ուժ գործադրել ամեն անգամ, երբ իր շահերն են ոտնահարվել: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անմտությունն ունեցավ գայթակղելու սատանային, առանց համապատասխան ռազմավարական հաշվարկներ կատարելու, եւ, ինչպես գիտենք, կորցրեց խաղը: Չնայած Եվրոպան եւ Վաշինգտոնը խրախուսում էին Վրաստանի նախագահիՙ Մոսկվային մարտահարվեր նետելու ձգտումները, սակայն ճակատագրական պահին նրանք չկարողացան միջամտել, եւ Վրաստանի տարածքը անդամահատվեց: Մինչեւ օրս Աբխազիան եւ Հարավային Օսիան մնում են որպես անկախ պետություններ ի հեճուկս վրացիների:

Այնպես որ իրավիճակը շատ հստակ է եւ հատուկ մտավոր կարողությունների կարիքը չկա նախագծելու Հայաստանի արտաքին քաղաքականության հետագա ուղղությունը: Հուսանք, որ լարվածության ներկա թեժացումը որպես կատալիզ կծառայի երկու կողմերի համար էլՙ տեսնելու եւ ավելի հստակ պատկերացնելու միմյանց ռազմավարական արժեքը, առանց զգացմունքային զեղումների:

Ռուս հարգարժան մեկնաբան Սերգեյ Մարկեդոնովը, ով նաեւ Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի այցելու անդամ է, նվազ կարեւորություն է տալիս վերջին զարգացումներին: Նա պնդում է, որ ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ էլ որեւէ այլ ռուս ղեկավար հրապարակայնորեն երբեք դեմ չի արտահայտվել Հայաստանի եվրոինտեգրման գործընթացին: «Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի, Հայաստանն էլՙ Ռուսաստանի», ասել է նա, ավելացնելով. «Երկուսն էլ ունեն փոխադարձ շահեր»:

Ինչքան էլ մեր ազգային արժանապատվությունը խաթարվի անակնկալ դեպքերի լարվածության հետեւանքով, տարածաշրջանում մեր աշխարհագրական դիրքը այլընտրանք չի թողնում մեզ: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պետք է մնա չարյաց փոքրագույնը կամ չարյաց անհրաժեշտը:

Թարգմ. Հ. Ծ.

Տպագրվում է չնչին կրճատումներով

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ