RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



Այլ տեսակետ

Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1083, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 19

«ՊԱՅՔԱՐ», ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ 100 ԴՐԱՄՈՎ ՍՏՈՐԱՑՎԱԾ ԵՐԹԵՎԵԿԵԼ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղի տալով հասարակության մի մասի ճնշումներին, որոշեց կասեցնել իր որոշումը Երեւանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման մասին: Այն, որ այս որոշմանը հասարակությանը չէին նախապատրաստել, հիմնավորել այն կայացնելու պատճառները, ակնհայտ էր: Ակնհայտ էր նաեւ, որ Տարոն Մարգարյանը, ի տարբերություն իր նախորդի` Կարեն Կարապետյանի, չուներ ոչ հասարակության հետ շփվելու, ոչ էլ իր որոշումները հիմնավորելու ունակությունները: Անգամ երեւանցիներին հղված ուղերձը նա կարդում էր, մեղմ ասած, շատ անհամոզիչ: Քաղաքապետարանի երիտասարդ կամ ոչ երիտասարդ հանրապետական պաշտոնյաներն էլ ապացուցեցին, որ իրենք կարող են պայքարել միայն տաքուկ պաշտոններ զբաղեցնելու համար եւ ոչ ավելին: Ինչեւէ: Անդրադառնամ տրանպորտի թանկացման բուն որոշմանը որպես ուղեւոր եւ որպես տնտեսական լրագրող:

Հասարարական տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելով, ըստ էության, քաղաքապետարանը մեզ երկընտրանքի առջեւ է կանգնեցնում` ունենալ 100 դրամ սակագնով տրանսպորտ եւ շարունակել երթեւեկել իրար գլխի լցված, ժամերով սպասելով քեզ անհրաժեշտ միկրոավտոբուսին կամ ավտոբուսին, կարողանալով կամ չկարողանալով խցկվել նրա մեջ, ուշանալով աշխատանքից կամ չուշանալու համար ստիպված տաքսի վերցնելով, նոր շարժակազմ ներկրումից իսպառ հրաժարվելով, թե՞ 150 դրամ` առանց գերբեռնման եւ կանգառում երկար սպասելու, միկրոավտոբուսային երթուղիների մի զգալի մասը ավտոբուսայինով փոխելու, այսինքն` նորմալ երթեւեկելու հեռանկարով: Սա է հիմնական հարցը, մնացածը ածանցյալ հարցեր են որոնց լուծումները ցանկության դեպքում կարելի է գտնել: Հասարակության բողոքող մասը, փաստորեն, ընտրում է առաջին տարբերակը: Սակայն փաստ է, որ Երեւանի բնակչության գերակշիռ մեծամասնությունն այդ օրերին վճարում էր 150 դրամ ոչ թե նրա համար, որ ցանկանում էր ավելի շատ վճարել կամ վախենում էր ինչ-որ բանից, այլ նրա համար, որ նախընտրում էր երկրորդ` մարդավայել երթեւեկելու հույսը: Շտապեմ պատասխանել ինձ հետ անհամաձայնություն հայտնողների առարկություններին:

Առաջինն այն հարցադրումն է, որ թող քաղաքապետարանը 100 դրամով ապահովի քաղաքակիրթ սպասարկում: Երեւանի տրանսպորտի խայտառակ վիճակի մասին բազմիցս եմ հրապարակումներով հանդես եկել, քննադատելով ե՛ւ գործող, ե՛ւ նրան նախորդող քաղաքապետներին եւ տրանսպորտի վարչության պետերին: Նմանատիպ հրապարակումներով կամ ռեպորտաժներով հանդես են եկել նաեւ իմ գործընկերները: Սակայն փոխվում են քաղաքապետներն ու տրանսպորտի վարչության պետերը, եւ իրավիճակը չի փոխվում կամ շատ չի փոխվում: Ինչո՞ւ: Պատասխանն ակնհայտ է` ամեն ինչի համար պետք է վճարել համապատասխան գինը: Սա է ճշմարտությունը` դո՞ւր է գալիս դա մեզ, թե՞ ոչ:

Այս հարցին սերտորեն առնչվող հաջորդ հարցերն են` այսպես կոչված գծատերերը մինչեւ հիմա վնասո՞վ են աշխատել, եւ եթե վնասով են աշխատում, ապա ինչո՞ւ չեն հրաժարվել երթուղիներից: Բնականաբար, նրանք աշխատել են` նախկինում շատ ավելի մեծ, հիմա ավելի նվազ շահույթով: Հիմա ավելի նվազ, քանի որ օբյեկտիվ իրականություն է, թե 1997-ից հետո անցած 16 տարիների ընթացքում ինչպիսի գնաճ է եղել աշխարհում եւ Հայաստանում: Թե որքա՞ն է դա ազդել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների, վառելիքի եւ այլ գներին, չեմ ցանկանում մանրամասնել եւ դա իրենց` գծատերերի խնդիրն է: Սակայն ակնհայտ է մի բան, որ ներկայումս նրանք շահույթով են աշխատում բացառապես մարդկանց իրար գլխի լցված փոխադրելով: Ինչը նրանք չեն էլ թաքցնում եւ ինչի մասին գյուտ արածի նման խոսում են քաղաքական կուսակցությունները ներկայացնող տնտեսագետները կամ ՀԿ-ների ներկայացուցիչները: Հակառակ պարագայում գծատերերը հենց այդպես էլ վարվում են` հրաժարվում են երթուղիներից:

Չորս երթուղի կարող եմ հիշատակել, որոնք անցնում էին իմ բնակության վայրի մոտով, եւ նրանցից երեքը` թ. 101, 102, 110 միկրոավտոբուսային երթուղիները փակվեցին վերջին 1-2 տարում, իսկ թ. 19 ավտոբուսային երթուղուց տնտեսվարողը հրաժարվեց, եւ այն այժմ սպասարկվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Վերոնշյալ երթուղիները փակվեցին, քանի որ դրանց շահագործողները չէին կարողանում գերբեռնել եւ դրանք այլեւս շահավետ չէին: Եթե շահավետ լինեին, ինչո՞ւ պետք է հրաժարվեին կամ էլ այլ տնտեսվարողներ կցանկանային սպասարկել դրանք: Թ. 19 ավտոբուսային երթուղին էլ քաղաքապետարանի համապատասխան ձեռնարկությունը եւս վատ է սպասարկում: Պատճառը նույնն է` 100 դրամով հնարավոր չէ շահութաբեր գործունեություն իրականացնել առանց գերբեռնելու:

Այն երթուղիները, որտեղ հնարավոր է գերբեռնել, նույն գծատերերը կշարունակեն շահույթ ստանալ դրա շնորհիվ` ստորացուցիչ պայմաններով մեզ տեղափոխելով: Նրանք չեն հրաժարվի դրանից մինչեւ իրենց ունեցած միկրոավտոբուսներն ու ավտոբուսները մինչեւ վերջ մաշվեն: Դրանից հետո արդեն իրենց բիզնեսը կտեղափոխեն այլ ոլորտներ: Նրանք որեւէ դեպքում չեն տուժի, կտուժենք մենք բոլորս, քանի որ այս ամենի արդյունքում ավելի է սրվելու տրանսպորտի դեֆիցիտը, ուրախություն պարգեւելով տաքսիներին` ավելի շատ ծախսեր պարտադրելով մեզ: Հիմա հարց` ավելի թանկ է արժենում, երբ ուշանում ես աշխատանքից կամ դասից, քայքայում ես առողջությունդ եւ նյարդերդ ձմռան ցրտին եւ ամռան շոգին տրանսպորտին սպասելուց կամ խցկված երթեւեկելուց, իսկ չխցկվելու դեպքում երկու տրանսպորտ փոխելուց կամ տաքսի նստելուց, թե՞ 150 դրամ վճարելով եւ նորմալ սպասարկում ստանալով:

Ես այստեղ չեմ ցանկանում խոսել տրոլեյբուսների մասին: Անզեն աչքով էլ նկատելի է, որ 50 դրամ սակագինը ուղղակի սպանում է այս ոլորտը, որտեղ, ի դեպ, չկան գծատերեր, եւ որը սպասարկվում է քաղաքապետարանի կողմից:

Ինձ կարող են առարկել, իսկ ո՞րն է երաշխիքը, որ տրանսպորտը 150 դրամ դառնալուց հետո մենք մարդավայել կերթեւեկենք: Ուրիշի փոխարեն նման երաշխիք տալ չեմ կարող եւ չեմ ցանկանում, բայց կարծում եմ, որ 150 դրամ սակագնի դեպքում դա տեղի կունենա: Ինչո՞ւ: Առաջին հերթին այն նույն պատճառով, որ այդ սակագնով արդեն շահութաբեր կլինի առանց գերբեռնելու երթեւեկելը` ավտոբուսով կամ միկրոավտոբուսով: Նոր սակագնի դեպքում արդեն, նրանց շահավետ կլինի ներկրել եւ շահագործել ավտոբուսներ, ինչը նրանցից պահանջելու է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Կպահանջի՞ արդյոք դա քաղաքապետարանը: Հուսով եմ, որ կպահանջի, իսկ եթե չպահանջի, ապա ի՞նչն է խանգարում, որ մենք բոլորս պահանջենք դա, եւ ի տարբերություն ներկայիս` սակագինը չբարձրացնելու պահանջի, կլինենք միանգամայն իրավացի:

Բնականաբար, տրանսպորտի սակագնի բարձրացման գլխավոր խնդիրը սոցիալականն է: Ընդհանրապես թանկացումների դեմ պայքարելու փոխարեն առավել արդյունավետ եղանակը սեփական եկամուտների բարձրացման ուղղությամբ աշխատելն է, դրան ձգտելը: Սա անկախ ամեն ինչից: Իսկ տրանսպորտի այս թանկացման դեպքում բողոքը մեր պետք է լիներ այլ տեղ` գործատուներից պահանջել բարձրացնել եկամուտները, պետությունից` պետական աշխատողների աշխատավարձերն ու կենսաթոշակները եւ միայն դրանից հետո անցնել նոր սակագնի: Պետական կառույցներից եւ գծատերերից պետք էր պահանջել նաեւ անվճար կամ մասնակի վճարով երթեւեկության իրավունք խոցելի խավերի` կենսաթոշակառուների, երեխաների, ուսանողների համար:

Սակայն պայքարը տարվում էր ոչ թե եկամուտների ավելացման պահանջով, այլՙ ուրիշների եկամուտների կրճատման: Մեր հասարակության մեջ, փաստորեն, այնքան խորն է նստած խորհրդային ոգին, որ անգամ այդ երկիրը չտեսած երիտասարդները վարակված են դրանով: Մեր տարեցներից ոմանք երանություն էին տալիս ստալինյան ժամանակներին, ասելով, որ նրա ժամանակ ապրանքների գների էժանացում էր լինում: Այսինքն, հիմա պայքարում ենք դրա համար, մոռանալով, թե ինչ եղավ այն երկրի հետ, որը ընտրել էր տնտեսության վարման այդ տարբերակը:

Տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն առնչվող իրադարձությունների ամբողջ ընթացքում ինձ զարմանք պատճառեցին ակնհայտ կողմնակալ լրատվությունն ու մեկնաբանությունները: Իմ գործընկերները չէի՞ն համարձակվում խորամուխ լինել տրանսպորտի թանկացման իրական պատճառների մեջ, վախենո՞ւմ էին ցուցարարների կողմից պիտակավորվելուց, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակասը դա թույլ չէր տալիս անել: Ամեն դեպքում, ցավալի էր, որ լրատվամիջոցները փորձ անգամ չարեցին ներկայացնելու մեդալի մյուս կողմը:

Ի՞նչ ունեցանք: Երիտասարդների պայքար` հանուն 100 դրամ սակագնով ստորացված, խցկված երթեւկելու, առանց տրանսպորտի ոլորտի զարգացման եւ նորմալ երթեւկություն ունենալու որեւէ հեռանկարի: Սա ի՞նչ էր` պայքար հանուն հետընթացի՞: Երիտասարդությունը սովորաբար պայքարում է առաջադեմ գաղափարների համար, իսկ մեզ մոտ ... «Ապրեն երեխեքը» լսում ենք այս առիթով: Միանում եմ դրան, բայց ոչ որպես գովասանքի, այլ որպես մաղթանքի: Միաժամանակ ավելացնելով` ապրեն երկար եւ երջանիկ, բայց մտածեն, թե ո՞ւմ, ի՞նչ նպատակի համար են պայքարում եւ ի՞նչ արդյունք են ուզում ստանալ: Հիշեցնեմ, որ շատ տարիներ առաջ եղել են այլ երիտասարդներ, որոնք իրենց վտանգելով, բնապահպանական շարժում են սկսել խորհրդային երկրում, մասնակցել առաջին ղարաբաղյան ցույցերին, հետագայում տարել արցախյան պատերազմի ողջ ծանրությունն ու զրկանքները, իսկ շատերն էլ մասնակցել մարտական գործողություններին: Պայքարի նպատակների, արդյունքների եւ տրամաբանության առումով վատ չէր լինի այս փորձին ծանոթանալը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ