RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1303, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ. «ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ԿՊԱՀՊԱՆՎԻ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐ»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ, ԼՂՀ

«Ստեփանակերտի օդանավակայանը ոչ միայն կնպաստի տնտեսական հումանիտար ծրագրի իրականացմանը, այլեւ մեր քաղաքացիների իրավունքն էՙ ունենալ օդանավակայան եւ օգտվել տրանսպորտից: Օդանավակայանը կխթանի զբոսաշրջության զարգացումը: Այցելություններն էլ տնտեսական ծրագրերի իրականացման հիմք կհանդիսանան, քանի որ այցելելով ու վստահելով Արցախինՙ զբոսաշրջիկները կցանկանան հետագայում նաեւ ներդրումներ կատարել»: Տեսակետը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանինն էՙ ի պատասխան «Ազգ»-ի հարցի, թե Ստեփանակերտի օդանավակայանը տնտեսական առումով ինչ օգուտներ կտա Ղարաբաղին: «Ազգ»-ի հաջորդ հարցին, թե ինչն է պատճառը, որ շինարարությունից հետո էլ Ստեփանակերտում եւ Շուշիում ծորակից կրկին ժանգոտած ջուր է հոսում, վարչապետն ասաց, որ ջրի համակարգի բարելավման համար տասնութ միլիարդի շինարարական աշխատանքներ են կատարվել: Մայրաքաղաքում կառուցվել է նոր քաղաքային ցանց, որը, սակայն, ամբողջությամբ չի ապահովում քաղաքի տարածքը:

«Շուշիում մի մասն օգտվում է հին խողովակաշարից, որի ֆիլտրակայանը դեռ չի վերանորոգվել, եւ կարող են առաջանալ խնդիրներ քաղաքի այդ թաղամասերում: Ստեփանակերտի վերաբերյալ կարող եմ ասել, որ իննսուն տոկոսով ավարտվել են ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Հին ցանցն անկառավարելի էր: Ջրընդունիչներ ու ֆիլտրակայաններ են կառուցվել», ասաց վարչապետը` հավելելով, որ վարարումների ժամանակ մեխանիկական ֆիլտրացման հետ կապված խնդիրներ են առաջանում, սակայն դա ջրի որակի վրա շատ քիչ ազդեցություն է թողնում

Անձամբ վարչապետը շատ գոհ է այսօրվա ջրի սպասարկման որակից: Հիշում է` տարիներ առաջ ջուրը դույլերով էին կրում, հիմա շուրջօրյա ջրամատակարարում ունեն: Կառավարությունը որոշել է, որ մինչեւ 2018 թվականը հանրապետության եւս 200 բնակավայրերում կլուծեն ջրի խնդիրը:

Թեպետ հատուկ ծրագիր սիրիահայերի բնակեցման համար չկա, սակայն Ղարաբաղում ուրախ են, որ սիրիահայերը գործունեություն են ծավալում իրենց երկրում: Վարչապետի գնահատմամբ` փորձված հողագործներ են ու նոր մշակույթ են մտցրել հողագործության մեջ: «Միջոցներ ունեցող սիրիահայերը բնակարան են ձեռք բերել ու լուրջ ներդրումներ են կատարում: Նոր մշակաբույսեր են բերում Արցախ, ձիթենի են աճեցնում», ուրախությամբ փաստում է Հարությունյանը:

Այն, ինչ Երեւանում կարելի է արդեն համարել անցած փուլ, Ստեփանակերտում կսկսվի հաջորդ տարի: Գազի եւ էլեկտրաէներգիայի գների սակագնի բարձրացումից Արցախում հացը թանկացել է 10 դրամով: Ամենայն հավանականությամբ մյուս տարի Ստեփանակերտում կթանկանա նաեւ տրանսպորտը: Ներկայիս 70 դրամի փոխարեն ստեփանակերտցին կվճարի 100 դրամ: «Տրանսպորտային ընկերությունները վաղուց պայքարում են տրանսպորտի գնի բարձրացման համար: Նրանք աշխատում են վնասով, եւ արդեն տեւական ժամանակ վնասը փակում է կառավարությունը: Վնասի պատճառով գյուղերից դեպի Ստեփանակերտ եկող երթուղային տաքսիները չեն գործում: Տրանսպորտ չկա, ընկերությունները հրաժարվում են փոխադրումներ կատարելուց, իսկ բնակիչները բողոքում են», հայտարարեց վարչապետը` կրկին շեշտելով, որ Ստեփանակերտում տրանսպորտի գնի թանկացումն անխուսափելի է:

Կառավարությունում որոշել են փոխհատուցել տրանսպորտային ընկերությունների վնասները մինչեւ հունվարի մեկը. «Հունվարի մեկից կառավարությունը կբարձրացնի քաղաքացիների թոշակն ու աշխատավարձը, միայն այդ ժամանակ տրանսպորտի սակագինը կբարձրանա»:

Անդրադառնալով Ադրբեջանի սպառազինությանըՙ վարչապետը չկարեւորեց, թե Ադրբեջանը որտեղից եւ որ երկրից է զենք գնում:

«Սակայն ցավալի է, որ Հայաստանին բարեկամ գործընկերը, որ նաեւ համանախագահող երկիր է, թույլ է տվել նման բան: Բայց ես գնահատական չեմ տալիս: Եթե Ռուսաստանից չգնի, այլ երկրից կգնի: Մենք պետք է դրան դիմակայելու համար քայլեր ձեռնարկենք: Աշխատանք կատարում ենք, եւ այսօր տարածաշրջանում խաղաղությունը կպահպանվի շնորհիվ մեր պաշտպանության բանակի: Հավաստիացնում եմ` մեր անվտանգությունն ապահովված է», ասաց վարչապետը` հավելելով, որ ԼՂ հակարամտության կարգավորման բանակցությունները երկար կշարունակվեն: «Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է, ո՞ւմ հետ բանակցենք: Կարծում եմ, ստատուս քվոն կպահպանվի տասնյակ տարիներ, քանի որ մեր դիմաց նստած պետությունն ընդունակ չէ բանակցելու: Դրա համար պետք է Արցախը զարգացնենք, ավելի մեծ տեմպերով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ