Աշտարակում կկառուցվի 5-10 շենք եւ 100 առանձնատուն սիրիահայերի համար
Սիրիայի «քաղաքացիական» պատերազմի հետեւանքով, Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար շուտով Աշտարակ քաղաքում կկառուցվի «Նոր Հալեպ» թաղամասը:
Սփյուռքի նախարարի առաջարկով մշակվել է «Սիրիահայերի համար բնակելի թաղամաս կառուցելու» ծրագիրը եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն, արդեն մեկնարկել է բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագրի իրականացումը. 2013թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց թաղամասի հետ կապված բոլոր մանրամասները. «Կան արդեն իրավական բոլոր հիմքերը` թաղամասը կառուցելու համար: Ըստ Աշտարակի ավագանու որոշման` 4,8 հա հողատարածք անվճար կտրամադրվի բնակարանաշինության համար, այժմ 300 սիրիահայ հերթագրվել է` բնակարան ստանալու համար»:
Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ 5-10 երկու մուտքով շենք կկառուցվի, ինչպես նաեւ մինչեւ 100 առանձնատուն. «Սիրիահայերը, ուսումնասիրելով տարածքները, նախընտրեցին Աշտարակը: Սակայն այս ծրագիրն Աշտարակով չի ավարտվելու, այլ շարունակական բնույթ է կրելու: Սիրիայում վիճակն օր օրի վատթարանում է, եւ մեր հայրենակիցները նույնիսկ Սիրիայից են ցանկություն հայտնում հերթագրվել` բնակարան ստանալու համար: Այժմ Բեյրութից Երեւան ավելի շատ սիրիահայ է գալիս, քան բեյրութահայ: Մենք պետք է ստեղծենք բոլոր պայմանները նրանց համար, ամենակարեւորըՙ աշխատանք եւ բնակարան»:
Ի դեպ, մեր հայրենակիցները մեծ ներդրումներ են ունենում այս ծրագիրը կյանքի կոչելու համար, մասնավորապեսՙ «Գրանդ հոլդինգը», ի դեմս Վարդանյան ընտանիքի: Նրանց կողմից նվիրաբերվել է 100.000 ԱՄՆ դոլար:
Սա առաջին դեպքը չէ, որ «Գրանդ հոլդինգը» հանդես է գալիս բարեգործությամբ: Տարբեր բնագավառներում` ինչպես կրթության, գիտության, մշակութային, այնպես էլ տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում Վարդանյանների ընտանիքը ներդնում է անհրաժեշտ բոլոր միջոցները:
Հուսանք, որ ինչպես «Գրանդ հոլդինգը», այնպես էլ մյուս կազմակերպությունները, մեծահարուսները կմիանան այս նախաձեռնությանը եւ կաջակցեն սփյուռքահայերին: Սա իսկապես հիանալի օրինակ է, որ մարդիկ մտածում են ոչ միայն իրենց, այլեւ մյուսների մասին, եւ ձեռք են մեկնում:
Ինչպես հայտնեց սփյուռքի նախարարը, Կարեն եւ Սամվել Կարապետյանները եւս պատրաստակամություն են հայտնել մասնակից դառնալու այս ծրագրին, սակայն թե որքան գումար կտրամադրեն, դեռ հստակեցված չէ: Ընդգծենք նաեւ, որ Կարապետյանների ընտանիքը եւս միշտ կանգնած է հանրության անապահով շերտի կողքին, ինչպես նաեւ ֆինանսական առումով խթանում է գիտնականներին:
Հրանուշ Հակոբյանը դիմեց նաեւ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայի, բիզնեսմենի, պետական եւ քաղաքական գործչի, պաշտոնյաների, որպեսզի յուրաքանչյուրը իր ներդրումն անի, որպեսզի լիարժեք բոլոր ծրագրերը ի կատար ածվեն: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաեւ այն 36 նկարիչներին, որոնք նվիրաբերեցին իրենց նկարները` վաճառքից ստացած գումարի հասույթը փոխանցելով սիրիահայերին:
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը հավաստիացրեց, որ քաղաքաշինության նախարարությունն ամեն ինչ կանի, որ սեյսմակայունությունը ապահովված լինի, եւ ստեղծված լինեն բոլոր հարմարավետ պայմանները «Նոր Հալեպ» թաղամասում: Ալեքսան Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց նաեւ բոլոր հարցերին լուծում տալու:
Իսկ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանն ընդգծեց, որ նման նախաձեռնությունների շնորհիվ սիրիահայերը չեն հեռանա իրենց հայրենիքից:
«Սիրիահայերի կենտրոնում» են կուտակվում բոլոր գումարները, սիրիահայերի բոլոր կարիքները այնտեղ են լուծվում, ինչպես նաեւ հումանիտար բոլոր օգնություններն այդ կենտրոնում են կատարվում:
Բնակարանների գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը:
Եթե ցանկանում եք աջակցել սիրիահայերին, ապա կարող եք կապ հաստատել «Սիրիահայերի կենտրոնի» հետ 077 83 59 39 հեռախոսահամարով: