RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



ՎԵՐԱԴԱՐՁԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ...

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 984, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԾԻՐԱՆԻ ԿԱՐՈՏՈՎ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Հայրենիքից տասներկու տարիների բացակայութանս ընթացքում արդեն վեցերորդ անգամ եմ գալիս Հայաստան: Այս անգամ հենց ծիրանի ճիշտ ժամանակՙ իմ ամենասիրած մրգի, որի համը գրեթե մոռացել էի այս տարիների ընթացքում:

«Երեւան: Աստաֆյան փողոց: Նստած է խանութպան Համոն...»:

Ուր է մեր օրերի Չարենցը որ գրի. «Երեւան: Երգող շատրվաններ: Հյուսիսային պողոտա...»: Փոխվել, շատ է փոխվել մեր վարդագույն գեղեցկուհին: Աչքս ուրախանում է ամեն մի նորով, զբոսաշրջիկների բազմությամբ, մեր սիրուն երիտասարդությամբ: Էլ Փարիզ գնալ պետք չէ, Երեւանն իրոք դառնում է եվրոպական մակարդակի ինքնատիպ մի քաղաք:

Ու դառնում եմ ծանոթ-բարեկամներիս աչքի փուշը. «Տո էստեղ ի՞նչ կա հավանելու, միայն կենտրոնն է գեղեցիկ, էն էլ ցույց տալու համար է, գնա ծայրամասերՙ տես մարդիկ ոնց են ապրում: «Ռոսիայի» ետեւում մարդիկ վերմակ, դոշակները բարձած փախչում են այստեղից: Տես ծերերի վիճակը: Տես բակերում խմբված անգործ տղամարդկանց»: Գիտեմ, ասում եմ, շատ ավելի վատ ժամանակներում եմ ապրել:

Երեկոյան հինգից հետո քաղաքում ահավոր խցանումներ են, ինչը վկայում է, որ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում, ուրեմնՙ քիչ թե շատ աշխատանք կա: Ասեմ որ նկատելիորեն ավելացել են քաղաքում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները եւ վարորդնրը շատ հանդուրժող են դարձել հետիոտնի նկատմամբ: Այսինքն լավ փոփոխություններ շատ կան քաղաքի կյանքում, ինչը ուրախացնող է:

Ու քանի որ Երեւանում ապրող արական բնակչության զգալի մասը տաքսու վարորդներ են դարձել, ուղեւորության ընթացքում յուրաքանչյուրն իր մտքերն է կիսում ազգից ու իր ապրած կյանքից: Նկատել եմ, որ շատեն են գովում Վրաստանն ու այնտեղի ապրելակերպը: Հի՞շում եք, - ասում եմ, - այն ժամանակները, երբ մեզ մոտ խանութներում թերակշռում էին, մանրը չէին վերադարձնում: Ինչքան նյարդեր էինք փչացնում մեր ճշտությունն ապացուցելու համար: Թվում էր, թե անլուծելի պրոբլեմ էր: Ամեն ինչ հիմա այլ է, որովհետեւ համակարգ մտցվեց, ինչը բացառում է նման երեւույթը: Հուսանք մեզ մոտ էլ մի օր ձեր հավանած Վրաստանի նման կլինի, - ասում եմ երիտասարդ վարորդին:

Եթե թվարկեմ հայ հասարակության մեջ այսօր առկա ակնբախ պրոբլեմները, ապաՙ ըստ իս առաջին տեղում է ծերության անպաշտպանության խնդիրը, հետոՙօրեքների չգործելը կամ մասնակի գործելը, որոշ օրենքների իսպառ բացակայությունը, կաշառակերությունը, գործազրկությունը, արտագաղթը եւ ծնելիության նվազ ցուցանիշը:

Գրեթե ամեն փողոցում հանդիպում էի ձեռքը մեկնած ծեր մուրացկանի: Սրանք մարդիկ են, որոնք ժամանակին դառը դատել են ու հիմա մնացել ընդամենը երեսունվեց հազար դրամ կենսաթոշակի հույսին: Այսինքնՙ մոտ 90 դոլարի հասնող կենսաթոշակ: Նյու Յորքի Վել Ֆերի համակարգում, ուր ես եմ աշխատում, սոցիալական օգնության դիմած մեկ անձը, իհարկե որակավորվելու դեպքում, ստանում է ամսական 200 դոլարի միայն սննդի օգնություն: Իսկ եթե դիմողի տարիքը վաթսունից անց է, ապա այդ անձի նկատմամբ գործում է կարիքավորման որոշման 200 տոկոսի սանդղակը: Այսինքն տվյալ թոշակառուն ստանալով հազար դոլարից ավելի կենսաթոշակՙ կարող է դիմել Վել Ֆերի օգնությանը եւ ստանալ սննդի օգնություն: Էլ չեմ ասում պետության կողմից տրամադրվող խնամակալների եւ ծերերի համար նախատեսված այլ կարգի ծառայությունների մասին: Եվ սա արվում է ոչ միայն իր քաղաքացիների, այլեւՙ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվումՙ նախկին Խորհրդային Միությունից ԱՄՆ ներգաղթած միլիոնավոր տարեցների համար, որոնք այդ երկրում երբեք չեն աշխատել ու հարկ չեն վճարել:

Ահա այսպես է հարգվում ծեր մարդու արժանապատվությունը զարգացած երկրներում: Ոչ մեկս չենք խուսափելու ծերությունից, չինովնիկներըՙ նույնպես: Ծերերի պաշտպանվածությունը որեւէ պետության կայացման կարեւոր բաղկացուցիչ է:

Իսկ չգործող օրենքների մասին վերջերս տեղի ունեցած խոսուն ապացույցներից մեկն այն է, որ նախկին քաղաքապետը հեռացվեց պաշտոնից իր դրսեւորած անհարիր վարքագծի համար ու հետո նշանակվեց տրանսպորտի նախարար... Ուրեմն դեռ երկար պիտի փայփայենք հայրենիք մշտապես վերադառնալու հեռանկարը:

Իսկ ի՞նչ անենք, որ մեղմենք ծիրանի կարոտը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ