RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #119, 13-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-12 23:55:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1269, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՋԵՅՄՍ ԹՈՒՖԵՆԿՅԱՆ. «ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԶԳԱ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի կենտրոնում բացվեց «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցը

Երեւանի կենտրոնում երեկ բացված «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցը Հայաստանում Ջեյմս Թուֆենկյանի ազգային ճարտարապետական ոճով կառուցած հերթական` 4-րդ հյուրանոցային համալիրն էր: 2001-ից «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը նման հյուրանոցներ է կառուցել Սեւանա լճի ափին գտնվող Ծափաթաղ գյուղում, Լոռու մարզում եւ Դիլիջանում: Երեւանում բացված հյուրանոցի նախագծմանը մասնակցել են հայ եւ ամերիկյան հայտնի ճարտարապետներ եւ դիզայներներ, հյուրանոցը կառուցվել է 20-րդ դարասկզբի Երեւանի ճարտարապետական ոճով` հիմնականում սեւ տուֆից: Հյուրանոցն ունի 85 համարներ, կոնֆերանսների դահլիճ, կարող է ընդունել 200 զբոսաշրջիկների, մինչեւ 2014-ը կունենա լողավազան, մարզասրահ, գորգերի վաճառքի սրահ:

Խոսելով Հայաստանում իր գործունեության մասինՙ Ջեյմս Թուֆենկյանը լրագրողներին ասաց, որ ինքը Հայաստան է եկել անկախությունից հետո` նպատակ ունենալով օգնել երկրի տնտեսության զարգացմանը: Ինչ վերաբերում է հյուրանոցների ազգային ճարտարապետական ոճին, ապա նա այն կարծիքը հայտնեց, որ զբոսաշրջիկների համար հետաքրքիր չի լինի, եթե իրենք գան Հայաստան եւ իրենց զգան, ինչպես, ասենք, Լոս Անջելեսում: «Մարդը պետք է գա Հայաստան եւ զգա, որ Հայաստանում է, զգա յուրահատկությունը», նշեց նա: Ըստ Ջեյմս Թուֆենկյանիՙ «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցում առաջարկվում են 4-5-աստղանի հյուրանոցի ծառայություններ 3-աստղանի հյուրանոցի գներով: Հյուրանոցի հիմնադիրը նշեց, որ իրենց բրենդը հայտնի է նաեւ Վրաստանում, եւ հնարավոր է, որ այնտեղ եւս հյուրանոց ունենան, քանի որ շատ հաճախ զբոսաշրջիկները տարածաշրջան են այցելում: Ջեյմս Թուֆենկյանի համոզմամբ, եթե իրենք հյուրանոց բացեն Վրաստանում, ապա դա կնպաստի նաեւ դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացմանը:

Հյուրանոցի բացմանը մասնակցած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունեց նման հյուրանոցի բացումը Երեւանում: Նա տեղեկացրեց, որ Երեւանում 50 հյուրանոցներ կան եւ 50 մոթելներ, բայց զբոսաշրջային հոսքը պահանջում է, որ դրանց թիվն ավելանա: Քաղաքապետի տեղեկացմամբ, սկսած 2010-ից` տարեկան 100 հազարով ավելանում է Երեւան այցելող զբոսաշրջիկների թիվը: Նա նաեւ կարեւորեց «Թուֆենկյան ավանդական Երեւան»-ի կառուցումը որպես ներդրումային ծրագիր:

Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի գնահատմամբ, ավանդական ոճով հյուրանոցները շատ գրավիչ են ոչ միայն Հայաստանում, այլեւ ցանկացած միջավայրում: Դրանք կառուցում են տեղական շինանյութերով, տեղական ճարտարապետական ոճով, մատուցվում են տեղական խոհանոցի ուտեստներ, ինչի շնորհիվ, ըստ փոխնախարարի, մարդիկ հաղորդակից են լինում տվյալ երկրի միջավայրին: «Թուֆենկյան» հյուրանոցների դեպքում ազգային ավանդական ոճը զուգակցվում է միջազգային բարձր չափանիշների հետ: Արա Պետրոսյանն այն կարծիքին է, որ «Թուֆենկյանը» շուտով կդառնա հանրաճանաչ միջազգային բրենդ: Նրա տեղեկացմամբ, այս տարի Հայաստանում կառուցվելու է եւս 4-5 հյուրանոց, այդքան էլ` եկող տարի:

Հյուրանոցի բացմանը մասնակցեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց հյուրանոցում, ծանոթացավ հյուրանոցային համարների պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին:

«Զարգացող երկրներում բիզնես անելը հեշտ չէ»

Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանում բիզնես գործունեությունը, Ջեյմս Թուֆենկյանը պատասխանեց, որ ինքը բիզնես ունի Չինաստանում, Նեպալում, եւ զարգացող երկրներում բիզնես անելը հեշտ չէ: Ըստ գործարարի, Հայաստանում շահութաբերություն կա, բայց դա այնքան էլ բարձր չէ:

Մեկ այլ հարցի առնչությամբ Ջեյմս Թուֆենկյանը հայտնեց, որ Հայաստանում գորգերի արտադրության իր գործունեությունը չի դադարեցրել: Սակայն այն զգալիորեն անկում է ապրել, երբ դոլարի փոխարժեքը 580 դրամից իջավ մինչեւ 300 դրամի: Հիմա, երբ 400 դրամից ավելի է, այդ արտադրությունը նորից կվերականգնվի, բայց պետք է ավելացնել նաեւ աշխատավարձերը: Նա նշեց, որ պլանավորում են ավելացնել գորգերի արտադրության ծավալները, ինչին կնպաստի նաեւ հյուրանոցում գորգերի վաճառքի սրահի բացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #119, 13-07-2013

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ