RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #119, 13-07-2013



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2013-07-12 23:55:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1094, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Միշտ զարմացել եմՙ մեր ապահովագրական ընկերությունները չե՞ն ուզում գումար խնայել-շահել, թե՞ այնքան են վաստակում, որ հղփացել են արդեն: Անկեղծորեն, այլ բացատրություն չեմ գտնում: Ապահովագրական զարգացած համակարգ ունեցող երկրներում այդ ընկերությունները բնական եւ տիրական հակակշիռ են թե՛ պետական գերատեսչություններին, թե՛ քաղաքապետություններին, թե՛ ոստիկանությանը եւ թե՛, բնականաբար, այլ ընկերություններին, եւ դրանով իսկ անհրաժեշտ հավասարակշռություն են ստեղծում երկրների ներսում եւ հասարակության մեջ:

Բացատրեմ միտքս: Հաճախ ենք լսում-կարդում, որ այսինչ երկրում քաղաքացիներից մեկը կամ նրա ժառանգորդները դատի են տվել, օրինակ, ծխախոտ արտադրող այս կամ այն խոշոր ընկերությանը, եւ դատարանի վճռով վերջինս որպես վնասուց հատուցում այսքան գումար է վճարել իր արտադրած ծխախոտիՙ տվյալ անձի առողջությանը պատճառած վնասի դիմաց: Երբեմն այդ հատուցումը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների: Եվ ի՞նչ եք կարծում, տուժող անձը կամ նրա հարազատները կարո՞ղ էին այդ աստղաբաշխական ծախսերը հոգալ, լավագույն, այսինքնՙ ամենահայտնի փաստաբաններ վարձել, քաշքշուկներին դիմանալ: Բնականաբարՙ ոչ: Նրա կամ նրանց փոխարեն ապահովագրական ընկերությունն է ստանձնում այդ ծախսերը, ոչ այնքան տուժող կողմին օգնելու, որքան ծխախոտի տվյալ ընկերությանը «անկյուն կանգնեցնելու», նաեւ իր շահերից բխող օրենսդրական նոր որոշումներ ձեռք բերելու եւ, առաջին հերթին, իր կրած վնասները փոխհատուցելու համար:

Բայց կա ավելին: Ապահովագրական ընկերությունները բնականաբար կարիք ունեն առավել մեծ գումարների, որպեսզի պայքարեն ծխամոլության դեմՙ ոչ թե եւ ոչ միայն հանուն մարդկանց առողջության, այլեւ սեփական գրպանի: Իրենց պետք են, թերեւս ցինիկ հնչի, առո՛ղջ բաժանորդներ:

Այո, ամեն ինչ հիմնված է շահի վրա, սակայն այս պարագայում այդ շահը շահեկան է բոլորի համարՙ ե՛ւ ընկերության, ե՛ւ հասարակության, ե՛ւ պետության:

Իսկ ի՞նչ պատկեր է մեզ մոտ: Մեղմ ասածՙ տարօրինակ: Բայց ավելի լավ է խոսել սեփական փորձառությունից:

Աշխատանքի գնալիս ես ստիպված եմ անցնել Սարալանջի-Մյասնիկյան-Հերացի փողոցների հատման կետից: Ինժեներա-ճանապարհաշինական մի գլուխգործոց հանգույց, որը պատիժ է դարձել վարորդներիս համար: Գրեթե ամեն օր եթե այդ հատվածում չենք հանդիպում երթեւեկը խափանող ավտովթարի, ապա առնվազն տեսնում ենք մեր հասնելուց առաջ պատահած ավտոմեքենաների «համբուրվելու» հետքերըՙ գետնին թափված ապակու կտորների տեսքով: Եվ դա մեր քաղաքում միակ կետը չէ: Երեւանում բազմաթիվ են վարորդների մղձավանջ դարձած հանգույցներըՙ սխալ գծանշումներով, ճանապարհային ոչ հստակ նշաններով ու լուսանշաններով:

Նմանապես լուրջ խնդիր է մգացրած ապակիներով ավտոմեքենաների պարագան: Նույնիսկ տաքսիները հաճախ մգացրած ապակիներով են - ուղեւորը չի՜ տեսնում ի՛նչ եւ ո՛ւմ ավտոմեքենան է նստում... Սովետահայկական մենթալիտետի այդ վառ արտահայտությունը, որը տարիներ առաջ մի քանի պատգամավորներ սուսիկ-փուսիկ «օրինականացրին» Ազգային ժողովում, վթարի իսկական հարուցիչ է, երբ առջեւից ընթացող անթափանց մեքենան փակում է հետեւից եկող մեքենայի վարորդի տեսադաշտը, մինչդեռ վիճակագրությունը հստակ մատնանշում է ավտովթարների գլխավոր պատճառներից մեկըՙ տեսադաշտի խափանում:

Այո, ո՞վ է պայքարելու այս բոլորի դեմ, ո՞վ է կռիվ տալու ոստիկանության համապատասխան ծառայության, քաղաքապետությունների դեմ, ո՞վ է դաստիարակելու եւ վերադաստիարակելու մարդկանց, այս պարագայումՙ վարորդներին: Մի՞թե ապահովագրական ընկերությունները չեն ցանկանում հավելյալ փող աշխատել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #119, 13-07-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ