RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1037, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՑՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հունիսի 26-ից Գյումրու փողոցներում գեղեցիկ ու ժամանակակից նոր ավտոբուսների հայտնվելը քաղաքի համար վառ իրադարձային նորություն էր, որը բնակավայրի ընդհանուր գորշ ու տխուր պատկերին մի անսովոր լուսավոր երանգ է հաղորդել: Խավարում երկար ժամանակ խարխափողի դեմ հայտնված հույսի բարակ շողի պես...

Հիշեցնենք, վերջին տարիներին ներքաղաքային հասարակական տրանսպորտից համարյա ամբողջովին զրկված եւ երթուղային տաքսի «Գազել»-ների անայլընտրանք տիրապետությանը հանձնված այս քաղաք են ներկրվել առայժմ 10 նոր, չինական արտադրության հարմարավետ ավտոբուսներ, որոնք աշխատելու են ներքաղաքային երկու երթուղիներում: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հավաստիացրել է, որ սա սկիզբն է միայն: Նշված օրը 1-ին երթուղու ավտոբուսները սկսել էին գործել: Համայնքի ղեկավարի կարգադրությամբ դրանք մինչեւ ամսվա վերջ ուղեւորներին կսպասարկեն անվճար:

Գյումրեցիների դեմքին վերջին տարիներին հազվադեպ հանդիպող ժպիտ էր հայտնվել: Սա այն դեպքերից էր, երբ մարդկանց արձագանքը, կարծիքն իմանալու համար նրանց հարցեր տալու կարիք չէր զգացվում. հաճելի անակնկալից շոյված ուղեւորներն իրենք բացվում էին, խոսում, արտահայտում իրենց մտքերը, կիսում միմյանց հետ: Ավտոբուսում կողքիս կանգնած հաճելի երիտասարդ աղջիկը, թե՞ կինն ասաց` երեկ հեռուստատեսությամբ տեսա` չհավատացի աչքերիս, ասի էս հեքիաթ է, ինչ է: Բոլորին ուրախացնող իրադարձությունը մարդկանց միավորել էր, պայծառ, բարի դարձրել: Իրար ու իջնելիս նաեւ վարորդին շնորհավորում էին, անփորձանք երթեւեկություն մաղթում: Վարորդն էլ` կիրթ, բարյացակամ, ուղեւորների նկատմամբ հարգալից վերաբերմունք ուներ: Մարդիկ նորից սովորում էին բուն կանգառներում իջնել ու մեքենա բարձրանալ, երիտասարդները կանգնում, մեծերին տեղ էին զիջում: Եվ նման այլ, մի մասը` կարծես մոռացված «մանրուքներ»...

«Ոտքներս խերով լինի»,- հերթական կանգառում ավտոբուս բարձրանալով, գորովալից ասաց տարեց կինը: Մի տղամարդ ուղեւոր էլ, ելնելով ու տեսնելով փոխադրամիջոցի ընդարձակ սրահը, ասես լիաթոք շունչ քաշեց. «Էս ինչ լավ բան են արել, հազիվ մարդիկ մի քիչ ուրախացան»: «Գազելից լավ չէ՞»,- ասաց մեկ ուրիշը, որին մեկը պատասխանեց` հարյուր անգամ, մյուսն էլ թե` հազա~ր անգամ: Գազելների հատկապես նեղվածք վիճակն էին մարդիկ նշում, նաեւ դրանց շատ վարորդների անհամապատասխանությունը տվյալ գործին` եւ մասնագիտական, եւ բարեկրթության առումով: Մի ուղեւոր այդ մասին պատկերավոր կատակեց, թե այսինչ երթուղու վարորդները բոլորը «մանկապարտեզ ավարտածներ են»:

Առաջին օրվա ուրախության պահ էր: Մեկ օր, մի քանի օր, հետո երեւույթը կդառնա սովորական, առօրեական, մարդիկ նորից կհանձնվեն օրվա հոգսին: Բայց քաղաքի կյանքի գորշությանը, դժվար, տխուր կյանքին արդեն մի գույն, մի հույս ավելացավ: Եթե նաեւ սկսված գործն անհրաժեշտ շարունակություն ունենա: Քաղաքապետը հայտնել է, որ առաջիկայում կներկրվի նոր ավտոբուսների եւս մի խմբաքանակ, կտեսնեն դրանք ինչպես են աշխատում այս քաղաքում, մարդիկ ինչպես են գնահատում: Եթե պահանջվի, կխրախուսվի նաեւ այլ տեսակի ուղեւորատար մեքենաների ներկրումն ու օգտագործումը քաղաքում:

Ըստ գնահատումների, քաղաքի երթուղիների լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ է ունենալ մոտ ութ տասնյակ ավտոբուս, համայնքային իշխանությունը խոստանում է մի քանի տարվա ընթացքում հասնել դրան: Նաեւ նոր կանգառներ են սարքավորվելու (նման մեկը մեզ արդեն հանդիպեց), փողոցների նորոգմանն ավելի ուշադրություն է դարձվելու: Կարծում ենք` Գյումրու քայքայված փողոցային ցանցի հիմնավոր նորոգման հարցում, որի ուղղությամբ, ի դեպ, այս տարի քաղաքի կենտրոնում բավական աշխատանք կատարվեց, խիստ անհրաժեշտ է պետության, կառավարության էական ֆինանսական աջակցությունը: Այլապես նոր ավտոբուսներն այստեղ արագ կջարդվեն ու չեն կարողանա գործել: Իսկ իրենց մենաշնորհը կորցնող գազելների «գծատերերը» պետք է ըմբռնեն ու հասկանան, որ սրանով քաղաքին վերադարձվում է նրանից խլվածը եւ իրենք, կորցնելով գուցե գերշահույթները, սովորեն բավարարվել շահույթով: Թող գազելներն էլ իրենց չափով, իրենց տեղում գործեն որպես այլընտրանք, բայց այլեւս չփոխարինեն հասարակական տրանսպորտին, հանիրավի չզբաղեցնեն, չգրավեն նրա տեղը:

Իսկ որպեսզի քաղաքն ապրի, նաեւ այլ քայլեր են պետք: Իմ նստած ավտոբուսի վարորդի հետ զրուցող ուղեւորն ասում էր` անհնարին բան չկա, կարելի է, թեկուզ, այսպիսի ավտոբուսներ մեզ մոտ էլ արտադրել, դրա համար մի քիչ ներդրում է պետք ու կազմակերպչական ջիղ: Ահագին մարդիկ կաշխատեն, աշխատանք կունենան: Իմ զրուցակցուհին էլ էր ասում` մի քիչ աշխատատեղեր բացվեն, մարդիկ իրենց երկրում աշխատեն, չգնան...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ