RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1754, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 58

«ՓԱԿ ՇՈՒԿԱ». ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Մենք չենք խոսում սովորական մի շենքի մասին, մենք խոսում ենք պետական հուշարձանի, մայրաքաղաքի լավագույն գոհարներից մեկի ճակատագրի մասին: Հետեւաբար այս քննարկմանը պետք է ներկա գտնվեր քաղաքի գլխավոր ճարտարապետը, գոնե մշակույթի փոխնախարարն ու Երեւանի փոխքաղաքապետներից մեկը: Ի վերջո, սա մի հարց է, որ վերաբերում է Երեւանին»: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի բարկությունը տեղին էր եւ արդարացված: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում «Փակ շուկայի» ճակատագրին նվիրված քննարկմանը թեպետ հրավիրվել, սակայն չէին ժամանել ո՛չ մշակույթի նախարարության, ո՛չ դատախազության, ո՛չ էլ շուկայի սեփականատիրոջ ներկայացուցիչները: Քաղաքաշինության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներն էլ միջին օղակներում աշխատող մարդիկ էին, որոնք ո՛չ հարց կարող էին լուծել, ո՛չ էլ իրենց գերատեսչություններում հարց բարձրացնել: «Այստեղ կարող է եւ չլինել մշակույթի նախարարության ներկայացուցիչը, քանի որ «Փակ շուկան» կարելի է արդեն հանել պատմական հուշարձանների ցուցակից իրենց անփութության, մեղավորության պատճառով: Այսքան գերատեսչություն ունենք, ոչ ոք չկարողացավ կանգնեցնել այդքան գեղեցիկ հուշարձանի վերացումը:

Մեզ ասում ենՙ ռեստավրացիա ենք անում, բայց սա ռեստավրացիա չէ, սա հուշարձանի ոչնչացումն է», ասում Մինասյանըՙ հավելելով, որ իրենք երեք անգամ նամակ են գրել հանրապետության նախագահին, ներկայացրել վիճակը, մտահոգությունները, սակայն նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ շուկան հանրությանն է վերադարձվելու նույն տեսքով: Մինասյանը լուսանկարներ է ցուցադրում, որտեղ շուկայի ներսում արդեն հարկաբաժիններ են կառուցում: Մինասյանին աբսուրդի հասնող պատասխան են տվել, թե հետո այդ հարկաբաժինները քանդվելու են: Ճարտարապետը զարմացել է. «Էլ ինչո՞ւ եք կառուցում, որ պետք է քանդվի» հարցին պատասխան չի հնչել: Ճարտարապետներին զարմացրել է նաեւ դատախազության պատասխանը: «Կատարվածի առնչությամբ հանցանքի տարրեր չենք տեսնում»:

Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանի մեկնաբանությամբՙ իրենց գերատեսչությունը իրավասությունների շրջանակում ամեն ինչ արել է: «Մենք իրավունք չունենք շինարարության թույլտվություն տալ, այն տալիս է Երեւանի քաղաքապետը: Քաղաքապետարանը շինարարություն իրականացնելու համար թույլտվություն տվել է զրո նիշից ներքեւՙ ստորգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու համար, մինչդեռ սեփականատերը սկսել է նաեւ վերգետնյա հատվածում էլ շինարարություն անցկացնել, ինչի թույլտվություն նա չունի: Նախարարությունը երկու անգամ դիմել է Երեւանի քաղաքապետարանինՙ պահանջելով դադարեցնել շինարարությունն ու պատմական հուշարձանը բերել նախկին տեսքի: Շինարարական աշխատանքների հետեւանքով մի քանի կամարներ են փլվել, սակայն քաղաքապետարանն ընդամենը սիմվոլիկ գումարով երկու անգամ տուգանել է սեփականատիրոջը: «Մենք այլ գործառույթ չունեինք, որ կատարեինք», ասում է նախարարության ներկայացուցիչը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Մելիք Քարամյանն էլ ասաց, որ հունիսի 7-ից շինարարությունը դադարեցված է: Պարզվում էՙ շուրջ մեկ ամսվա ընթացքում քաղաքապետարանն ընդամենը ապամոնտաժել է վերգետնյա շինության մի հատվածըՙ ընդամենը մի քանի ձող: Քաղաքապետարանի աշխատակիցը խոստովանեց, որ ինքը չի մտել շուկայի տարածք ու չգիտի, թե այնտեղ ինչ է կատարվում: Վստահաբարՙ շուկայի ներսի իրավիճակի մասին տեղյակ չեն նաեւ իր վերադասները: Շուկա մտնելու իրավունք Երեւանում գրեթե ոչ ոք չունի, փակ է, հարեւանությամբ աշխատող բանվորներն էլ թույլ չեն տալիս, որ մտնես ներս ու տեսնես, թե ինչ է կատարվում:

Իրականում այս ու նմանատիպ քննարկումները ուշացած են, արդեն 1,5 տարի շուկան քանդվում է, սակայն պետական գերատեսչություններից որեւէ մեկը ձայն չի հանում, կատարվում է ծածկադմբոց, ու մի գերատեսչություն մեղքը գցում է մեկ այլ գերատեսչության վրա: Շահում է սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, տուժում Երեւանն ու երեւանցին:

Հ. Գ. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից հետո մոտեցա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: «Այսօր մայրաքաղաքի համար կարեւորագույն հարցերից մեկը «Փակ շուկայի» պահպանությունն էր: Ո՞նց է լուծվելու խնդիրը» հարցին տիկին Պողոսյանն ասաց. «Գիտեք, ես հուսովՙ հարցը կլուծվի այնպես, ոնց որ ես կասեմ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ