RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1787, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՆԱԿԸ ԲԱՔՎՈՒՄ ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄ` ԹՈՒՅԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Սահմաններում հակառակորդի նկատմամբ հավասարակշռությունն այսօր հայկական կողմը պահում է որակական չափանիշներով, հակառակորդի հետ անմիջական շփման պարագայում մեր զինվորը պարտադրողի դերում է: Որքան էլ հակառակորդն ասում է` սպառազինվում է, միգուցե գաղտնի բան եմ ասում, սակայն առաջին գծում ես դա չեմ տեսնում: Չի կարող բանակը Բաքվում ուժեղ լինել եւ սահմանում` թույլ: Հակահարված տալու, կանխարգելիչ միջոցառումներ անելու խնդիր լինի` մեր զինվորը ամեն ինչ առաջին գծում շատ պատվով է իրականացնում: Որ մի դեպք է կատարվում, ասում ենՙ պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա: Իմ նման ճանապարհ անցած մարդիկ հայրենիքը պաշտպանելու գործից կյանքում հրաժարական չեն տա: Վերադասն է որոշում` լա՞վ է աշխատում, թե՞ վատ, կնշանակեն կամ կտեղափոխեն, սա նկատի ունեմ: Ինչ վերաբերում է ՊՆ կառավարման համակարգին, ի տարբերություն շատ-շատ համակարգերի, պաշտպանական կառավարումը իր բնույթից ելնելով` կայացած կառավարման համակարգերից մեկն է: Օգնենք, որ կայանա մեր կառավարման համակարգը», այս խոսքերը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն են, որ նա ուղղել է Ազգային ժողովի պաշտպանության, Ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի կազմակերպած «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» խորհրդարանական լսումների մասնակիցներին երեկ: Այս լսումներին մասնակցում էին քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները, եւ անգամ իրավապաշտպան Ա. Սաքունցը ձեռքբերում համարեց, որ այս էլ քանիերորդ անգամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ԱԺ տվյալ հանձնաժողովը հնարավորություն է տալիս ոլորտի խնդիրները քննարկելիս անձամբ հարցեր բարձրացնելու (հանձնաժողովի նախագահ` Կորյուն Նահապետյան) եւ տեսակետներ ներկայացնելու: Նրա հետ մեկտեղ այդ լսումներին հարցեր բարձրացրին ՀԿ սեկտորից Ծովինար Նազարյանը , Ժաննա Ալեքսանյանը , Սոնա Այվազյանը («Թրանսփարենսի ինթերնեշնլ»):

Իսկ Ս. Օհանյանը վերը նշված խոսքերն ասաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք հարցերին պատասխանելուց հետո, այդ թվում` գոմեշի մսի սկանդալի եւ հանրային հնչեղության այլ հարցերի:

Լսումներին ներկա էր եւ մի դասախոսական որակի ելույթ արտասանեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, ով, ի դեպ, սեմինարից հետո բավական ժողովրդավարական մոտեցումներով ճաշեց Ազգային ժողովի բուֆետում եւ սովորական կանաչ լոբի ու կարտոֆիլ կերավ լրագրողներիս ընկերակցությամբ: Ֆլուրին իր խոսքում մի քիչ գովեց Հայաստանի հետ ոլորտային համագործակցությունը` նշելով, թե Հայաստանն ակտիվ մասնակից է եւ ոչ բնավ ասիմետրիկ գործընկեր: Ու մեկուսացված էլ չէ, թեեւ ՀԱՊԿ-ի անդամ է` դա չի սահմանափակում եվրոպական ուղղությամբ ոլորտային համագործակցության մեջ ակտիվությունը:

Իսկ լսումները բացելուց հետո պաշտպանության նախարարը նշել էր ԱԺ հանձնաժողովի այն դրական մոտեցումը, որով այս կարգի լսումներով ապահովվում է պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լայն հանրության ընկալումն ու իրազեկվածությունը` պաշտպանության ոլորտի առանձնահատկությունների եւ կառավարման թափանցիկության թույլատրելիության ողջամիտ սահմանն ի վերջո նշելու առումով, քանի որ թափանցիկությունը պետք է լինի այն աստիճան, որքան չի սպառնա երկրի անվտանգությանը: Քանզի հասարակությունը երբեմն այնպիսի թափանցիկություն կարող է պահանջել, որը նույն հասարակության անվտանգությունից կարող է չբխել. «Չնայած գնումային գործընթացը շարունակվում է համարվել ամենառիսկայիններից մեկը, բայց դրա կենտրոնացվածության արդյունքում ստորաբաժանումները սկսում են զեկուցել իրենց գործունեության այլ ասպեկտներ եւս: Կան տեխնիկական առաջարկներ զորակոչիկների բաշխման գործընթացում բացառել մարդկային գործոնը, այլ դա իրականացնել տեխնիկական գործընթացի ներդրմամբ, կամ վիճակահանության: Մեր խնդիրն է ապահովել այս գործընթացի էվոլուցիան»:

Իսկ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները հատկապես գնումների եւ այլ ոլորտներում ՊՆ-ում կոռուպցիոն ռիսկերի բացառումը կապում էին միայն ու միայն թափանցիկության հետ եւ առաջարկում այդ ուղղությամբ հստակեցնել մեխանիզմները, մանավանդ` պետական եւ ծառայողական գաղտնիքների հետ կապված թույլատրելիության հստակ սահման գծել, որպեսզի կոռուպցիան երբեմն չթաքնվի պետական գաղտնիքի շղարշի ներքո:

Ս. Օհանյանը ներկայացնում էր վերջին տարիների քայլերը, որոնք, իր կարծիքով, նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը: Գնումների գործընթացը ստեղծման օրից տարեցտարի բարելավվում է` պատվերներիը կազմելուց սկսած, մրցույթների անցկացումով եւ մատակարարման խնդիրներով վերջացրած, չնայած դեռ այսօր էլ ոլորտում խնդիրներ կան: Հարց հնչեց մեկ անձից գնումների շատ մեծ ծավալների մասին: Ըստ Օհանյանի` նախկինում մինչեւ 100 կազմակերպության հետ էին գնումները, էլեկտրոնային գնումներ սկսելուց հետո` արդեն մինչեւ 400 կազմակերպություններ են մասնակցում գնումներին:Պայմանագրերն ընդհատվում են մատակարարման ժամկետները կոպիտ խախտողների հետ, չնայած մատակարարման անընդհատությունն ապահովելու խնդրի հետ կապված թեթեւ խախտումներ անողների հանդեպ ավելի մեղմ են: Այնպես որ` մեկ անձից գնումների դեպքերը կամաց-կամաց նվազում են` ամենալավ կամ անհապաղ առաջարկները բացառյալ: Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները ռազմական գաղտնիք են պարունակում, այնպես որ դրսից մեկ անձից կամ կազմակերպությունից գնումները երկրի ղեկավարությունից համապատասխան հավանության են արժանանում եւ համապատասխան պայմանագրերի առկայությամբ են (ասենք, որ շատերս կարող ենք թվել այն օլիգարխներին, որոնց համար պաշտպանության նախարարության մեծաքանակ մշտական գնումը ապահովում մծտական գերշահույթ):

Գոմեշի մսի մատակարարման հայտնի սկանդալի հետ կապված Օհանյանը տվեց իր բազմակի պարզաբանումներից մեկը, թե փաստն արձանագրվել է զինված ուժերի ղեկավարության կողմից, հետո դատախազության հետ են աշխատել ու բազմաթիվ մարդիկ վարչական պատիժ են կրել` անկախ նրանից, որ հարցը զինվորական դատախազության ներքո է:

«Մենք այնպիսի փուլում ենք, որ նաեւ գաղափարական ու ինքնագիտակցության փոփոխություններ են տեղի ունենում. եթե նախկինում զորամասերում կամ որեւիցե մի տեղ կատարվում էր հանցագործություն, կային մարդիկ` ուրախանում էին, հնարավոր էր «աշխատել»: Էն մարդը, ով կուզեր գումար աշխատեր զինվորի վրա, նրա գիտակցությունը փորձում ենք փոխել եւ ասել` «Գիտե՞ս, էսօր մեզ ոչ թե շատ արտակարգ պատահարներն են ձեռնտու, այլ քիչը»: Նրա՛ն պետք է փորձենք դաստիարակել», հավաստիացրեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

Հաջորդ զորակոչի ժամանակ ծառայության վայրեր զինակոչիկներն ուղարկվելու են վիճակահանությամբ` այդպիսով բացառելով զորակոչի հարմար վայրեր ուղարկելու խնամի-ծանոթ-բարեկամական իրարանցումը: Մաքրվել են նաեւ զորակոչային բժշկական հանձնաժողովները, հիմա այդ հանձնաժողովներում ընդգրկվել են ռազմական բժիշկներ եւ ռազմական ոստիկանությունից օպերատիվ աշխատանքներ կատարող մարդիկ. «Հատ-հատ ամեն մի գործը վերահսկում ենք», հավատացրեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը` քաղաքացիականների հարցերին պատասխանելով ու հավելելով, որ երբ զինակոչիկի հիվանդության հետ կապված վիճելի խնդիր է լինում` այժմ նրան զորակոչում են հոսպիտալ, որ այնտեղ քննեն մինչեւ վերջ: Օրինակ` նախորդ տարի վիճահարույց 23 հոգուց 12-ին տարել են բանակ, որովհետեւ հիմքում կոռուպցիան է եղել, եւ սխալ փաստաթղթեր են առկա եղել: Օհանյանը վերահսկողությունը բազմապատկել առաջարկեց քաղաքացիական կառույցներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ