RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1399, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վարչապետը պարտավորվեց ամբողջական տեղեկատվությունը տրամադրել ԶԼՄ-ներին

Կառավարության երեկվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ երեք հարցերի եւ պարզաբանումներ տվեց դրանց առնչությամբ: Առաջինն առնչվում էր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին: Վարչապետը նշեց, որ շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են, քանի որ «միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետեւյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի»: Նման մոտեցումը նա անթույլատրելի համարեց, հարց տալով, թե «կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում»: Այս հարցի վերաբերյալ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքն այսուհետեւ բոլոր նախարարներին կուղարկի իրենց ոլորտներին վերաբերող հարցերը:

Երկրորդ հարցը այն էր, որ որեւէ քննադատություն կառավարության հասցեին անպատասխան չպետք է մնա, եւ «մենք պարտավոր ենք ամբողջական տեղեկություն տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին»: Այս առումով վարչապետն առաձնացրեց երեք նման խնդիրներ:

Առաջինը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված խնդիրն է` 14 միլիոն դոլար, որը ծախսվել է դասախոսությունների վրա: «Մենք մանրակրկիտ տեղեկություն տրամադրել ենք զանգվածային լրատվության միջոցներին, բայց այդ թեման նորից շարունակում են շոշափել ինչ-որ ենթատեքստերով, թե այդ միջոցները փոշիացվել են եւ այլն», ասաց նա, ավելացնելով, որ այդ ամբողջական տեղեկատվությունը դարձյալ կտրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի վերացվեն այն քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը, որոնցով շատ հաճախ անարդարացի օգտվում են ոչ բարեխիղճ լրագրողները: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել 2007 թվականին, մրցույթն անցկացրել է, հաղթող ճանաչել է, պայմանագիր կնքել է, դրամաշնորհ տրամադրել եւ աուդիտ անցկացրել է ամերիկյան կողմը եւ արդյունքներն էլ գնահատել է խիստ արդյունավետ:

Երկրորդը «Նաիրիտ» գործարանի խնդիրն է: «Արդեն բավական երկար ժամանակ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում, անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում եւ փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ», ասաց Տիգրան Սարգսյանը, տեղեկացնելով, որ «Նաիրիտին» առնչվող բոլոր գործարքների փաթեթը կտրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, «որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի»:

Հաջորդը օֆշորային գոտու հետ կապված քաղաքական սպեկուլյացիան է: «Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել: Ամբողջական տեղեկությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվության միջոցներին, եւ այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ հարցով», նշեց վարչապետը եւ համոզմունք հայտնեց, որ «եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել»:

Երրորդ հարցը, որի մասին երեկ խոսեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, դարձյալ վերաբերում էր Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: «Ես հանձնարարել եմ բոլոր գերատեսչություններինՙ հրապարակային ձեւով ներկայացնել իրենց ոլորտներին վերաբերող ակտերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Այսօր ես հանձնարարում եմ Վաչե Գաբրիելյանին` աշխատակազմի ղեկավարին, որ նա կազմի ժամանակացույց` ձեզ հետ նախապես համաձայնեցնելով, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները, նախարարները հանդիպեն զանգվածային լրատվության միջոցներին եւ իրենք պատասխանեն բոլոր այն հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են մեր հանրությանը», ասաց վարչապետը:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կփոխհատուցվի բյուջեի լրացուցիչ եկամուտներից

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացման եւ 45 հազար դրամ դարձնելու կապակցությամբ կառավարությունը մի քանի որոշումներ ընդունեց: Պետական աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չազտասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին: Միաժամանակ, պահպանվել են զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը: Փոփոխություններ են կատարվել 2013-ի պետբյուջեում` որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին: «Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք: Երկրորդ կետով 3,8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել», այս առնչությամբ նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նոր ՀԴՄ-ներ` խոշոր տնտեսվարողներին

Կառավարության որոշմամբ երեկ սահմանվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրացվող նոր, բազմագործառնական ՀԴՆ-երի իրացման գինը` 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Նոր ՀԴՄ-ները առաջնահերթ կտրամադրեն խոշոր տնտեսվարողներին` տարեկան 500 մլն եւ ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերություններին:

Ներկայացնելով այս հարցը` պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղական Արմեն Ալավերդյանն ասաց, որ նոր ՀԴՄ-ներն օժտված են նաեւ պոստերմինալներով, ինչը հնարավորություն կտա դրանցով անկանխիկ գործառնություններ կատարելու:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարությունը պատվիրել է 7,5 հազար այսպիսի ՀԴՄ-ներ, որոնք ինքնարժեքից բարձր գնով կտրամադրվեն խոշոր տնտեսվարողներին, իսկ առաջիկայում պատվիրվելու է եւս 60 հազարը, որոնք արդեն ավելի ցածր գնով կհատկացվեն փոքր ու միջին բիզնեսին: Վարչապետը տեղեկացրեց, որ նոր ՀԴՄ-ները ձեռք են բերվել ցածր գնով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ