RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #102, 19-06-2013



ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-06-18 23:31:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1046, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՂՆԵՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ տուգանեց համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» եւ Nout.am ընկերությունները սպառողներին մոլորեցնելու համար: Քաղաքացիները դժգոհել են, որ այս ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում: Nout.am անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակՙ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0 տոկոս կանխավճար» բովանդակությամբ: Սակայն հանձնաժողովի դիտանցմամբ պարզվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Այ թի մաստեր» ընկերությունն էլ հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում: Ընկերությունների նման վարքագիծը հանձնաժողովը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում եւ յուրաքանչյուրին տուգանեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափով` նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

Հաջորդը հարցն առնչվում էր նորաստեղծ ընկերության կողմից սպառողներին մոլորեցնելուն` «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության կատարած աշխատանքները վերագրելով իրեն: Հանձնաժողովին է դիմել վերոնշյալ ընկերության նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը: Նա հայտնել է, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սեւակ Սերոբյանի եւ Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունըՙ համապատասխանաբար 34, 33 եւ 33 տոկոս բաժնեմասերով: Գործունեության երկու տարիների ընթացքում ընկերությունը իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում նաեւ «Գոհար» եւ «Հայաստանի աստղերը» համերգային ծրագրերի կազմակերպումը: Սակայն հիմնադիրների միջեւ ծագած անհաշտության արդյունքում, 2013-ի փետրվարին կայացվել է ընկերությունը լուծարելու որոշում: Ըստ Արամ Հարությունյանի, հիմնադիրներից մեկըՙ Աշոտ Առաքելյանը, ստեղծել եւ գրանցել է «Դոմինո Փրոդաքշն» ընկերություն եւ համատեղ հիմնադրված ու արդեն լուծարման փուլում գտնվող «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը: Փաստորեն, ըստ դիմումատուի, սուտ տեղեկատվության միջոցով օգտագործվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» բարի համբավը: Հանձնաժողովը դա համարեց հասարակության մոլորեցում, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: Ուստի, «Դոմինո Փրոդաքշն» հանդեպ նույնպես կիրառվեց տուգանքՙ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, հանձնարարելով 1 շաբաթվա ընթացքում վերացնել հայտնաբերված խախտումները:

«Բարի Սամարացի», «Քրաուն Քեմիքալ» եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերություններն էլ հանձնաժողով էին դիմել իրենց ապրանքների կեղծման հարցով:

Քիմիական ապրանքներ արտադրող «Քրաուն Քեմիքալը» տեղեկացրել է որ շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից: Պարզվել է, որ «Քրաուն Քեմիքալ» ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն եւ թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, «Քրաուն Գոլդ» ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:

«Բարի Սամարացի» ընկերությունը տեղեկացրել է, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության գործողության, որն իրականացվում է նույն ապրանքային շուկայում գործող ընկերության կողմից: Խոսքը վերաբերում է մասնավորապես «Էրզրում» ընկերության կողմից «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ» եւ «ECO PICANT ERZRUM ԷՐԶՐՈՒՄ» անվանումով երշիկների արտադրությանը: Վերոնշյալ ապրանքային նշանները «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որեւէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործելու դրանք:

«Պռոշյանի կոնյակի գործարանն» էլ հայտնել էր, որ շուկայում հայտնվել են իր ապրանքային սեփականությունը հադիսացող հուշանվերային շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո:

Այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը եւ վերացրել խախտումը, հանձնաժողովի որոշեց խիստ նախազգուշացում կիրառելՙ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #102, 19-06-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ