RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



Տեղադրվել է` 2013-06-07 23:33:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1370, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 42

«ԹԱՔՍԻՄԻ ՊԼԱՏՖՈՐՄԸ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ըստ երեւույթին Էրդողանը ելույթով սաստել է ցուցարարներին

Երեկ լույս գիշեր Ստամբուլ վերադարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանըՙ ավարտելով Մարոկկոն, Ալժիրն ու Թունիսն ընդգրկող 4-օրյա շրջագայությունը Հյուսիսային Աֆրիկայում: Թեեւ նա զգուշացրել էր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Ստամբուլի վարչությանը, թե պետք չէ դիմավորման արարողություն, եւ կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը նախապես հայտարարել էր, որ արարողություն չի կազմակերպվելու, այնուամենայնիվ տասնյակհազարավոր դիմավորողներ հեղեղել էին Աթաթուրքի անվան օդանավակայանն ու հարակից տարածքը:

Ինչպես Թաքսիմի զբոսայգու շուրջը ծավալվող դեպքերը, այնպես էլ վարչապետ Էրդողանին խանդավառ դիմավորելը գրավեցին աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների ուշադրությունը: «Մոնդը» նրա վերադարձը լուսաբանել է «Էրդողանին իբրեւ հերոսի դիմավորեցին», իսկ «Ալ Ջազիրան» գրել է. «Մեկ շաբաթյա լռությունից հետո Էրդողանի հազարավոր կողմնակիցներ ուժ ցուցադրեցին»:

Թուրքական հեռուստաալիքները օդանավակայանից ուղիղ եթերում հեռարձակում էին արարողությունը: Հոծ բազմությունը Էրդողանին դիմավորեց «Թուրքիան քեզնով հպարտանում է» բացականչություններով: Ըստ երեւույթին բացականչություններն ու օդանավակայանի տասնյակհազարավոր բազմությունը հաճելի անակնկալ էին վարչապետ Էրդողանի համար, ոգեւորեցին նրան:

Նա ելույթում ցավակցություն հայտնեց զոհված երկու ցուցարարի ընտանիքներին, ընդգծեց, որ զոհվել է նաեւ ոստիկանության 27-ամյա կոմիսարը, նշեց Ադանայում կամրջից ցուցարարների ցած նետած երեխայի մասին, բանկի մասնաճյուղերը, խանութները, արհեստանոցները կողոպտելուց հետո կրակի մատնելու, սեփական մեքենաներն ու հանրային տրանսպորտի միջոցները այրելու, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շենքերը հրկիզելու համար դատապարտեց ցուցարարներին: Ապա եւ շարունակեց. «Այս երկիրը քարավանատուն չէ, որ ով ինչ ուզիՙ անի: Գուցե ոստիկանությունը անհամաչափ ուժ է գործադրել, բայց կարգազանցների նկատմամբ դա գործադրվում է ամեն մի երկրում, այդ թվումՙ ամենազարգացած Արեւմուտքում»:

Ցուցարարներին Էրդողանն անվանեց անարխիստ ծայրահեղականներ, փաստորեն արդարացնելով ոստիկանության բռնարարքները, ապա նշեց, որ 1870-ին կառուցված «Սելիմիե» զորանոցը Թաքսիմում վերականգնվելու է, իսկ Աթաթուրքի անվան մշակույթի պալատը կքանդվի: Վերջում նա ավելացրեց. «Իմ սիրելի եղբայրներ, դուք 10 օր շարունակ ողջամտորեն, խոհեմությամբ հանդուրժեցիք այս ամենը: Հիմա նույն խոհեմությամբ այստեղից կգնաք ձեր տները: Համոզված եմ, որ ծուղակ չեք ընկնի, չեք խաբվի, ոչ էլ կխաբվեք որեւէ մեկից: Ի դեմս ձեզ ես սրտանց գրկում եմ Թուրքիայի ողջ երիտասարդությանը»:

Օդանավակայանում եւ հարակից տարածքում հավաքված հոծ բազմությունը հաճախակի ընդհատում էր Էրդողանի ելույթըՙ վանկարկելով. «Ասաՙ մեռիր, գնանք մեռնենք, ասաՙ հասիր, կհասնենք», «Ողջ Ստամբուլն այստեղ է, ո՞ւր մնացին թափթփուկները», «Թույլ տուր գնանք ճզմելու Թաքսիմը»:

Ըստ երեւույթին վարչապետ Էրդողանի ելույթն ու տասնյակհազարավոր կողմնակիցների հավատարմությունը նպատակին ծառայել են, որ մինչ այդ կառավարության հետ երկխոսության համար Աթաթուրքի պալատի պահպանումը որպես նախապայման առաջադրող ցուցարարները, որոնց համակարգում է «Թաքսիմի պլատֆորմը», նույն օրը առավոտյան առանց նախապայմանի երկխոսության պատրաստակամություն հայտնեցին հավաստիացումով, թե պայքարը շարունակելու են օրինականության շրջանակներում:

Անկարայում ցուցարարները քանդել են վրաններըՙ լիովին ազատելով «Կարապի զբոսայգու» տարածքը: Այդ ընթացքում ԱՄՆ-ը, Ֆրանսիայի գլխավորությամբ ԵՄ-ի երկրները ու Եվրոխորհրդարանը հայտարարել են, որ արաբական գարնան հետ համեմատելու չեն Թուրքիայի դեպքերը: Ինչ վերաբերում է քեմալականների ջահակիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որը ցուցարարների հանդեպ ոստիկանության բռնարարքների համար Էրդողանից ներողություն եւ հրաժարական էր պահանջում, առաջարկում է հարցը փոխըմբռնմամբ լուծելՙ լսելով ժողովրդի ձայնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ