RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
#092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-06-06 23:46:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1057, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՍԿՍՎԵՑ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարության երեկվա նիստը սկսվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից, որտեղ նա տեղեկացնելով նախօրեին իր` Արմավիրի մարզ կատարած այցելության մասին, նշեց, որ պետք է հետեւողական լինել «որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, եւ գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է»:

Վարչապետը առանձնացրեց երկու խնդիր, որոնց վերաբերյալ պետք է ընդունվեն համապատասխան որոշումները: Առաջինըՙ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակների ճշտումը եւ նրանց պետական օգնություն տրամադրելու, երկրորդը` գյուղացիներին ջրի վարձի եւ հողի հարկի վճարների փոխհատուցման ու սոցիալապես անապահով խմբերին բացահայտման մասին:

Մասնավորապես, որոշվեց Արմավիրի մարզի կարկտահարությունից 100 տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին 50-հազարական դրամ հրատապ միանվագ օգնություն ցուցաբերել: Այնուհետեւ կառավարությունը որոշեց հողի հարկի եւ ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման նպատակով Արմավիրի մարզպետարանին 207 մլն դրամ հատկացնել:

Արմավիրցիները վարչապետին նաեւ տեղեկացրել էին, որ կարկուտից տուժած տնտեսություններից մի քանիսը ոռոգման նպատակով օգտագործում են խորքային հորերի ջուրը, ինչն էլ նկատի ունենալովՙ Տիգրան Սարգսյանն առաջարկեց փոխհատուցել նաեւ այդ տնտեսությունների էլեկտրաէներգիայի վարձը:

Արմավիրի մարզին առնչվող մյուս խնդրի ` հակակարկտային նոր կայանների տեղադրման համար էլ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 350 մլն դրամ: Արտակարգ իրավիճակների նախարարը վարչապետին հավաստիացրեց, որ հակակարկտային կայանները մարզում կտեղադրվեն երեք ամսվա ընթացքում:

Պետական աջակցություն 9 երեխայից ավելի 24 բազմազավակ ընտանիքներին

Արմավիրի մարզպետարանին կառավարությունը երեկ 7,5 մլն դրամ հատկացրեց` Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանի 14 անձից բաղկացած ընտանիքի համար երկհարկանի առանձնատուն գնելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կան 9 եւ ավելի երեխա ունեցող 24 բազմազավակ ընտանիքներ, որոնք բոլորն էլ կստանան աջակցություն պետությունից:

Առնվազն երեք ազգային ավիափոխադրողներով` փուլ առ փուլ դեպի «բաց երկինք»

Կառավարությունը երեկ լուծում տվեց վերջին ամիսներին խնդրահարույց դարձած օդային փոխադրումների հարցին: Այն բանից հետո, երբ սնանկացավ ազգային ավիափոխադրող «Արմավիան», այս ոլորտում անորոշ իրավիճակ էր ստեղծվել: Երեկ այստեղ հստակեցում մտցվեց` որոշվեց ազատականացնել օդային փոխադրումների ոլորտը, սակայն փուլային տարբերակով:

Հարցը կառավարությունում, ապա նաեւ լրագրողների առջեւ ներկայացնող քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների բնագավառի հետագա զարգացման ուղղությունները որոշելու նպատակով վերլուծություններ են իրականացվել հասարակական կազմակերպությունների, ավիացիայի ոլորտում իրազեկված գործարարների, Հայաստանում ներկայացված միջազգային կառույցների` Համաշխարհային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների հետ: Ձեւավորվել էին լուծման երեք տարբերակներ` ունենալ պետական կամ պետական մասնակցությամբ ավիափոխադրող, իրականացնել ազատականացված բաց երկնքի քաղաքականություն եւ իրականացնել ազատականացման փուլային քաղաքականություն:

Առաջին տարբերակի դեպքում տրամաբանորեն հետեւելու է պետության կողմից մեծ հովանավորչություն ավիափոխադրողի նկատմամբ, ինչը բացասաբար էր անդրադառնալու ինչպես մրցակցային դաշտի վրա ընդհանրապես, այնպես էլ տվյալ ընկերության մրցունակության վրա` ինչպես դա եղավ «Արմավիայի» դեպքում: Բացի դրանից, պետական բյուջեի վրա նույն ընկերության աշխատանքի ընթացքում հնարավոր ռիսկեր կարող են առաջանալ:

Երկրորդ տարբերակը ընդունելու դեպքում, մրցակցային դաշտ ունենալուն զուգահեռ վտանգի տակ է դրվում հետագայում հայկական ավիափոխադրող ունենալու գաղափարը: Այս պարագայում Հայաստանը կախման մեջ կընկներ արտաքին փոխադրողներից:

Ըստ Արտյոմ Մովսեսյանիՙ ընդունելի է համարվել երրորդ տարբերակը, քանի որ կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում ազատականացման քաղաքականություն իրականացնելիս պետք է հաշվի առնել մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ հարեւան պետությունների հետ ունեցած հարաբերությունները: Այդ նկատառումով կսահմանվի ազատականացման առաջին փուլ` մինչեւ երեք կամ հինգ տարի ժամկետով: Կառավարությունն ակնկալում է, որ այս որոշման արդյունքում հայկական ավիափոխադրողների միջեւ կստեղծվի մրցակցություն, ինչը իր հերթին կհանգեցնի ուղեւորային եւ բեռնային փոխադրումների աճին եւ սակագների նվազեցմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ հայտնեց, որ ոլորտի վերաբերյալ ռազմավարության ընդունմամբ կունենանք առնվազն երեք հայկական ավիափոխադրողներ, որոնք կընտվեն մրցույթով: Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրեց, որ հայկական ավիափոխադրողների առջեւ խնդիր է դրվելու առավելագույնս օգտագործել «Արմավիայի» կադրերին: Նա միաժամանակ բացառեց «Արմավիայի» կրկին ազգային ավիափոխադրող լինելու հնարավորությունը:

Հարկային եւ մաքսային արտոնություններ` Դիլիջանի միջազգային դպրոցին

Հարկային եւ մաքսային արտոնություններ կտրամադրվեն «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում իրականացվող գործարքների համար 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: Կառավարության հիմնավորմամբ, հարկային եւ մաքսային արտոնությունների բացակայությունը հնարավորություն չի տալիս, որ ծրագրի իրականացման համար նախատեսված` նվիրաբերություններից գոյացած միջոցները ամբողջությամբ ծախսվեն ծրագրի իրականացման համար:

Տեղեկացնենք, որ Դիլիջանում միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոցի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն դոլար, որից 150 մլն դոլարը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման եւ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ 400 մլն դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ:

Ակնկալվում է, որ միջազգային դպրոցի ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը կուղղվի 60-70 մլն դոլար, տարածաշրջանում ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալը կաճի 10-12 տոկոսով, մինչեւ 2020 թվական տեղական բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 1 մլն դոլար, գործազրկության մակարդակը կկրճատվի մինչեւ 12 տոկոս, աղքատության մակարդակը` մինչեւ 11 տոկոս, օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի մինչեւ 35 հազար մարդ:

Նվազագույն աշխատավարձը 45 հազար հուլիսի 1-ից, իսկ աշխատավարձերի բարձրացումը` 2014-ի հունվարի 1-ից

35 հազար դրամ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը կառավարության երեկվա որոշմամբ հուլիսի 1-ից կավելանա 10 հազար դրամով: Այդ նպատակով փոփոխություններ կկատարվեն մի շարք օրենքներում: Ինչպես հայտնեց հարցը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը , այս փոփոխության համար բյուջեից լրացուցիչ 6 մլրդ դրամ կծախսվի: Նրա տեղեկացմամբՙ մինչեւ 2017-ը նվազագույն աշխատավարձի չափը կկրկնապատկվի:

Խոսելով աշխատավարձերի մասինՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ աշխատավարձերը կբարձրացվեն նաեւ 2014-ի հունվարի 1-ից, որի նպատակով կհատկացվի շուրջ 50 մլրդ դրամ: «Սա շոշափելի փոփոխություն կլինի աշխատավարձերի ոլորտում», ասաց վարչապետը:

Սոցիալապես անապահով խավի համար գազի գնի սուբսիդավորումը շարունակվելու է

Ավելի քան 70,5 մլն դրամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կվճարի «Հայռուսգազարդին»` որպես Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թ. հունվար-մարտ ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում: «Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա», հավաստիացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հյուսիս-հարավի առնչությամբ բանակցություններ Ասիական զարգացման բանկի հետ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության խնդիրներին անդրադառնալովՙ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն նշեց, որ անհրաժեշտություն կա հրատապ շտկումներ մտցնելու, քանի որ բացահայտված խնդիրների առնչությամբ առաջացել են ֆինանսական պարտավորություններ: «Հանձնարարական է տրվում էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարություններին` անհապաղ բանակցություն սկսել Ասիական զարգացման բանկի հետ, փոփոխություններ կատարել պայմանագրերում, որ մենք ունենք այդ բանկի հետ, որպեսզի բացահայտված թերությունների պատճառով տույժ-տուգանքներ չկիրառվեն, քանի որ ձգձգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ բազմաթիվ մեթոդաբանական փոփոխություններ են իրականացվել նախնական պայմանագրում», ասաց նա: Ըստ վարչապետի, գերմանական, ֆրանսիական եւ իսպանական ընկերությունների կողմից ծրագրի կառավարմանը վերաբերվող դժգոհության մասին անհապաղ պետք է տեղյակ պահվի Ասիական զարգացման բանկին եւ բանակցություններ սկսվեն, որպեսզի Հայաստանը տույժ-տուգանք չվճարի: Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց սկսել բանակցային գործընթացը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում անձամբ միջամտել խնդրին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ