RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Մեծ ակնաբույժը

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1890, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ՆԱ ՈՏՔ ԴՐԵՑ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Հավերժական ոչինչ չկա աշխարհում,

Ամենայն ինչ անցողիկ է...

Բարի անունն է մնում:

Սաադի

Դա 1973 թվականին էր: Ես նոր էի Երեւան տեղափոխվել Կամչատկայից, որտեղ տասը տարի աշխատել էի որպես բժիշկ: Այն ժամանակ Երեւանում քչերին էի ճանաչում, թերեւս միայն մի քանի բժիշկների, որոնց թվում էր Հայաստանի առողջապահության նախարար Զաքարիա Նարիմանովը: Անսպասելիորեն հիվանդացավ աներսՙ Արցախի Շահումյանի շրջանի հայտնի իրավաբան Երվանդ Մարությանը (աչքի հետ կապված խնդիր ուներ), եւ այնպես զուգադիպեց, որ այդ օրը հանդիպելու էի նախարարի հետ: Դե, եւ օգտվելով առիթից, խնդրեցի նրանՙ ինձ ծանոթացնել որեւէ ակնաբույժի հետ: Մեկ ժամ անց աներոջս հետ այցելեցինք այդ բժշկին:

Փոքրիկ, եթե չասենքՙ նեղլիկ աշխատասենյակում, գրքերի, թղթապանակների, թղթերի կույտերով բեռնված սեղանի մոտ , սպիտակ խալաթը հագին նստած էր աշխատասենյակի տերը: Դատելով ըստ ամենայնի, ինչ-որ գրելիք էր ավարտում: Համենայն դեպս ցուցադրաբար դրեց վերջակետը, բավական արագ ոտքի ելավ եւ ժպտալով եկավ մեզ ընդառաջ: Չէի հասցրել ներկայանալ, երբ նա շտապով, առանց կանգ առնելու սկսեց խոսել: Պարզվեց, դեռ առավոտյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում կարդացել էր իմ «Հիպոկրատի երդումը» վերնագրով հոդվածը, եւ հանկարծ հենց այդ ժամանակ նրան զանգել էր ինքըՙ նախարարը, տալով իմ անունը: Վերջապես նա ավարտեց իր երկարաշունչ խոսքը եւ բարձր հավելեց. «Այստեղ ուղղակի Աստծո մատն է խառը»: Դա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Վարդանի Մալայանն էր:

Բարեբախտաբար աներոջս առանձնապես ոչինչ չէր սպառնում, բայց փոխարենը, ինչպես ինքըՙ պրոֆեսորն ասաց, այդ «Աստծո մատը» սկիզբ դրեց մի հրաշալի բարեկամության, որը սրտառուչ կերպով ամրապնդվեց նաեւ այն պատճառով, որ եղբայրակիցներ էինք անտանելի մի վշտի մեջ: Երկուսիս էլ, 1937 թվականի օգոստոսի համարյա նույն օրը, ստալինյան ռեժիմը զրկել էր հորից: Նրա հետ դա կատարվել էր Թբիլիսիում: Սերգեյը, նրա քույր Վարվառան եւ մայրըՙ Արուսյակը փրկվել էին միայն իր հորեղբորՙ Արտաշեսի շնորհիվ: Արտաշեսի անունը թնդում էր Վրաստանով մեկ: Հայտնի ակնաբույժ էր: Հենց այդ հանգամանքն էլ Սերգեյին եւ Վարվառային բերեց դեպի բժշկություն, ակնաբուժություն: Երկար եւ դրամատիկական պատմություն է: Երկու բառով կասեմ միայն, որ բժիշկ դառնալով, Սերգեյը հրաժարվեց գայթակղիչ հնարավորությունիցՙ մնալու Թբիլիսիում եւ աշխատելու իր հորեղբայր Արտաշեսի ժամանակակակից սարքավորումներով հագեցած կլինիկայում: Հայկական «Կոմունիստ» թերթում հայտարարություն կարդալով, որ մրցույթ է հայտարարվում ակնաբուժության գծով ասպիրանտուրա ընդունվելու համար, նա ուղեւորվեց Երեւան, դեպի ուր, բացի ամենայնից, նրան ձգում էր նաեւ գիտությունը...

...Մեր հանդիպումներն այնքան էլ հաճախակի չէին: Սակայն նրա մահից հետո ինձ թվում էր, թե մենք պարզապես չէինք բաժանվել: Նրա առաջարկով, մեր ծանոթության առաջին իսկ օրերից, առանց որեւէ բրուդերշաֆտի, մենք անցանք «դու»-ի: Հավանաբար դա կատարվեց հեռախոսային հաճախակի զրույցների պատճառով: Որպես կանոն, առիթ էին ծառայում իմ հրապարակումները, առանձնապես «Լիտերատուրնայա գազետա» թերթում: Եվ սակայն հոգումս խոր հետք թողեցին հենց մեր հանդիպումները: Քանզի հենց այդ ժամանակ ես նրա մեջ բացահայտեցի ճշմարիտ մտավորականի եւ հայրենասերի զարմանալի գծերը: Դեռեւս առաջին հանդիպման ժամանակ նա կրկնեց իսպանացի հայտնի վիրաբույժ Խոսե դե Լատամենդիի խոսքերը, որոնք ես մեջբերել էի թերթի հոդվածում. «Միայն բժշկություն իմացող բժիշկը չգիտի նույնիսկ բժշկություն»: Այդ պահին նա հանեց հաստ ապակիներով ակնոցըՙ թաշկինակով շփելու, եւ ես տեսա, թե ինչպես են փայլում նրա կանաչավուն աչքերը: Սերգեյը գտնում էր, որ բժիշկին իրոք պետք է լինի հանրագիտակ, այնպիսին, ինչպիսին ինքն էր ըստ էության: Գտնում էր, որ յուրաքանչյուր հինգ տարին մեկ բժիշկը պետք է տեստ հանձնի, ինչպես բուհ ավարտելիս պետական քննությունների ժամանակ: Քանզի հայտնի է, որ հինգ տարում նշանակալից նորություններ են գրանցվում բժշկագիտության եւ առանձնապես բուժամիջոցների ասպարեզում: Վրդովվում էր, երբ դիպլոմավոր որեւէ տգետի պատճառով մամուլում ցեխ էին շպրտում ողջ բժշկագիտության, բոլոր բժիշկների վրա...

...Հավատարիմ իմ վաղեմի (ավելի քան կեսդարյա) սովորությանըՙ հետաքրքիր մարդկանց հետ հետաքրքիր հանդիպումներից հետո գրառումներ կատարել հուշատետրում, ես հաճախ էի գրիչ վերցնում նույնիսկ Մալայանի հետ հենց ուղղակի հեռախոսային զրույցների եւ հանդիպումների ժամանակ: Եվ հիմա, իմ բարեկամի իննսունամյակի նախաշեմին (ի՜նչ արագ է թռչում ժամանակը) ես սկսեցի փորփրել գրառումներս: Դրանք ինձ կօգնեն թարմացնելու անցյալի հիշողությունները:

...Հավանաբար կարելի է անառարկելիորեն ընդունել ժողովրդական այն խոսքը, թե «Մարդն ապրում է այնքան, որքան հիշում են նրան»: Սրա մեջ որոշակիորեն կենսական մխիթարիչ տրամաբանություն է առկա: Հիշում են, որպես կանոն, հարազատներն ու մերձավորները, ընկերն ու գործընկերները: Հիշում են, քանի դեռ իրենք են ապրում: Բայց իմ ընկեր Սերգեյ Վարդանի Մալայանի առումով հիշողության հարցը քիչ այլ կերպ է դրված: Այո, նա վաղ հեռացավ: Ընդամենը հիսունհինգ տարեկան էր: Հիշում եմ, մահից մեկ տարի առաջ զանգեց, շնորհավորեց նորՙ 1977 թվականը: Ես շտապեցի նկատել, որ ելնելով տարիքային տարբերությունից, ես պետք է առաջինը շնորհավորեի իրեն: Սերգեյը համամիտ չէր եւ ասաց.

- Չէ՞ որ ես զանգել եմ, որ առաջին հերթին շնորհավորեմ եկեղեցա-փիլիսոփայական «Խոստովանություն» վերնագիրը կրող գրքիդ հրատարակման կապակցությամբ եւ հետո միայն Նոր տարվա:- Եվ ավելացրեց,- հուսով եմ, ավանդույթը չի խախտվի:

Հարմար պահ գտնելովՙ ես շտապեցի Մալայանի մոտ: Ցելոֆանե փաթեթում ոչ միայն «Խոստովանություն» գիրքս էր, այլեւ մի շիշ թթի օղի:

Իսկ այդ օրը, բացի ամենայնից, մտապահվեց եւ այն պատճառով, որ նախօրեին լրացել էր նրա հիսունչորս տարին: Սերգեյն ասաց, որ ինքն ինչ-որ տագնապով էր սպասում հենց այդՙ 54-րդ տարեդարձին: Խոստովանեց, որ գրքերիցս մեկում կարդացել էր այն մասին, որ ինչպես ասում ենՙ ստեղծագործական բնույթի մարդիկ, ասես պայմանավորված, ապրում են մինչեւ հիսունչորս տարեկանը (մեկ-երկու ամիս տարբերությամբ): Նրանց թվում են ե՛ւ Դեկարտն ու Պետրոս Առաջինը, ե՛ւ Լենինն ու Թումանյանը, ե՛ւ էլի մեծաթիվ անուններ: Դրա մեջ նա ինչ-որ խորհրդապաշտական բան էր տեսնում:

...Սերգեյը ծանր հիվանդ էր: Սիրտն էր: Միաժամանակ անխղճաբար ծխում էր: Դա այն ժամանակ էր, երբ «Լիտերատուրնայա գազետա»-ում (եւ ոչ միայն) ես պարբերաբար խնդրաշատ հոդվածներ էի գրում ծխելու մասին: Նա նույնիսկ չափից ավելի լավ էր գիտակցում նիկոտինի ողջ հրեշավոր վտանգավորությունը, մանավանդ այն մարդու համար, որը սրտամկանի ինֆարկտ է կրել, վերապրել եւ որպես հետեւանք տառապում է ստենոզով (անոթների սեղմում): Եվ ահա, խնդրեմ, առավոտից երեկո արյուն է մուտք գործում նիկոտին, որը հենց անոթներն է սեղմում: Ես ինձ թույլ չէի տա բարի մարդու եւ տաղանդավոր բժկի հոբելյանին հասցեագրված խոսքում զբաղվել այսպես կոչված սան-լուսաշխատանքով, եթե չլիներ հիշողությանս մեջ խոր ամրապնդված մի հանգամանք, որն ինքնին շատ բանի մասին է խոսում: Սերգեյ Վարդանովիչը (հանդիսավորապես նշենք անուն-հայրանունով), մի տեսակ շառագունելով, հանգցրեց գլանակը, այն պտտելով քնթուկներով բերնեբերան լի ապակե մոխրամանում եւ մեղմաձայն ասաց.

- Հեշտ գործ չէ հարազատներից, մերձավորներից եւ առաջին հերթին տնեցիներից թաքցնել մոտալուտ մահվան շոշափելի զգացողությունը, երբ ինքդ էլ հստակ գիտակցում ես, որ կարող ես հեռանալ առանց կատարելու պարտքդ, առանց լուծելու գերխնդիրդ:

Ես նրան հարցրեցի իր պարտքի եւ գերխնդրի մասին, եւ նա սկսեց հեռվից: Իմաստն ու էությունը հանգում էր նրան, որ դեռեւս 1928 թվականից, նրա նախորդների օրոք, ազգային ակնաբուժության առջեւ արդեն այլ խնդիրներ էին ծառացել: Բավական է ասել, որ դրանք իրենց արտացոլումն էին գտնում ախտորոշիչ, նույնիսկ համաճարակային հիվանդանոցների, կլինիկաների, դիսպանսերների անվանումներում. Տրախոմատոզային, Գլաուկոմատոզային: Եվ իրոք, խոսքը աչքի հիվանդությունների քրոնիկական վարակիչ տարածման ճակատագրական եւ զանգվածային բնույթի մասին էր (հատկապես Սեւանի ավազանում) եւ ակնաբյուրեղիկի կապտավուն պղտորման մասին, որը չբուժվելով, հանգեցնում էր կուրության: Սրան էր ուղղված այն ժամանակներում հայրենական եւ մասնավորապես ազգային ակնաբուժության մարտավարությունը, որի ակունքներում կանգնած էին Հայկ Քաթանյանը, Բաբկեն Սելիք-Մուսայանը, Սերգել Մալայանը եւ ուրիշներ: Հայաստանի տարբեր բուժական հաստատություններում գործում էին ակնաբուժական բաժանմունքներ, բայց ազգային առողջապահությանը անհրաժեշտ էր նաեւ գործուն ակնաբանական գիտություն:

Առաջ անցնելով ասեմ, որ երկար տարիներ անց ես պատմեցի Ալեքսանդր Մալայանին, որի հետ իմ այսօրվա ջերմ բարեկամությունն ըստ էության շարունակությունն է նրա հոր հետ ունեցած բարեկամության, մի հիրավի պատմական հեռախոսային խոսակցության մասին: Դա 1978 թվականի ապրիլին էր, Սերգեյ Մալայանի մահից չորս ամիս առաջ: Յուրօրինակ երկրաշուրջ ճամփորդություն կատարելով Հայկական ԽՍՀ-ում, ես այցելեցի հանրապետության ոչ միայն բոլոր վարչական շրջաններ, այլեւ բոլոր հազար վաթսունյոթ բնակավայրեր: Կանոնավորապես «Ավանգարդ» եւ «Կոմսոմոլեց» թերթերում տպագրվում էին իմ ճամփորդական ռեպորտաժները: Եվ ահա, կարդալով հերթական ճամփորդական նյութերս, Սերգեյը զանգեց ինձ (ես այդ ժամանակ գտնվում էի Կրասնոսելսկում, եւ հեռախոսային խոսակցությունը կազմակերպեց շրջկոմի առաջին քարտուղար Կիմ Եգանյանը): Մալայանը ոչ առանց ուրախության ինձ հայտնեց, որ կարդացել է Սեւանի եւ Հրազդանի շրջանների մասին իմ ռեպորտաժները եւ առանձնակի նշեց, ինչպես ինքն ասաց, որ ես թարմացրի այսօրվա ընթերցողի հիշողության մեջ այն փաստը, որ դեռ վերջերս հրազդանցիներին կոչում էին «քոռ ախտեցիներ»: Լսելիությունը թույլ էր, եւ նա գոռում էր լսափողի մեջ: Վերջում ասաց, որ «Կոմսոմոլեց» թերթում ընդգծել է նախկին ախտեցիներին վերաբերող այդ տողերը: Ճամփորդության հանրագումարը դարձավ իմ «Օջախ» գիրքը, եւ ես, աշխատելով ընկերոջս նվիրված այս նյութի վրա, գրքում գտա այդ նույն տողերը. «Հրազդանի շրջանում, ինչպես մի կաթիլ ջրում, արտացոլված է ողջ հանրապետության պատմություննՙ ամբողջությամբ վերցրած: Շրջանի հնաբնակները լավ են հիշում, թե ինչպես էին իրենց կոչում «քոռ ախտեցիներ» : Նախկին Ախտայի շրջանում մոլեգնում էր տրախոման, եւ այդ պատճառով շատ-շատերը կորցնում էին տեսողությունը»:

Դժբախտությունը այն էր նաեւ, որ բոլոր ուժերն ու միջոցներն այն ժամանակ ուղղվում էին շարունակական դժբախտությունների հաղթահարմանը: Եվ վաթսունական թվականներին արդեն նոր մարտավարական անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու ժամանակակից ակնագիտություն, որի խնդիրները պետք է նպատակաուղղված լինեին ապագային: Հենց սա էլ այդ գերխնդիրն էր եւ այդ պարտքը: Դա նշանակում է, որ մասնագիտացված ակնաբուժական համալիր կենտրոն կառուցելու համար պետք էր նոր շենք ունենալ: Եվ 1972 թվականին սկսվեց ապագա Կենտրոնի շինարարությունըՙ Հանրապետական հիվանդանոցից ոչ շատ հեռու: Չի կարելի չնշել գուցե ամենագլխավորը, ես կասեիՙ ամենահուզիչը: Դա այն է, որ Կենտրոնը կառուցվում էր Կույրերի միավորման վաստակած միջոցներով:

...Շինարարությունը երկար ու ծանր ընթացք ունեցավ: Հիվանդությունը խլում էր Մալայանի ուժերը: Այն ժամանակ ԽՍՀՄ-ում նոր-նոր էին սկսել սրտերակային կորոնար շունտավորում իրականացնել եւ, ցավոք, ոչ միշտ հաջողությամբ: Եվ այնուամենայնիվ Հայաստանի գլխավոր ակնաբույժին տարան Մոսկվա: Բայց արդեն ուշ էր: Իր մաշված միոկարդով նա հաստատ կմնար վիրահատական սեղանի վրա: Դա 1978 թվականի սկզբին էր: Եվ բոլորից թաքուն լեզվի տակ դնելով նիտրոգլիցերինի փոքրիկ, սպիտակ դեղահաբիկը, նա շարունակում էր վիրահատել, դասախոսել ուսանողներին, ամեն օր այցելել Կենտրոնի կառուցվող շենք, որտեղ այդ ժամանակ արդեն ներկարարական աշխատանքներ էին ընթանում:

1978 թվականի հունիսի 7-ին Մալայանը առաջին վիրահատությունը կատարեց նոր շենքում: Դա կատարակտ էր: Հիվանդը վերստացավ աչքերի լույսը: Հայտնի չէ, թե այդ պահին ով էր առավել երջանիկ, հիվա՞նդը, թե՞ բժիշկը: Հետո բուժքույրերից մեկը պատմելու էր, որ հիվանդը շնորհակալություն հայտնեց Սերգեյ Վարդանովիչին, որը լայն ժպտաց, վարժ ու աննկատելի լեզվի տակ դրեց նիտրոգլիցերինի հաբը եւ մեղմ արտաբերեց. «Դրա համար պետք է սրտիս շնորհակալություն հայտնել»: Բայց ողջ զավեշտականությունն այն էր, որ դրա հետ մեկտեղ վառեց գլանակն ու սկսեց ծխել:

...Ականավոր բժշկի եւ գիտնականի, իր հազարավոր ժամանակակիցների աչքերին լույս պարգեւած Հայաստանի գլխավոր (բազմամյա) ակնաբույժի սիրտը կանգ առավ 1978 թվականի հուլիսի 31-ին:

...Այդ մարդն իսկական դրոշակակիր էր: Քայլում էր առջեւից, հաղթահարելով դժբախտություններն ու դժվարությունները, որպեսզի մինչեւ սրտի վերջին զարկը լույս տանի մարդկանց: Եվ ի մեծ երջանկություն, նրա դրոշը չընկավ գետնին: Հոր ձեռքերից այն անցավ Մալայանին: Ալեքսանդր Սերգեյի Մալայանին, բժշկական գիտությունների դոկտորին, պրոֆեսորին, ակնաբուժության ամբիոնի վարիչին եւ Հայաստանի գլխավոր ակնաբույժին, ճիշտ ինչպիսին նրա հայրն էր:

Սերգեյի մահից քսան տարի անց տեղի ունեցավ այն, ինչը տրամաբանորեն եւ բարոյական տեսանկյունից պետք է որ տեղի ունենար: Արդեն աշխարհում հայտնի Հայկական ակնաբուժական կենտրոնը կառավարության որոշմամբ ստացավ իր հիմնադրի անունը: Շուտով կլինիկայի սրահում մեծ հանդիսավորությամբ տեղադրվեց Սերգեյ Վարդանի Մալայանի կիսանդրին: Եվ երբ նրա որդինՙ Ալեքսանդր Մալայանը, վերցրեց ծածկոցը, ես ուշադիր նայեցի իմ ընկերոջ բրոնզե բարի դեմքին եւ մտածեցի, որ նա ոտք դրեց անմահություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ