RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1268, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԱՐԵՎԻ ԵՎ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՏԵՂԱՊՏՈՒՅՏԻ ՄԵՋ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչի՞ համար է ընդունվել դրանց մասին ազգային ծրագիրը

Թե՛ արեգակնային, թե՛ քամու էներգիայի օգտագործման առումով Հայաստանը մեծ ներուժ ունի: Սա մենք չենք ասում, սա ասում են մասնագետները, փաստում են ուսումնասիրությունները, այդ մասին նշված է էներգետիայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում եւ, ի վերջո, ՀՀ կառավարության ընդունած «ՀՀ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում»: Մեր նախորդ հրապարակման մեջ («132 մլրդ դրամ կարող ենք տնտեսել միայն էներգախնայողությամբ», «Ազգ», 4 հունիսի, 2013 թ.) նշել էինք, որ 2007-ին ընդունված վերոնշյալ ծրագրով ահռելի խնայողություններ կկատարվեն էներգախնայող միջոցառումների շնորհիվ, որոնք սակայն, գործնականում չեն արվում, եւ մենք շարունակում ենք մեծապես կախված մնալ ներմուծվող վառելիքաէներգետիկ ռեսուրսներից:

«ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագրում» ներկայացված են նաեւ արեգակնային էներգիայի ներուժը եւ դրա զարգացման կանխատեսումներն ու ծրագրերը: Մասնավորապես նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պայմաններում արեգակնային ֆոտոէլեկտրական կայանի ներդրումային կապիտալ ծախսերը 1 կՎտ-ի համար կազմում են 2520 դոլար: Արեգակնային էներգիայի օգտագործման տնտեսապես եւ տեխնիկապես հասանելի հզորությունըՙ մինչեւ 100 ՄՎտ, հնարավոր է ապահովել մինչեւ 2020-ը` իրագործելով 250 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Արեգակնային էներգիայի օգտագործման աճը, ըստ կառավարության ծրագրի, հետեւյալ կերպ պետք է լիներ` մինչեւ 2010` 10 ՄՎտ հզորություն, 2015-ը` 25 ՄՎտ, 2020-ը` 65 ՄՎտ: Ընդ որում, արեգակնային ֆոտոէլեկտրական կայանի 100 ՄՎտ հզորության դեպքում, տարեկան էլեկտրաէներգիայի քանակը կկազմեր 270 մլն կՎտ/ժ, նվազեցնելով ածխաթթու գազի տարեկան արտանետումը 42960 տոննայով:

Այստեղ ի՞նչն է հետաքրքրական: Մի դեպքում նշվում է, որ մինչեւ 2020-ը հասանելի է 100 ՄՎտ արեւի էներգիայի հզորություն, մյուս դեպքում` այդ նույն ժամկետին պետք է ստեղծվեր միայն 65 ՄՎտ հզորություն: Այստեղ, իմիջիայլոց հիշեցնենք, որ մեր ատոմակայանի ներկայիս հզորությունը մոտ 400 Մվտ է: Իսկ այն, որ հասանելի է համարվում արեւի էներգիայի 100 ՄՎտ հզորությունը, բայց իրատեսական` 65 ՄՎտ-ը, կարելի էր ինչ-որ կերպ ընդունելի համարել, եթե այդ հզորությունների ստեղծման ուղղությամբ գոնե աննշան քայլեր տեսնեինք:

Փաստորեն, 2010-ին մենք պետք է ունենայինք արեւի էներգիայի 10 ՄՎտ հզորություններ, իսկ մեկուկես տարի հետ` 25 ՄՎտ, բայց առաջինը պարզապես չկա, իսկ երկրորդը տեսանելի չէ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում էլ ոչ մի տեղեկություն չկա, թե արեւի էներգիայի որքան հզորություններ ունենք: Հիշատակված են միայն մի քանի շենքերում արեւային տաքացուցիչների տեղադրման մասին: Ընդամենը եւ` ուրիշ ոչինչ: Սա նշանակում է, որ «ՀՀ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի» արեւի էներգիայի զարգացման միջոցառումները նույնպես չեն իրագործվում, ինչպես էներգախնայողության նպատակով նախատեսված քայլերը:

Ինչ վերաբերում է քամու էներգիային, ապա նախարարության կայքում դրա մասին եւս նշվում է, որ ունի մեծ հեռանկար եւ զգալի պաշարներ` «տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվում է մոտ 1,26 մլրդ կվտ/ժ: Սակայն այս դեպքում եւս քայլեր չեն արվում գոնե սկսելու այս ռեսուրսի օգտագործման ծրագրերը:

«ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագրում» նշվում է, որ հողմաէներգետիկ կայանի տեղադրված հզորության արժեքը կազմում է 1000 - 1300 դոլար եւ մինչեւ 2020-ը հողմաէներգետիկ կայանների գումարային տեղադված հզորությունը 100 ՄՎտ հասցնելու համար անհրաժեշտ է ներդնել 100-130 մլն դոլար: Այս դեպքում 2010-ին պետք է ունենայինք հողմային էներգիայի 26 ՄՎտ հզորություններ, իսկ 2015-ին` 45 ՄՎտ: Երեւի թե պարզ է, որ այս դեպքում նույնպես գրվածից ոչ մի բան չի կատարվել: Հայաստանում եղած հողմաէնեգետիկ միակ կայանը Պուշկինի լեռնանցքում կառուցվել է ավելի քան 10 տարի առաջ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կայքում նշվում է միայն, որ պատրաստվել է բիզնես առաջարկություն 20 ՄՎտ հզորության հողմաէլեկտրակայան կառուցելու համար:

Ելնելով վերոգրյալից, այլ կերպ, քան ողբալի, չի կարելի բնորոշել Հայաստանում քամու եւ արեւի էներգետիկայի վիճակը: Ավելի ճիշտ, կարելի է ասել, որ այնպես ինչպես էներգախնայողության դեպքում, այստեղ եւս ոչինչ արված չէ: Եթե այս «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագիրը» կառավարությունը չէր իրագործելու, ապա ընդհանրապես ինչի համար էր այն ընդունվել: Եվ վերջապես, դեռ որքա՞ն պետք է բարձրանա գազի գինը, իր հետ բերելով գնաճի բարձրացման եւ սոցիալական վիճակի վատթարացման, մինչեւ ընկալվի, որ այլընտրանքային էներգիայի եւ էներգախնայողության ծրագրերի իրականացումը հրատապ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ