RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2109, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 72

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ասենք, թե նախագահ Սարգսյանը հենց այսօր իր մոտ կանչի (ոչ թե հրավիրի) Սուրիկ Խաչատրյանին ու ոչ թե հերթական մեդալը տա, այլ պարզապես վտարի Հայաստանից, հետո՞... Այսինքնՙ դրանից ինչ-որ բան կփոխվի՞, ի՞նչ տարբերությունՙ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ապրում է նաեւ Սուրիկ Խաչատրյանը, թե՞ ապրում ենք մի երկրում, որտեղ Սուրիկ Խաչատրյանը չի ապրում: Ի վերջո, վերջինս կարող է մեկնել արտասահման (եթե արդեն չի մեկնել կամ դրա միտքը չունի), հանգիստ, իր կուտակած... զինամթերքովՙ չէ, այլ միջոցներով, մի գործ դնել, ավելի հարստանալ ու դառնալ... բարերարՙ ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամին մի հարյուր հազար դոլար նվիրաբերել ու հայկական բոլոր հեռուստաընկերությունների եթերում երեւալ: Հայաստանում, իհարկե, նրան կհիշենք, բայց կխոսեն նաեւ այն մասին, թե «ինչ հաճելիորեն փոխվել է Սուրիկ Խաչատրյանը», ու ինչպես Վանո Սիրադեղյանին, այնպես էլ Սուրիկ Խաչատրյանին, կարելի է հետ կանչել, խնդրել, որ գա: Ի դեպ, եթե Հայաստանը ոստիկանապետություն է, ինչպես հաճախ կարելի է լսել ընդդիմությունից, ապա այդ ոստիկանապետության հիմնադիրը հենց Վանո Սիրադեղյանն է: Նա, Սուրիկ Խաչատրյանից, իհարկե, սկզբունքորեն տարբերվում է, օրինակ, Վանոն արձակագիր էր, հրապարակախոս (երանի այդպես էլ մնար), բայց Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն արձակագիր չէ, այլ հազիվ թե ծանոթ լինի Վանո Սիրադեղյան արձակագրին, թեկուզ: Բայց, որպես պետական, քաղաքական գործիչ, այս երկուսը «նույնն» են, երկուսն էլ իրենց ժամանակների «մորոզ»-ներն են, երկուսից էլ կարելի է «մրսել», երկուսն էլ ունեն զորք, զինամթերք ու համարձակությունՙ կրակելու, եթե պետք է կրակել: Սիրադեղյանին Հայաստանից վտարեցին կամ հեռացրին, կամ խնդրեցին, որ հեռանա, բայց առանց Սիրադեղյանի Հայաստանը, պարզվեց, ոչնչով չի տարբերվում Սիրադեղյանով Հայաստանից: Հիմա նույնը կարող են անել Սուրիկ Խաչատրյանի հետ: Նախագահը նրան կարող է ոչ թե «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան տալ, այլ, օրինակ, Նոր Զելանդիայի տոմս: Համ արտասահման է, համ այնտեղ հայ հազիվ թե լինի, համ էլ մի տեսակ «աշխարհի ծայրն է» որ կա: Բայց, ինչպես տեսնում ենք մեր նորագույն պատմությունից, Խաչատրյանի մեկուսացումը չարքին ու «գաղջաստեղծներին» չի մեկուսացնում, իրավիճակ չի փոխում, բարոյականության չափանիշներ չի փոխում ու բարոյական դաշտի գերակայություն չի առաջացնում:

Հետեւաբար, Սուրիկ Խաչատրյանըՙ իր բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ, քավության նոխազ չէ: Որովհետեւ հետագայում մշտապես կգտնվեն էլի «սուրիկխաչատրյաններ», որոնք իրենց վրա` ինքնակամ, թե ստիպողաբար, կվերցնեն համակարգի ողջ գաղջն ու կհեռանան կամ կհեռացվեն:

Թե որտեղ է մեր խնդիրը, կարծում ենք, հասկանալի է, այն էլ վաղուց: Այն մարդկանց մեջ չէ, որքան էլ այդ մարդիկ համակարգ կազմեն, համակարգի մեջ է, մի համակարգ, որը ստեղծեցին եւ որտեղ մտան մարդիկ, ովքեր հենց նոր էին վերադարձել պատերազմից, ինչը, վերջին հաշվով, ամենասրբազանն անգամ լինելու պարագայում, հանցագործություն է, որովհետեւ պատերազմը մարդկային հարաբերությունների ամենասարսափելի դրսեւորումն է, հետեւաբար պատերազմից եկածները գիտեն, թե ինչ է մարդկային հարաբերությունների ամենասարսափելի դրսեւորումը: Պարզապես պատերազմից եկածներըՙ անխտիր բոլորը, պետք է ոչ թե իշխանություն դառնային ու համակարգ ստեղծեին, այլ վերականգնվեինՙ պատերազմից, որին եթե մասնակցել ես, ուրեմն ամեն օր տեսել ես, թե ինչպես են սպանում, այրում, ջարդում, ճզմում, բռնաբարումՙ մարդուն ու նրա երազանքները: Եթե այս ամենը չես տեսել ու եթե այս ամենն ինքդ չես արել, ուրեմն դու պատերազմից չես եկել ու չգիտես, թե ինչ է դա:

Հանգստանալ է պետք, եթե հնարավոր լիներ ազգովին գնալ որեւէ ծովափ, ապա հրաշալի կլիներ, հանգստանալ է պետք ու վերականգնվել է պետք, քանի որ երբ ցանկանում ես այլ կերպ ապրել, պետք է այնպիսի մի բան անես, ինչը երբեք չես արել: Իսկ մենք միշտ անում ենք այնպես, ինչպես արել ենք, գուցե հենց այդ պատճառով էլ երբեք չենք ապրել այնպես, ինչպես կցանկանայինք ապրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ