RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1179, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՍԻՐԻԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՀԵՏ Է ԳՐԱՎԵԼ ՔՈՒՍԵՅՐ ՔԱՂԱՔԸ

11 ամսում 280 օտարերկրացի գրոհային է սպանվել

Սիրիայի կառավարական զորքերը հունիսի 5-ին հայտարարել են, որ իրենք վերականգնել են հսկողությունը ռազմավարական կարեւոր կենտրոն Քուսեյր քաղաքի նկատմամբ: Երկրի պետական հեռուստատեսությանը վկայակոչելովՙ այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը նույնպես ուղիղ եթերում ցուցադրել է քաղաքի տեսարաններ, որտեղ երեւում են ավերված շենքեր, բայց չկան մարտերի շարունակման նշաններ, նշում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե սիրիացի ապստամբները շարունակում են վերահսկել մայիսի 19-ից պաշարված Քուսեյրի մոտ 1/3-ը: Նրանց դիմակայող կառավարական բանակը գործում էր իր դաշնակցիՙ լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման հետ մեկտեղ: Պաշարված ապստամբները չէին կարողանում օգնություն ստանալ, ինչպես նաեւ բուժման տանել վիրավորներին:

Ֆրանսպրես գործակալությունը մեջբերում է Քուսեյրի անկումից մի քանի ժամ անց Սիրիայի կառավարական բանակի տարածած այն հայտարարությունը, որ երկրի զինված ուժերը «չեն վարանի ճզմել զինյալներին սիրիական տարածքի բոլոր մասերում»:

Քուսեյր քաղաքը ռազմավարական կարեւորություն ունի ինչպես կառավարական զորքերի, այնպես էլ ապստամբների համար: Քաղաքը գտնվում է Դամասկոսը Սիրիայի միջերկրածովյան ափին միացնող խճուղու վրա, իսկ ծովափնյա շրջաններում ուժեղ են նախագահ Բաշար Ասադի դիրքերը: Ապստամբների համար Քուսեյրը փոխաբեռնման կետ է, որտեղով նրանք մինչեւ վերջերս Լիբանանից ստանում էին լրացուցիչ ուժեր, զենք եւ ֆինանսներ:

Ինչ վերաբերում է ապստամբների կորուստներին, Վաշինգտոնում գործող Մերձավոր Արեւելքի ինստիտուտը եւ նյույորքյան Flashpoint Global Partners ընկերությունը հրապարակել են զեկույց, ըստ որի վերջին 11 ամիսներին Սիրիայում սպանվել են տարբեր երկրներից եկած 280 գրոհայիններ: Նրանք մեծ մասամբ «Ան Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման անդամներ էին: Վերջինս հայտնի է «Ալ Ղաիդայի» հետ իր կապերով:

Հետազոտության հեղինակները նշում են, որ օտարերկրացի գրոհայինների մեծ մասը Սիրիա է եկել Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի արաբական պետություններից:

2012 թ. հուլիսից մինչեւ 2013 թ. մայիսն ընդգրկող 11 ամիսներին սպանված օտարերկրացի գրոհայիններից 60-ը Լիբիայի քաղաքացիներ են, 47-ըՙ Թունիսի, 44-ըՙ Սաուդյան Արաբիայի, 32-ըՙ Հորդանանի, 27-ըՙ Եգիպտոսի, 20-ըՙ Լիբանանի:

Նաեւ նշվում է, որ Սիրիայում սպանվել են ՌԴ 16 քաղաքացիներ, այդ թվում 5-ըՙ Չեչնիայից, 4-ըՙ Դաղստանից, 7-ըՙ այլ տարածաշրջաններից: Սպանված գրոհայինների մեջ կան նաեւ Ադրբեջանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ Թուրքիայից, Ալժիրից, Մարոկկոյից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Բուլղարիայից, Ավստրալիայից եկածներ: Հենց վերջերս Սիրիայում սպանվեց ԱՄՆ քաղաքացի Նիկոլ Մենսֆիլդը, որը իսլամ էր ընդունել եւ միացել սիրիացի ապստամբներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ