RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1971, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 73

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՐՁԱԾ ՔԵՐՐԻՆ ՉԻ ՄՈՌԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՀԱՅ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի արտգործնախարարը վաշինգտոնյան հանդիպումներն ավարտեց ու այսօր կլինի արդեն Վիեննայում

Վերջին 2-3 օրվա ընթացքում Վաշինգտոնում էր նախ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ապաՙ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Թե ինչ էին ասում-լսում Մամեդյարովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, «Ազգը» ներկայացրել է նախորդ համարում:

Նալբանդյանի հետ հունիսի 4-ի հանդիպմանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, հանգամանալից մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Պետքարտուղար Քերրին ընդգծել է, որ ԱՄՆ-նՙ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության եւ անվտանգության ամրապնդման համար:

Պետքարտուղարության կայքը տեղեկացնում է, որ Նալբանդյանի հետ հանդիպումից առաջ Քերրին հատկապես շեշտել է, որ ուրախ է ողջունել Նալբանդյանին նաեւ այն մոտեցմամբ, որ Մասաչուսեթս նահանգը հայտնի է մեծաթիվ հայկական համայնքով, որի նահանգապետն էր ժամանակին հենց Քերրին: «Ես բազմաթիվ ընկերներ ունեմ հայ համայնքում, եւ տարիներ շարունակ իմ հայ ընկերների հետ աշխատել ենք մի շարք դժվար հարցերի վրա», ասել է Քերրին:

Քերրին Հայաստանը ներկայացրել է որպես ԱՄՆ կարեւոր գործընկեր, շեշտելով, որ շատ այլ նախաձեռնությունների հետ կցանկանար մեկ օր լուծված տեսնել ղարաբաղյան հակամարտությունը: «Դա էական է բոլոր կողմերի համար, բոլոր ասելով նկատի ունեմ ադրբեջանցիներին, բայց նաեւ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, այլոց...», ասել է Քերրին:

Դրան ի պատասխան Նալբանդյանը նշել է, որ երկու երկրները սերտ փոխգործակցություն են հաստատել միջազգային բեմահարթակում, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը, խաղաղապահ գործողություններին մասնակցությունըՙ Կոսովոյից մինչեւ Աֆղանստան, ինչպես նաեւ այլ գլոբալ մարտահրավերներին վերաբերող հարցերում:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերովՙ «Հայաստանը եւ Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակովՙ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության»: «Մենք միակարծիք ենք նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների», ասել է Նալբանդյանը, որին ուղղված շնորհակալությունը ԱՄՆ պետքարտուղարը հասցեագրել է` Նալբանդյանին դիմելով անվամբ:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդուհետեւ քննարկել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները եւ այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարեւորել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման երկխոսության մեկնարկը, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:

Ջոն Քերրին վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունըՙ շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Ընդունելով Հայաստան այցելելու հրավերըՙ Ջոն Քերիին տեղեկացրել է, որ ցանկություն ունի դա իրականացնելու այս տարվա ընթացքում:

Նույն օրը Նալբանդյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես, հանդիպել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետՙ համանախագահներ Ֆրենկ Փալոնի ու Մայք Գրիմի գլխավորությամբ: Հայաստանի արտգործնախարարը կարեւորել է Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: Կոնգրեսականները ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը, նշելով, որ շարունակելու են իրենց գործունեությունը ի նպաստ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ բարեկամության զարգացման:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Դանիել Յոհանեսի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է կորպորացիայի կողմից Հայաստանում ծրագրերի վերսկսման հնարավորությունը:

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանն ուղեւորվել է Վիեննա, որտեղ այսօր` հունիսի 6-ին նախատեսված է նրա ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդումՙ որպես Եվրոխորհրդի Նախարարների կոմիտեի նախագահի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ