RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2550, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 85

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «3-4 ՏԱՐՈՒՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՏԿԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՓՈԽՎԵԼՈՒ Է, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԴՐԱՆ»

Մ. Խ.

Հայաստանի նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է երկրի էներգետիկ անվտանգության եւ տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ հարցեր: Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված նրա ելույթից պարզ է դառնում, որ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր, եւ դա թույլ է տվել երկրում վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Իսկ այդ ժամանակ եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխող շինարարության ճյուղիՙ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում:

Այսինքն` այս ընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը եւ զարգացումը փոխհատուցել եւ գերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության եւ ծառայությունների նոր ոլորտներ եւ տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավել առողջ կառուցվածքի: Եվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաեւ պետության եկամուտները.«Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք կամ անգամ գոհ: Իհարկեՙ ոչ: Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետեւանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգումը սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետեւից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծերՙ արագ եւ էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակՙ անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչեւ, ասենք, արեւային մարտկոցների հավաքում»: Նախագահն ասել է, որ 3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան:

Ըստ նախագահի` փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններովՙ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական եւ տնտեսական ականներն են սպառնում պայթել եւ պայթել շատ արագ ու կարծեսՙ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետեւանքները: Ընդդիմախոսներին բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց, իսկ վաղը այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու. «Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետեւ այդ երկրի իշխանությունները, փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացիՙ գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին»:

Նախագահն ասել է, որ մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը եւ դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար. «Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել», նշել է երկրի նախագահը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ