RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Կարծիք

Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2237, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 80

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ

ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ, Հայ կոմունիստ

Քաղաքական ֆելիետոնի փորձ

Հարգելի խմբագրություն, միայն վերջերս կարդացի ձեր օրաթերթի 2012 թ. օգոստոսի 25-ի «Ազգ. Մշակույթում» տպագրված «Մի տխուր նամակի առիթով» հոդվածը: Հեղինակըՙ Երվանդ Տեր-Խաչատրյանը, ոգեւորված «նոր» գաղափարներովՙ քննադատում է Ստեփան Շահումյանինՙ հերթական անգամ քար նետելով նրա պատմական վեհությանը, որով խանդավառված եւ ոգեւորված էին հայոց մեծերը: Ստեփան Շահումյանը Ռուսաստանի եւ միջազգային շարժման ականավոր գործիչ է, մարքսիստ, տեսաբան, սոցիալիզմի հրապարակախոս, ազգային հարցերի վերլուծման խոշոր տեսաբան, նրա «Ազգային հարցը եւ սոցիալ-դեմոկրատիան» ռեֆերատը ազգային հարցի մասին, «Ազգային կուլտուրաՙ ավտոնոմիայի հարց» նրա գաղափարի արդյունք է, որ հեղափոխությունից հետո Ռուսական կայսրության տակ ստրկացած բազմաթիվ մոռացված ազգություններ ստացան ազգային ավտոնոմ միավորների, ինքնավար հանրապետությունների եւ հանրապետությունների կարգավիճակ: Նա ջատագովն է ազգային-ազատագրական շարժման, ինքնորոշման, անկախության, որի փայլուն օրինակն են զորավար Անդրանիկի հետ ունեցած կապերը:

Ստեփան Շահումյանն էր Լենինին համոզողը, որ Կարսից վերադարձող ռուսական զորքը մնա Հայաստանում, որպեսզի թուրքերը նոր ոտնձգություններ չանեն: Նրա բնորոշմամբ, մարքսիզմը վեր է կանգնած բոլոր գաղափարներից, եւ Ս. Շահումյանը իր հզոր անհատականությամբ աշխարհին ներկայանում է որպես միջազգային բանվորական եւ կոմունիստական շարժման ականավոր հայ գործիչ:

20-րդ դարի ամենամեծ իրադարձությունը Մարքս-լենինյան գաղափարախոսության ծնունդ հզոր կոմունիստական շարժումն էր, որը ցնցեց հողագունդը, հիմք դրեց ազգային-ազատագրական շարժմանը, քայքայվեց եւ փլուզվեց ամբողջ գաղութային համակարգը, ՄԱԿ-ի համակարգի 51 պետությունները դարձան 193-ը, դա կատարվեց Լենինի գաղափարների շնորհիվ, որի առաջամարտիկներն էին Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը եւ բազում հայ որդիներ: 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունն անհրաժեշտ պայման ստեղծեց, որ 700 տարի պետականությունը կորցրած հայերը, պատմական տարածքի փոքր հատվածում 1918 թ. մայիսին ձեւավորեցին իրենց առաջին պետությունը:

Հարգելի պրն Երվանդ, ընդունենքՙ ես ձեր ուղեկիցն եմ, եկեք միասին շրջենք Հայաստանով...

Դեռեւս խոսքս չէի ավարտել, տեղի ունեցավ հրաշք. մեր աչքի առջեւ կինոժապավենի պես բացվեց 20-ական թվականների Երեւանը` իր մռայլ տեսքով, ամենուրեք ընչազուրկ փախստականներ, որբեր, պատերի տակ անօթեւան հիվանդներ: Պրն Երվանդը դիմեց ինձ. «Այլեւս չեմ կարող տանել այս ողբալի երեւույթը»: Քայլեցինք դեպի կենտրոն, հեռվից երեւաց Ղանթարը` Երեւանի ամենամեծ շուկան: Մի կողմում բերդի փողոցն էր, Աֆրիկովների տունը, դիմացը Ցախի փողոցն էր, Կոնդը եւ Ձորագյուղը, դիմացը Կոզեռնն էՙ գերեզմանոցը, քիչ ներքեւ Սիլաչի ներկատներն էին, դիմացը Դավայաթաղ իջեւանատունը: Մոտեցանք կենտրոնին, որը կոչվում էր «Շհար». այստեղ էին «Գրանդ հոթել» հյուրանոցը, «Չարխի փողոցը», ֆայլաբազարը, «Բուլվարը», շարունակվում էր Կրիվոյը, Զառաբի խանը, Համբարձումի խանը, որոնք հյուրանոցներ էին ձիերի եւ ավանակների պահպանման տեղերով: Հակառակ մասում Աստաֆյան փողոցն էր, որը վերջանում էր «Պլանի գլուխ» կոչված տարածքով: Այստեղ մենք հանդիպեցինք մի մեծ բազմության: Պրն Երվանդը հարցրեց. «Ովքե՞ր են»: Նրանք փախստականներ էին ու որբեր, նրանց հետ զրուցում էին Ալեքսանդր Մյասնիկյանը, Եղիշե Չարենցը եւ Մարտիրոս Սարյանը: Վճռում էին նրանց սննդի եւ ապաստան տալու հարցերը:

Պրն Երվանդ, եկեք տեսնենք, թե այդ «բռնապետ» բոլշեւիկները 70 տարիների ընթացքում Հայաստանում ինչպես բնակչության թիվը հասցրին շուրջ 4 միլիոնի, ստեղծեցին հզոր արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, աշխարհաճանաչ մտավորականություն, գիտնականներ, արվեստագետներ, բնակչության կենսամակարդակի աննախադեպ աճ: Օրական Հայաստան էր մտնում 29 գնացք, 183 պետություններին իր արտադրանքն էր վաճառում, աշխատանքով զբաղված էր 1,5 մլն մարդ, հայկական «Նաիրի», «Հրազդան» հաշվիչ տեխնիկայի գնորդները գերմանացիներն էին, Երկրից արբանյակի ղեկավարման գյուտը սովետահայ գիտնականի մտքի արգասիքն էր:

Մեր ճանապարհորդությունը շարունակենք Զանգեզուրում: Այսօր Զանգեզուրի մոլիբդենի հումքը վաճառում ենք Եվրոպային, որը բնորոշ է թույլ երկրին, հումքի պարունակության մեջ կան 10-ից ավելի ազնիվ եւ թանկարժեք մետաղներ: Եթե մենք հումքը վերամշակենք, ապա միավորի արժեքը 4 անգամ կթանկանա: Կոմունիստները այն թողել էին հետագա սերունդներին: Այսօր հանքերը շահագործվում են ագահաբար: Դյուրահավատ հայ ժողովուրդը չմտածեց, որ ոչնչացվում էր իր պապերի եւ հայրերի ստեղծած ժառանգությունը, միայն 2005-2006 թթ. մասնավորեցվեցին 4,7 մլրդ դոլարին համարժեք պետական համաժողովրդական սեփականության գործարաններ եւ ֆաբրիկաներ, իսկ պետբյուջե մուտք եղավ 362,0 մլն դոլարին համարժեք գումար: Մասնավորեցումը կատարվեց օբյեկտների իրական արժեքից 1000-1200 անգամ պակաս:

Քայլում էինք պանթեոնի ծառուղով, կատարվեց հրաշք: Մենք հայտնվեցինք դրախտի հայկական հատվածում, մեր առջեւ բացվեց մի հսկայածավալ խրախճանքի սեղան, որի շուրջը նստած էին մեր ազգային մեծերը, որոնք ամենից առաջ անհատականություններ էին իրենց գործով, էությամբ, ներաշխարհով, բարոյական կերպարով, ժողովրդին նվիրվածությամբ, փառահեղ մեծություններ գիտության, արվեստի, մշակույթի եւ տարբեր ասպարեզների: Որքան էին նրանք նման իրար իրենց մեծության մեջ, վեհությամբ, երկրի, ժողովրդի ապագայի հարցում ունեցած անհանգստությամբ: Իսկ սեղանի գլխավերեւում ամենայն հայոց սեղանապետ Հովհաննես Թումանյանն էր: Ինձ համար երջանկություն էր տեսնել հայոց մեծերին, նրանց պահանջով ես ներկայացրի մեր երկրում տեղի ունեցող դեպքերը եւ երեւույթները: Երբ խոսք գնաց նախագահական ընտրությունների մասին, առանձին-առանձին ներկայացրի նախագահի թեկնածուներին, ասելով, որ թեկնածուներից մեկը նստացույց էր անում, մյուսը ընտրական կանոնակարգից դժգոհ, ընտրարշավի կեսից հրաժարական տվեց, էն մյուսը նոր էր սկսել իր ծրագիրը ժողովրդին ներկայացնել, նրա դեմ մահափորձ կազմակերպեցին: 4-րդ նախկին վարչապետ ռեֆորմատորը միայն իր համար հասկանալի տնտեսական վերլուծություն էր անում: Հաջորդը էպոսագետ էր եւ իրեն նախագահ է հռչակել ու պահանջում էր, որ 3 նախագահները դառնան իր խորհրդականները: 5-րդն այդպես էլ չառանձնացավ որեւէ ձեւով եւ պատմության համար մնաց անբացատրելի երեւույթ: Ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին, վերընտրվեց նախկին նախագահը` 56,6 % քվեներով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրեց մասնակիցների 36,6 %-ը:

Հանգիստ լսելուց հետո Թումանյանը դիմեց ինձ` ժպտալով. «Տղա ջան, կարող ա դա իմ Սուտլիկ որսկանն ա»: Սեղանի անկյունից տեղից վեր կացավ Դերենիկ Դեմիրճյանը, որը լուռ լսում էր, դանդաղ մոտեցավ մեզ եւ ասաց. «Հովհաննես ջան, դու մի խառնվիր, դա իմ Քաջ Նազարն ա, 21-րդ դարին համապատասխան գործելաոճով»: Այնուհետեւ սկսվեցին վերջինիս քյալլագոզությունները:

Ուշացած խրախճանքի սեղանին մոտեցավ Կարեն Դեմիրճյանը: Մեր խմբին տեսնելով` ինձ ասաց. «Արա, ինչո՞ւ ես եկել: Շուտ չի՞»: «Կարեն Սերոբիչ, կարճ ժամանակով եմ եկել»: «Հետինդ ո՞վ է»: «Երվանդ Տեր-Խաչատրյանն է, բուհի դասախոս»: «Լսիր, էն Նաիրի Հունանյանը քաղաքում ֆռֆռում է, ասացի` բանտում փտում է: Ասա նրան, որ դրախտի կողմերը չերեւա: Արա, կոմունիստներով էլի բաժան-բաժա՞ն եք: Ասացի, որ մտածում ենք միավորվելու համար: Լավ ա, որ գոնե մտածում եք»:

«Ավարտվեցին Երեւանի ավագանու ընտրությունները», ասացի ես: Այն նոր նախաձեռնությունների եւ փոփոխությունների ընտրություն է, պետությունը կայունացնող շղթայի հերթական հանգրվանը եւ նոր մտահղացումների սկիզբը: Երբ լսում եւ տեսնում էինք ընթացող քարոզարշավը, քաղաքական գործիչների կրկնվող հերթական ճառախոսությունները եւ միմյանց հրմշտելով դեպի քաղաքապետի աթոռին տիրելու այդ մոլուցքը, ամեն տեղ կրկնելովՙ երեւանցիներ, ձեզ համար նոր պայմաններ, բարեկեցիկ կյանք, աշխատանք եւ այլ խոստումներ: Այսպես հայ ազգային ավանդական կուսակցության դաշնակները ասում ենՙ մինչեւ 2017 թ. մայրաքաղաքի կանաչ տարածքը կկրկնապատկենք, Դալման եւ Նորքը կդարձնենք հանգստյան գոտի: Մի՛ հավատացեք, միջամտեց նախկին քաղաքագլուխ Գուրգեն Փահլեւանյանը, նրանք ժամանակացույց չեն պահպանում:

Հայ ազգային կոնգրեսն ասում էՙ Երեւանում հաղթելով ճանապարհ կբացենք դեպի բուրգի գլուխը, պետությունը կհանձնենք ժողովրդին: Կեղծում ենՙ հաջողության դեպքում իշխանությունը կտան ԼՏՊ-ին, ասաց Գուրգեն Փահլեւանյանը: Երեւանը եւ պետությունը զավթելու ռազմատենչ հայտարարություններ արեցին «Բարեւ, Հայաստանը» եւ Վ. Օսկանյանը, վերջինս չնայած դժվար է խոսում, բայց ձեռքերի կոմպլիմենտար շարժումներով ներանձնական կատաղությամբ Երեւանը եւ իշխանությունը զավթելու ուղիներ է փնտրում: «Դրանց նույնպես չպետք է հավատալ, նրանք Արեւմուտքի նվիրյալներն են», ասաց նախկին քաղաքագլուխը: Իսկ հանրապետականները, երեւի գործի մարդիկ են, համեստ առաջարկներ անելովՙ մայրաքաղաքը ավելի լավը դարձնելու միտում ունեն: Դրանց կարելի է հավատալ, միջամտեց նախկին կառավարության նախագահ Բադալ Մուրադյանը: Պատանեկան ոգեւորությամբ` գեղեցիկ ժպիտը դեմքին մեզ մոտեցավ հանրաճանաչ դերասան Կարպ Խաչվանքյանը. «Լսեք, էդ քաղաքական փչանները իմ փչան Թեոդորին գերազանցող են»: «Իսկ Երեւանում երեւանցի կա՞,- դառը ժպտալով ասաց նախկին քաղխորհրդի նախագահ Գրիգոր Հասրաթյանը: - Հաղորդեք քաղաքական գործիչներին, որ երեւանցուն փնտրեն եվրոպական երկրների փախստականների ճամբարներում, Ռուսաստանի Դաշնությունում եւ նախկին սոցերկրներումՙ աշխատանք եւ ապաստան փնտրելիս: Իսկ ճարահատյալները, որոնք մնացել են, նրանց բնակատեղերում բարձրահարկ էլիտար շենքեր են խոյացել, նրանք բնավեր թռչունների պես թափառում են մերձակա գյուղերում, զբոսաշրջիկի կարգավիճակով երբեմն գալիս են Երեւան: Հեռվից դիտում են իրենց ապրած տեղերը, մեկ անգամ եւս հիշելով կեղծ ժողովրդավարների պարագլուխ ԼՏՊ-ինՙ իր արհեստավարժ եւ շինիչ տղերքին»:

Դրախտից դուրս գալով` մտախոհ քայլեցինք դեպի Թատերական հրապարակ` հանդիպելու Րաֆֆիին: Նա հերթական շրջագայությունից նոր էր վերադարձել: Թատերական հրապարակում միտինգ էր: Հեռվից լսվեց Ալի Բաբայի արհեստավարժ ավազակներից մեկիՙ Աշոտ Մանուչարյանի հռետորական ձայնը, որը 25 տարի արդեն վաղեմությունը կորցրած եռանդով աղմուկ բարձրացնելով, կեղծ հայրենասիրական ելույթ էր ունենում: Լսողին թվում էր, թե դրանք լոկ հնչյուններ են կամ բառակապակցություններ: Նա կրկնելով հերթական շարականը, թե Թատերական հրապարակում ձեւավորվեց մեր պետությունը եւ անկախությունը, 25 տարի առաջ այս հրապարակից սկսվեց մեր գործունեությունը, այս հրապարակը պետք է ղեկավարի պետությունը:

Ընտանի թռչուններին բնորոշ հիշողությունը կորցրած հռետորը իդեան թաքցրած քաղաքական շրջմոլիկի պես ցանկանում էր արկածային հերոս դառնալ: Պարոն Աշոտ Մանուչարյան, եթե լսելու եւ ընկալելու խնդիր չունես, ապա հասկացիր, այսօր այլեւս չկան միամիտներ եւ խաբվածներ, 25 տարի ժողովուրդը ճաշակեց ձեր կեղծ հայրենասիրական սատանա-հուդայական քաղաքականության հետեւանքները: Այսօր սոցիալական ծանր վիճակը չարիք դարձած ծանրացել է նրա ուսերին: Բավական է, մարդկային ցեղի «զարդարանքներ», ամեն ինչին դիմացող սեփական ազգին դանդաղ տանում եք ոչնչացման:

Խաթարվում է պետության անվտանգությունը: Ղեկավար այրերը պետք է շուտափույթ կանխարգելիչ միջոցների դիմեն: Հարգելի պրն. Երվանդ, ես չգիտեմ, թե քեռի Սեմը ինչպես վարձահատույց կլինի Երեւանի Թատերական հրապարակում Արեւմուտքի գաղափարները տարածողներին:

***

Հարգելի ընթերցող, ավարտելով խոսքս, ներողություն եմ խնդրում քո կորցրած ժամանակի համար, որ տրամադրվեց մեզ հետ շրջագայելուն: Հոդվածում միահյուսված է իրականությունը, երեւակայությունը եւ ունի ենթատեքստ, որը մեր այսօրվա կյանքի ողբերգական էջերից մի հատված է:

Նկար 1. Երեւանի Ղանթարը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ