RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1799, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին տարիներին մեր հասարակության կարեւորագույն ձեռքբերումներից է քաղաքացիական հասարակության ձեւավորումը: Թեպետ այն կայացման փուլում է, սակայն կարողացել է որոշակի դիրք գրավել եւ իր ձայնը լսելի դարձնել: Շատերն ակտիվիստներին համարում են այս կամ այն պետությունից գրանտ ստացողներ, որոնք այս կամ այն կազմակերպությունից որոշակի վարձավճարով բողոքի ցույցեր են կազմակերպում: Եթե անգամ այդպես է, քաղաքացիական հասարակության այդ անդամներն ու նրանց կազմակերպած միջոցառումները կարողանում են զսպիչ օղակի դեր կատարել եւ աղմուկ հանելով կառավարության սխալ եւ հակաօրինական որոշումների դեմՙ պայքարել, երբեմն հասնելով նաեւ հաջողության:

Մի քանի օր առաջ քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամներ, բնապահպաններ ու ակտիվիստներ Մատենադարանի դիմաց էին. նրանք սպասում էին Հայաստան ժամանած արքայազն Չարլզին, որպեսզի տեղեկացնեն մեր երկրում հանքարդյունաբերության ահռելի չափերի ու վնասների մասին: Արքայազնն ու հրավիրող կողմը, ամենայն հավանականությամբ չցանկանալով հայտնվել տհաճ իրավիճակում, Մատենադարան մուտք գործեցին հետնամուտքով: Բնապահպաններն էլ բաց նամակ գրեցին արքայազնին, որը տարածվեց ԶԼՄ-ներով: Մատենադարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան նվիրված էր Ջերմուկի Ամուլսարի ոսկու երկու հանքերի շահագործմանը, որտեղ իր ներդրումն ունի նաեւ Մեծ Բրիտանիան: Այս եւ այլ նախաձեռնությունների ու հանդիպումների ժամանակ ակտիվիստները պահանջում են մեկ բան` դադարեցնել հանքարդյունաբերությունը: Նման կտրուկ պահանջըՙ կառավարության եւ արտերկրյա ներդրողների առաջ, իհարկե որեւէ արդյունքի չի հանգեցնի: Պահանջը, մեղմ ասած, իրատեսական չէ: Աշխարհի բազմաթիվ երկրներում հանքարդյունաբերությունը համարվում է զարգացած ճյուղ: Մեր երկրում էլ տնտեսական գերակա ճյուղերից մեկն է: Հանքարդյունաբերությունը զարգացած է ինչպես Գերմանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում, այնպես էլ ասիական երկրներում: Մասնավորապես Չինաստանի տնտեսական կտրուկ զարգացումը կապված է հենց հանքարդյունաբերության հետ, սակայն գործունեության այն մոդելը, որ ընտրել է Չինաստանը, ուղղակիորեն վտանգավոր է Հայաստանի համար: «Նվազագույն ծախսերով առավելագույն օգուտ»: Սա չինական կառավարության որդեգրած սկզբունքն էր հանքարդյունաբերության զարգացման սխեման ծրագրելիս: Եվՙ միլիոնավոր դոլարների օգուտ, հազարավոր հեկտարներով ոչնչացված բնություն եւ կորցրած առողջություն: Չինաստանը կարող է իրեն թույլ տալ նման «շռայլություն»` հաշվի առնելով տարածքներն ու բնակչության թվաքանակը: Հայաստանի համար դա մահացու է, սակայն մենք էլ ենք որդեգրել նույն սկզբունքը: Հայաստանում գործող հանքերի թիվը հասնում է մի քանի հարյուրի: Դրանց մեծ մասը շահագործվում է բաց եղանակով, թափոնների համար չկան նախատեսված առանձին պոչամբարներ, թափոնները լցվում են մոտակա գետերն ու լճերը: Եվՙ այլանդակված բնություն, թունավորված ոռոգման ջուր եւ գյուղմթերքներ: Երկու տարի առաջ հանքարդյունաբերական երկու խոշոր կենտրոններում` Սյունիքում եւ Լոռիում արված հետազոտությունների արդյունքների համաձայնՙ փնթի աշխատանքի հետեւանքով երկու մարզերի ոռոգման համար նախատեսված գետերն աղտոտվել էին, գյուղատնտեսական հողերը` նույնպես, իսկ գյուղմթերքերի մեջ ծանր մետաղները մի քանի անգամ գերազանցում էին նորման: Եվրոպական երկրներում այս հարցը վաղուց է լուծված: Հանքերի շահագործումը միայն փակ եղանակով է կատարվում, առանց բաց պայթեցումների, կան հատուկ կառուցված պոչամբարներ թափոնների համար, եւ կառավարության կողմից տրվում է պարտավորությունՙ երկու անգամ ավելի շատ ծառ տնկել որեւէ այլ հատվածում: Այս գործընթացին Եվրոպայում հետեւում են թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքացիական հասարակության անդամներն ու շատ ակտիվ գործող կանաչների կուսակցությունը: Հույս դնել, որ մեր բնապահպանության նախարարությունը նման պահանջներ կդնի ու կհետեւի դրանց իրականացմանը` հեքիաթի ժանրից է, հետեւաբար գործը կրկին մնում է ակտիվիստների ուսերին, սակայն այս անգամ պետք է պահանջները հստակեցնել, որպեսզի ամեն ինչ կատարվի օրենքի շրջանակներում եւ հօգուտ պետության ու ժողովրդի, այլ ոչ թե կառավարության եւ անհատ ներդնողների: Հստակեցված պահանջներով եւ կետերով պայքարի ձեւն ավելի բովանդակային կդառնա, եւ հասցեատերերն էլ կիմանան, թե իրենցից ինչ են պահանջում եւ որ հարցերում են իրենք օրենքը խախտել:

Բացի դրանիցՙ հանքարդյունաբերության ոլորտում էլ պետք է փոփոխություններ կատարվեն, ու շեշտը դրվի ոչ թե հումքը վաճառվել են, այլՙ պատրաստի արտադրանքի վրա. դա մի քանի անգամ ավելի թանկ կվաճառվի, եւ հանքարդյունաբերության օգուտը նկատելի կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ