RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1559, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 55

PKK-Նՙ ԱՄՆ-Ի ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դա չի նպաստի Թուրքիայում քրդերի հետ սկզբնավորված հաշտեցման գործընթացին

Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2012-ի ահաբեկչություններին վերաբերող զեկուցագիրը: Հետաքրքրական է զեկուցագրի Թուրքիային վերաբերող հատվածը: Այս հատվածում PKK-ն ներկայացվում է իբրեւ ահաբեկչական ամենավտանգավոր կազմակերպություն, նշում է, որ գործունեություն է ծավալում Հյուսիսային Իրաքում ու Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում, դարձնելով գլխավոր թիրախ թուրքական անվտանգության ուժերին:

Զեկուցագիրը Թուրքիայում գործունեություն ծավալող ահաբեկչական կազմակերպությունների թվում նշում է նաեւ Ժողովրդի ազատագրության հեղափոխական կուսակցություն-ճակատինՙ DHKP-C-ին, «Հզբոլլահին», «Իսլամական ջիհադ» միությանը, «Ալ Ղաիդայի» համակիրներին, Թուրքիայի բանվորա-գյուղացիական ազատագրության բանակին, եւ ընդգծում է. «Որքան էլ վերջիններս ակտիվությամբ աչքի չընկեն, թուրքական կառավարությունը նրանց համարում է պոտենցիալ սպառնալիք»:

Ըստ զեկուցագրի, 2012-ին PKK-ն Թուրքիայում իրականացրել է ահաբեկչական 226 հարձակում, թուրքական անվտանգության ուժերի ձեռնարկած ռազմական գործողություններում սպանվել է 494 ահաբեկիչ, 21-ըՙ վիրավորվել, 44-ը ձերբակալվել են, գերի է հանձնվել 155-ը:

ԱՄՆ պետքարտուղարության զեկուցագրի Թուրքիային վերաբերող հատվածն ունի նաեւ PKK-ի բաժին, որտեղ վերջինը համարվում է ահաբեկչական կազմակերպություններից ամենաարյունահեղը, ապա եւ շարունակում. «PKK-ն պայքարում էր Թուրքիայի հարավ-արեւելքում անկախ քրդական պետություն ստեղծելու համար: Սակայն վերջին տարիներին սկսել է արտահայտվել թուրքական պետության մեջ ինքնավարություն ձեռք բերելու մասին: PKK-ի կալանված ղեկավար Աբդուլլա Օջալանը պահպանում է կազմակերպության «խորհրդանշական առաջնորդի» կարգավիճակը, PKK-ականների ընդհանուր թիվը 4-5 հազար է, գրոհայինների 3-3,5 հազարը տեղակայված են Հյուսիսային Իրաքում, Օջալանի եւ թուրքական կառավարության հաշտության բանակցությունները սկսել են 2012-ի վերջերին»:

Հիշեցնենք, որ առաջնորդ Օջալանի ընթացիկ տարվա մարտի 21-ին Դիարբեքիրում հնչած ուղերձը, որտեղ նա զենքը վայր դնելու եւ Թուրքիայի սահմաններից հեռանալու կոչով դիմել էր PKK-ի մարտիկներին, այդ բանակցությունների արդյունքն են: PKK-ականները մայիսի 8-ից հեռանում են երկրից, պարզապես առանց զենքը վայր դնելու, ելնելով 1999-ի փորձությունից, որովհետեւ այդ թվին նրանք անզեն հեռանալիս ընկել էին թուրքական անվտանգության ուժերի ծուղակը եւ 500 զոհ տվել:

Զեկուցագրի մասին երեկ նշել էր թուրքական «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը, ընդգծելով, որ PKK-ն շարունակում է մնալ ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Հաշվի առնելով PKK-ի հետ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության սկզբնավորած հաշտեցման գործընթացին պաշտոնական Վաշինգտոնի միանգամայն դրական մոտեցումը, առնվազն տարօրինակ է թվում քրդական այդ կազմակերպությանը ահաբեկչական համարելու ամերիկյան կեցվածքը:

Դա ամենեւին չի նպաստի հաշտեցման գործընթացին, միաժամանակ անհամատեղի է գործընթացին դրական վերաբերմունք ցուցաբերելու Վաշինգտոնի դրսեւորումների հետ: Ինչո՞վ բացատրել: Ըստ երեւույթին նախագահ Բաշար Ասադի վարչակարգին աջակցելու PKK-ի պատրաստակամությամբ: Ի դեպ, մինչ քրդական այս կազմակերպության սիրիական թեւըՙ PYD-ը գործնական աջակցություն էր ցուցաբերում Սիրիայի կառավարական զորքերին, ընդհարվելով խռովարարների հետ, Թուրքիայից Հյուսիսային Իրաք անցած PKK-ականներն էլ շտապում էին հյուսիսարեւելյան Սիրիա, որ օգնեն PYD-ին: Այս հանգամանքը խիստ սրել էր PKK-ի եւ Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի ղեկավարության հարաբերությունները, եւ նախագահ Մասուդ Բարզանին փակել էր Սիրիայի հետ սահմանը:

Այլ կերպ, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի հովանավորությունը վայելող Քուրդիստան շրջանի ղեկավարությունը դեմ է Ասադի վարչակարգին, ինչպես եւ Էրդողանի կառավարությունը: Ինչ վերաբերում է «Ազատ Սիրիայի բանակին», ապա սրա վարձկաններն էլ PKK-ին են դեմ, նույնիսկ առաջարկել են թուրքական կառավարությանըՙ չեզոքացնել PKK-ականներին: Չեզոքացնելու այս պատրաստակամությունը որքանով է նպաստել PKK-ականների Թուրքիայից հեռանալու որոշմանը կամ թուրքական կառավարությունը օգտագործել է դաՙ որպես որոշումը արագացնելու միջոց, չգիտենք: Բայց որ այս ամենը ավելի քան խճճում է PKK-ականների Թուրքիայից հեռացման գործընթացը, ակնհայտ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ