RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1047, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 49

«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԻ ՊԵՏՐՈԳԼԻՖՆԵՐԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բեռլինում, արտգործնախարարության շենքում բացված լուսանկարչական ցուցահանդեսում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հնագիտության վարչությունն առաջին անգամ ներկայացնում է Հայաստանի 4000-ամյա ժայռապատկերները: Մայիսի 21-ին բացված «Հավերժական պատկերներ.Հայաստանի բարձրավանդակի պետրոգլիֆները» վերնագրյալ ցուցահանդեսի առիթով ԱԳՆ-ի տեղեկագրում կարդում ենքՙ ի տարբերություն ժայռապատկերներով հարուստ միջինեվրոպական այլ շրջանների, որ վաղուց են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս դարձել, պատկերների այս աշխարհը մինչեւ օրս գրեթե անծանոթ է:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հնագետները ջանում են ճանաչել տալ Հայաստանիՙ աշխարհում եզակի ժայռապատկերներըՙ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս, իրազեկում են գերմանական մի շարք լրատվամիջոցներ: Առաջին անգամ հնագիտության երկրամասային վարչությունը Բեռլինում ներկայացրել է իրենց հետազոտության արդյունքըՙ բրոնզեդարյա 1000-ից ավելի ժայռապատկերների ցայժմ վավերագրված մոտ 500-ի լուսանկարները: «Թեպետ դժվար է համաշխարհային ժառանգության մաս ճանաչելը, բայց հայաստանյան ժայռապատկերները լավ հնարավորություն ունեն դա ստանալու», ասել է վարչության ղեկավար Հարալդ Մելլերը , որի ղեկավարած 15-հոգանոց մասնագիտական թիմն անցյալ ամառ հայկական բարձրավանդակում Ուղտասարի ժայռապատկերներն է ուսումնասիրել: 2000-3500 մետր բարձրության վրա գտնվող տարածքում գիտնականները 40 հեկտար կազմող հանգած հրաբխային տարածք են հետազոտել, որ բաղկացած է բազալտի հազարավոր ժայռաբեկորներից, որոնց վրա քարայծի, հովազի, արջի, այծի, մարտիկների պատկերներ են դրոշմված: Ժայռապատկերների եզակիությունը ոչ այնքան դրանց մեծաքանակ լինելով է պայմանավորված, որքան 4000-ամյա լավ պահպանված պատկերների գեղեցիկ արտահայտչականությամբ: Հեռակառավարվող փոքրիկ ուղղաթիռով փորձագետները 4 շաբաթում տեղանքը կարողացել են չափագրել եւ լուսանկարել: Թեպետ հայ հնագետներին վաղուց ի վեր հայտնի է եղել հնադարյա մշակութային եզակի հարստությամբ այս տարածքը, սակայն տեխնիկայի բացակայությունը խոչընդոտել է հետազոտությանը, բրիտանացի գիտնականների ջանքերն էլ բավարար չեն եղել նպատակին հասնելու համար:

Հիշեցնենք, որ 1996-ին Հայաստանի եւ ԳԴՀ-ի միջեւ կնքված մշակութային համաձայնագրով Սաքսոնիա-Անհալթ երկրամասն է համագործակցող կողմը, 2008-ից Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները սերտ համագործակցում են գերմանացիների հետՙ հատկապես հնագիտության եւ հուշարձանների պահպանության բնագավառում:

Եթե ամեն բան բարեհաջող լինի, առաջիկա 10 տարում գերմանացիների օգնությամբ հնարավոր կլինի Ուղտասարի ժայռապատկերները համաշխարհային ժառանգության մաս ճանաչելու առաջարկ ներկայացնել: Մինչ դիմելը երկար նախապատրաստական աշխատանք կա անելուՙ մասնավորապես պետք է փաստել ներկայացվող հարստության եզակիությունը, առանձնահատկությունները, ինչո՞վ են տարբերվում արդեն ճանաչում գտած մյուս ժայռապատկերներից, որ հայտնաբերվել են Ֆրանսիայում եւ Իսպանիայում: Մելլերը կանխատեսում է, որ առաջիկա ամառ իր թիմի հետ մի նոր նախագծով մեկ անգամ եւս կլինի տեղանքումՙ 500-ից ավելի ժայռապատկերների նմուշ վավերագրելու նպատակով:

Բեռլինում բացված ցուցահանդեսը կարելի է դիտել մինչեւ հունիսի 12-ը, աշխատանքային օրերինՙ ժամը 10-18-ը: Մուտքն ազատ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ