RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 870, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ԲՈԼՈՐԻՍ ՏՈՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Սուրեն Թ. Սարգսյան, ԳԱԱ Պատմ. ինստ.ի առաջատար գիտաշխատող

ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս, աշխարհասփյուռ հայությանը, մաղթում նոր հաղթանակներ, քանակական եւ որակական նոր բարձունքներ, լուսավոր գալիք, հայության վերահավաք մայր հայրենիքում:

Ճշմարիտ է ասվածՙ պատմությունը մարդկային հիշողությունն է, նրա գրավոր կենսագրությունը եւ յուրաքանչյուր սերունդ հաջորդներին հանձնում է կատարված գործերի սեւագրությունը: Ուստի նա կյանքը պետք է ապրի-սեւագրի այնպես, որ հետո կարդալիս ափսոսանքի ու, առավել եւսՙ ամոթի զգացում չունենա: Եվ եթե որեւէ գրվածք հնարավոր է մաքարագրել, խմբագրել, ապա ապրած կյանքի պատմությունը հավերժ մնում է անփոփոխ, այսինքնՙ սեւագիր: Ստացվել է այնպես, որ ի տարբերություն հաջողակ աստղի տակ ծնված ժողովուրդների, հայերը մաքառումներով լեցուն ու հարուստ կենսագրություն են կերտել, հաճախ իրենց արյամբ ներկել հայրենի հողը, նրանց կրծքի վրայով վեր ու վար են արել, իրար հերթափոխել ասպատակությամբ ու թալանով գոյատեւող ցեղեր ու ժողովուրդներ: Կարճ ասածՙ հային բաժին հասավ դժվարը, անհնարինը հաղթահարելու առաքելությունը, քանզի նա դիմացկուն էր, կարող էր, կենսունակ, ապրող, արարարող, հանճարներով աշխարհին ու մարդկությանը զարմացնող եւ այդ ամենով էլՙ եզակի: Քանզի մեկ ուրիշը, թույլը, չէր դիմանա ու հենց դրա համար էլ Արարիչը հենց մեզ բաժին հանեց այս կռվառատ տարածքն ու աշխարհում գոյություն ունեցող բոլոր գույները պարունակող կենսագրությունը: Սակայն հայը երբեք չընկրկեց, այլ կերտեց սեփական ու յուրակերպ ճակատագիրը, որն իրավամբ, խիստ տարբերվում է մյուսներից, զարմանք ու հիացմունք պատճառում հանուր մարդկությանը:

Հայոց բազմադարյա պատմության մեջ եղել են ժամանակահատվածներ ու իրադարձություններ, որոնք, հատկապես, երբեք անցյալ դառնալ կամ, առավել եւս, մոռացվել չեն կարող, քանզի դրանցից յուրաքանչյուրի մեջ խտացված ու ամփոփված է հարազատ ժողովրդի ամբողջական նկարագիրը: Այդպիսի կարեւոր, վճռական ու դիմորոշ ժամանակահատվածներից մեկն, անշուշտ, XX դարի առաջին քառորդն էր` հայոց պատմության ամենահուզումնառատ, ողբերգական եւ, միեւնույն ժամանակ` հերոսական հատվածը: 1918թ. մայիսի 28-ին երկարդարյա ընդմիջումից հետո, համառ ու անզիջում կռիվներին զուգընթաց, ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Ի տարբերություն մեր հարեւան Վրաստանի ու Կովկասյան թաթարների, որոնց անկախությունը մատուցվեց սկուտեղի վրա, հայերը, լարելով ամենավերջին ուժերը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ու, հատկապես, Սարդարապատի գոյամարտերում կռեցին, նվաճեցին տեւական ժամանակ կորսված անկախությունը: Ինչ արած, մեզ միշտ դժվարն է բաժին ընկել, մենք ենք մեր հաղթանակները նվաճել:

Այսօր, պատմական հեռվից երբ դիտարկում ես կատարվածը, բաղդատում փաստերն ու եղելությունները, փորձում հասկանալ թե ինչն ինչպես եղավ, ոչինչ չի ստացվում: Քանի որ սովորական դեպքերում այդ հաղթանակները, մեղմ ասած, ռազմական եւ մնացյալ բոլոր տեսանկյուններից անտրամաբանական էին: Չի էլ ստացվի, եթե չկարողանաս ըմբռնել հայի ոգու վեհությունն ու հայ էթնոսի գենի գերկենսունակ լինելու իրողությունը: Կարճ ասած` առանց հայի կոդի բացահայտման, պատճառաբանել, հասկանալ ու ըմբռնել այդ ամենը, չի ստացվի:

Տոնական այս օրերին թեեւ պատմաբանի մասնագիտական որակներս պնդում, ստիպում են գիտական հոդված գրել, հրապարակել վերջերս արխիվներից ու մամուլից հավաքած նյութերը, համապատասխան վերլուծություններ կատարել, գիտական եզրահանգումներ, սակայն հոգիս ըմբոստանում է, հարկադրում այս անգամ սրտի խոսք ասել, կիսվել, զգուշանալ ու զգուշացնել, որ այլեւս սխալվելու իրավունքը չունենք, այլեւս կորցնելու հնարավորություն տրված չէ մեզ:

Այս նկատառումով էլ ուզում եմ մի քանի դիտարկում կատարել.

Հաճախ ենք լսում, երբեմն նաեւ լուրջ գիտական աշխատություններում կարդում, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվել է բացառապես մեկ կուսակցության ուժերով, նրա կողմից եւ շատ հաճախ այդ վտանգավոր ու վնասակար թեզերում կորչում անհետանում են մյուս բոլոր ուժերը, երբեմն, նույնիսկ անտեսվում է ժողովրդի վճռորոշ դերակատարությունը: Այնինչ, իրականում պատկերը բոլորովին այլ կերպը ունի: Անկախությունը նվաճվեց ամբողողջ ժողովրդի կողմից, այն էլ` ուժերի գերագույն լարումով, օրհասական պահի խորը գիտակցմամբ, ամենաթանկագին կյանքի նվիրաբերումով: Պատմությանը տեղյակ ցանկացած մարդ չի կարող, իրավունք էլ չունի չնկատել ժողովրդին դեպի բաղձալի հաղթանակն առաջնորդող քաղաքական ուժի անգնահատելի դերակատարությունը, վճռական պահերին ժողովրդի հետ մարտնչելու, նորաստեղծ տարափոխիկ հիվանդություններով պատված ու գաղթականառատ հանրապետության ցավերը դարմանելու, բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները լուծելու պատրաստակամությունը: Սակայն, անհրաժեշտ է նաեւ նկատել, որ հաղթանակը նախ ժողովրդինն է, հետո նաեւ` բոլոր քաղաքական ուժերինն ու կուսակցություններինը, որոնցից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ներդրում ունեցավ այդ ազգանվեր գործում: Փաստեր` ինչքան ուզեք, բայց քանի որ այսօր հոգեզրույցի ենք, վկայակոչումները թողնենք այլ անգամների: Պարզապես նշենք, որ դեռեւս Կամավորական շարժման արշալույսին, ողջ հայությունը աշխարհի տարբեր ծայրերից ձայնը բարձրացրեց ու իր պատրաստակամությունը հայտնեց դարավոր ոսոխին արժանի հարված հյասցնելու համար: Առանց կուսակցական պատկանելության, առանց տարիքի ու սեռի տարբերության եւ ունեցած նյութական հնարավորությունների չափի, բոլորը մեկ մարդու նման ոտքի ելան սատարելու նորաստեղծ, դարեր սպասված ու երկունքի տառապալից ցավերից ծնված նորածին Հանրապետությանը: Որը դրսեւորվեց մի դեպքում չխնայելով վերջին կոպեկն ու զարդեղենը նվիրաբերելու, մյուս դեպքում միակ զավակին ու սիրած տղային մատաղվելու ուղարկելու, ժամանակի համար ֆանտաստիկ համարվող օդատորմիղ գնելու եւ նվիրաբերելու եւ, վերջապես, դարավոր թշնամու դեմ կռվող հայրենի ու օտար բանակներին ու լեգեոններին անդամագրվելու ու սեփական կյանքը չխնայելու ձեւերով:

Այսօր էլ կան մարդիկ, քաղաքական կիսատ-պռատ ուժեր, որոնք փորձում են սեփականաշնորհել մերօրյա հաղթանակները, դափնեկռիվ ծավալել: Չէ, թույլ չենք տա: Պարզապես կասենք` սթափվեք բարեկամներ, ամբիոններից պատկերավոր ճառելը չի եղել ու չի լինի որեւէ հաղթանակի գրավական: Նաեւ կհիշեցնենք` բոլոր դարերում մեր բոլոր հաղթանակները կռել է ժողովուրդը: Միաժամանակ չենք անգիտանում հայտնի մի ճշմարտության` ժողովրդին հաղթանակների են մղում խելացի, պատմություն կերտող առաջնորդները եւ մեր խոնարհումն ու մեծարանքը մշտապես կբերենք նրանց:

Ուզում եմ դիմել նաեւ մեր այսօրյա պատմագիրներին, հատկապես երիտասարդ, մոդային տուրք տվող, նորովի ու յուրովի հայոց պատմությունը ներկայացնողներին: Քննադատելով խորհրդային պատմագիտությանն ընդգծված կուսակցականության եւ փաստերը նենգափոխելու համար, նույն վտանգավոր քայլերը թույլ եք տալիս նաեւ դուք` հաճախ պատմության շատ հարցեր կուսակցականացնելով ու միակողմանի մեկնաբանելով: Վստահ եղեք, դա ճիշտ ճանապարհը չէ: Հարկավոր է ցանկացած դեպքում պահպանել միասնական ոգին, ուսանողների մեջ սերմանել «հավերժ բարեկամներ ենք` անկախ կուսակցական պատկանելիությունից» կենսունակ ու բոլոր ժամանակներում քննություն բռնող թեզը:

Առաջ գնալու, ապագայում հաղթանակներ ունենալու համար խիստ անհրաժեշտ ու ավելի իրատեսական կլինի այն, որ միմյանց շնորհավորելու, բարեմաղթանքներ փոխանակելու եւ պայծառ գալիքի կանխատեսումներ անելուն զուգընթաց, հենց այսօր, հենց այս պահին յուրաքանչյուրս մեզ հարց տանք. ազգօգուտ ինչ ենք արել մինչ օրս, ինչ ենք անում եւ ինչ ենք պատրաստ անելու:

ք. Երեւան 28.05.2013թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ