RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1777, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԸ, ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆ ՈՒ 65 ՉԻՆԱՐԻՆԵՐԸ

Հ. Հ.

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի այցելությունը Հայաստան բարձրացրեց մեծ աղմուկ եւ հետաքրքրություն: Անշուշտ, թագավորական տոհմի նշանավոր ներկայացուցչի այցելությունը հատկանշական էր, սակայն գլխավոր հարցն այն էր, թե ինչո՞ւ է նման հայտնի անձնավորությունը գալիս Հայաստան: Երկար ժամանակ այցի, հանդիպումների կապակցությամբ որեւէ լուր չէր հրապարակվում:

Միայն այցելությունից երեք օր առաջ պարզվեց, որ արքայազնը ժամանում է Երեւան «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանի հրավերով:

Մայիսի 28-ին Երեւան ժամանած արքայազնի առաջին կանգառը եղել է Մատենադարանը, որտեղ նրան սպասել են բազմաթիվ բնապահպաններ ու ակտիվիստներ: Արքայազնը Մատենադարան է մտել հետնամուտքով եւ չի հանդիպել ոչ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ոչ էլ բողոքի ակցիայի մասնակիցներին: Սակայն դա չի հիասթափեցրել բնապահպաններին, եւ նրանք բաց նամակ են գրել արքայազանինՙ տեղեկացնելով, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը «Լիդիան ինթերնեյշընըլ» հանքարդյունաբերական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է, եւ ընկերությունը նպատակ ունի Ջերմուկում ոսկու երկու հանքավայր շահագործել: Բնապահպանները նամակում ներկայացրել են Ամուլսարի հիմնախնդիրներն ու հավաստիացրել, որ հանքի շահագործումը կվնասի բնությանը, կենսաբազմազանությանն ու Ջերմուկի առողջարանային գոտու հանքային ջրերին: «Ձեր մտերիմները ձեզ կփորձեն համոզել, որ բրիտանական ներդրումները Հայաստանին շատ անհրաժեշտ են եւ աշխատատեղեր են ստեղծում: Սակայն հանքարդյունաբերության ստեղծած աշխատատեղերը չնչին են: Հանքարդյունաբերությունը կազմում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը», նշել են բնապահպաններըՙ խնդրելով արքայազնինՙ որպես բնության պահպանության ջատագովի, զերծ մնալ Ամուլսարի հանքի հետ կապված որեւէ գործողությունից, միջամտել բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագրի հարցում եւ կանխել այնՙ միեւնույն ժամանակ խթանելով բրիտանական ներդրումները Հայաստանի կանաչ տնտեսության մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ արքայազնի հանդիպումը կայացել է նախագահական նստավայրում: «Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, եւ դա պայմանավորված է նրանով, որ դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում», ասել է նախագահ Սարգսյանըՙ խնդրելով իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Արքայազն Չարլզն էլ շեշտել է, որ իր համար առանձնահատուկ կարեւոր է ինչպես «Երեւան, իմ սեր» բարեգործական, այնպես էլ Դիլիջանում կառուցվելիք միջազգային դպրոցի ծրագրերը, քանի որ ինքը շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը:

Արաքայազն Չարլզի հաջորդ կանգառը եղել է Դիլիջանը: Այնտեղ նա հանդիպել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին, որը տեղեկացրել է, որ դպրոցը կբացվի հաջորդ տարվա սեպտեմբերին: Ի պատիվ արքայազնի այցելությանՙ Դիլիջանում կբացվի նրան նվիրված ծառուղի: Ծառուղին կզարդարեն 65 չինարիները, որոնք համարվում են գիտելիքի ծառ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ