RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-29 23:57:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1230, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մայիսի 28-ի ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի հայտարարությունը. «Ավարտվել է առաջատար կուսակցությունների, շարժումների եւ հասարակական միավորումների կողմից Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի համար առաջադրված թեկնածությունների քննարկումը: Առաջին անգամ ստեղծված է քաղաքական լայն կոալիցիա: Խորհրդի կազմում են տարբեր մասնագիտության, տարիքի եւ քաղաքական հայացքների մարդիկ, որ համաձայնել են ստորագրել Հիմնադիր հռչակագիրը, որտեղ շարադրված են առաջիկա աշխատանքի հիմնական ուղղությունները» (տես` http://haqqin.az/news/6166):

Իբրահիմբեկովի հայտարարությունը, կարելի է վստահաբար ասել, խիստ անակնկալ էր իշխող վարչախմբի համար, որը վերջին երկու-երեք շաբաթներին բավական մեծ ջանքեր էր գործադրել` ընդդդիմադիր դաշտում իր գործակալների միջոցով տապալելու Ազգային խորհրդի ձեւավորման բանակցությունները, վարկաբեկելու նման գաղափարը, հանրությանը ներշնչելու, որ Ազգային խորհուրդը «մեռելածին է», «ընդդիմությունն սպառել է իրեն» եւ այլն:

Ըստ երեւույթին, ընդդիմությունն էլ իր հերթին էր խաղում իշխանությունների նյարդերի հետ, երբ ժամանակ առ ժամանակ տեղեկատվական արտահոսքեր էր կազմակերպում իր «խոհանոցից» եւ խոսում «առկա խոր տարաձայնությունների մասին»: Բայց այսօր ժողովրդավարական ուժերի համախմբումը կարծես փաստ է դառնում, մոտ օրերս կհրապարակվի, ինչպես Ռուստամ Իբրահիմբեկովն է հավաստիացրել, Ազգային խորհրդի կազմը, եւ համաձայնեցված հռչակագիրը, որտեղ իբրեւ գլխավոր նպատակ առանձնացված է «2013թ.-ին ազնիվ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացման համար պայքարը»:

Մայիսի 28-ին իշխող վարչախումբը թույլ է տվել հերթական անհարգալի վերաբերմունքը. այսպես կոչված «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» 95-ամյակի պաշտոնական արարողություններում դարձյալ տեղ չի գտել այցելությունը «ԱԴՀ հիմնադիր» Մամեդ-Էմին Ռասուլզադեի` Բաքվի Նովխանա արվարձանում տեղադրված կիսանդրուն: Նման ցուցադրական միջոցառում կազմակերպել է ընդդիմությունը, որին, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են տեղեկացրել, «ներկա է գտնվել մի քանի հազար մարդ»:

Պատահական չէ, որ ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդ ստեղծելու համաձայնության մասին հայտարարությունը նույնպես մայիսի 28-ին է արվել. դա «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» հռչակման օրն է: Իսկ հռչակագիրն 95 տարի առաջ Թիֆլիսում ընդունել է Անդրկովկասյան սեյմի մուսուլմանական խմբակցությունը, որն իրեն անվանել է «Ադրբեջանի ազգային խորհուրդ»:

Ներկայումս, ինչպես կարելի է հասկանալ, ընդդիմությունն Ազգային խորհուրդ հիմնադրելով կարծես թե իրեն նույնացնում է «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» հիմնադիր ուժերի եւ անձանց հետ: Փաստորեն հայտարարվում է, որ գործող վարչախումբը որեւէ առնչություն չունի 1918թ. մայիսի 28-ին հռչակված «դեմոկրատական հանրապետության ավանդույթների հետ», եւ կազմավորվող Ազգային խորհուրդը նպատակ ունի «վերականգնելու ադրբեջանական ժողովրդավարությունը, որ առաջինն էր Արեւելքում»:

Որոշ մեկնաբաններ իրավիճակը բնութագրել են որպես «երկիշխանության սկիզբ»: Ակնարկվում է, որ Ազգային խորհուրդը, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հայտարարել է Ռուստամ Իբրահիմբեկովը, «կստեղծի նաեւ տարածքային կառույցներ»: Այսինքնՙ Ազգային խորհուրդը կգործի ոչ միայն Բաքվում, այլեւ Ադրբեջանի մյուս քաղաքներում եւ շրջաններում:

Իսկ դա իշխող վարչախմբի համար չափազանց անցանկալի հեռանկար է: Իշխանությունները չեն արտոնում նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների տարածքային կառույցների հավաքները: Եվ կարելի է միայն պատկերացնել, թե ինչ մակարդակի է հասնելու ներքաղաքական դիմակայությունը, եթե Ազգային խորհուրդն իրոք ստեղծվի եւ անցնի հռչակագրած հիմնական նպատակի` ազնիվ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացման համար հրապարակային գործունեության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ