RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013



Տեղադրվել է` 2013-05-29 23:57:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2795, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵՍ ՄԵԶ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԲԵՌՆԱԿԻՐՆԵՐ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

- Պարոն Սահակյան, «Առավոտի» խմբագիրը այսօր (երեկ-Մ.Խ.) հայ տղամարդկանց եւ Ձեր անունից ներողություն է խնդրել Զարուհի Փոստանջյանից` նախորդ քառօրյայում պատգամավորուհուն ուղղված Ձեր խոսքերի համար (մայրուղու վրա մեքենա կանգնեցնելու վերաբերյալ): Ի վերջո չե՞ք գտնում, որ միգուցե սահմանն անցել եք ...

- Թող ոչ մեկին չթվա, թե որեւէ հանրապետական երեբեւէ կարող է սահման խախտել: Մենք ընդամենը հակադարձում ենք, որեւէ մեկի հանդեպ նախահարձակ երբեք չենք լինում: Նյութ պատրաստելով կոշտ մեկնաբանություններ են անում` դարձնելով ֆիզիկական մոտեցումներ, մինչդեռ իմ խոսքը քաղաքական է եղել եւ շատ բարեկիրթ: Հիմա ով ինչպես է հասկացել` ամեն մեկը թող իր մեկնությունը տա: Խոսքը մայրուղու մասին է` մայրուղի հասկացությունը տարբեր կերպ կարող է հասկացվել:

- Հասկացել են այն, ինչ ակնարկվել է` ժարգոնով` «տրաս»:

- Ես բավականին գրագիտություն ունեմ, եթե ցանկանայի վիրավորել` հենց «տրաս» էլ կասեի, ընդամենն ասել եմ, որ առաքինի տիկինը պիտի էդ ճանապարհով չգնա:

- Ինչ կա դրա մեջ, որ եթե այլ կերպ են հասկացել` հիմա մեղմեք...

- Եթե ներելու խնդիր կա, ապա ոչ միայն Զարուհին, այլեւ ողջ «Ժառանգությունը» պետք է ներողություն խնդրի մեզանից, որովհետեւ թե՛ միտինգներում, թե՛ կայքերում բավականին լուրջ մեղադրանքներ են ուղղում թե՛ Հանրապետականի, թե՛ նրա լիդերների նկատմամբ, պարզապես մենք փորձել ենք հակադարձել, քանի որ վերջին քառօրյան, իմ կարծիքով, Ազգային ժողովի գնահատելի քառօրյաներից մեկը կարելի էր համարել ընդհանրապես խորհրդարանական պատմության մեջ, եւ այդ իմաստով չի կարելի վարկաբեկել այն, շփոթել իշխանություն եւ պետություն, ազգ, ամեն ինչ շրջել ու այդպես մատուցել հասարակությանը:

- Նոր իշխանաստանձնությունը համընկավ նոր դժվարության հետ` գազի գնի թանկացում, դրան ուղեկիցՙ այլ բարդ երեւույթներ: Ձեր վիճակն այդ առումով բարդանում է:

- Գազի գինը բարձրանում է ամբողջ աշխարհում: Մարդիկ խոսում են, թե Ռուսատանը մեր ռազմավարական գործընկերն է` դրա համար պիտի ավելի ցածր գնով մեզ գազ տա: Մեր ռազմավարական գործընկերը մեր տերը չէ, որ մեզ տիրություն անի: Համեմատաբար էն շրջանակում, ինչ դիվանագիտական փոխհարաբերությունները թույլ են տալիս, գազի գինը Հայաստանի համար ավելի մեղմ է, քան տարածաշրջանում: Գազ չունեցող երկիր ենք, եւ կարծում եմ` ոչ թե այդ մասին պիտի խոսվի, այլ պիտի խոսվի էն մասին, որ հասարակությունը վճարունակ լինի, այդ ուղղությամբ ինչ պիտի անենք: Ունե՛նք այդ հայեցակարգը, որը վարչապետը ներկայացրեց, եւ կարծում եմ, որ դա ցավոտ չի լինելու մեր հասարակության համար: Տարբեր մեկնություններ կլինեն: Առավել եւս` որ տարբեր քաղաքական ուժերի գազի բարձացումը, կարկուտը հրճվանք է պատճառում, ուղղորդում են դեպի իշխանությունները: Էսօր ամբողջ աշխարհում միանգամից գազի գինը 10 տոկոսով բարձրացվեց, իսկ մեզ մոտ ամեն ինչ արվելու է, որպեսզի սոցիալական անապահով խավերի վրա գազի գնի թանկացումն ազդեցություն չունենա` ինչ գնով որ վճարում էին, էդ գնով էլ վճարեն (մոտ 60 հազար անապահովներ): Առաջիկայում նաեւ թոշակների, աշխատավարձերի բարձրացման խնդիրն է լուծվելու` հաշվարկներն արվում են այսօր: Եվ չարախնդությունը, որ գիտեք` եթե իշխանությունները լավ աշխատեին, գազի գինը չէր բարձրանա, առավել եւս կարկուտ չէր գա, սա քաղաքական թշնամական վերաբերմունք է:

- Բայց գազի գինը շղթայական թանկացումների է նաեւ բերելու, ու հազիվ թե...

- Այ այդ առումով կառավարությունը խնդիր ունի` ուշադիր պետք է լինի, որ տնտեսվարողները գազի թանկացման հանգամանքը չօգտագործեն ի չարս եւ անհիմն գներ չբարձրացնեն: Ես կարծում եմ` ընդամենը 1-1,5 տոկոս գնաճի խնդիր կառաջանա առավելագույնը, եւ դա հնարավոր եմ համարում մեր բյուջեի շրջանակներում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման առումով: Նախ արդեն աշխատանք է տարվում, որ ցածր աշխատավարձերը բարձրանան, իսկ 2014 թվականից աշխատավարձերի էական ավելացումներ կլինեն:

- Արտագաղթը կանգնեցնելու խնդիր ունենք:

- 1918 թվականին եթե Սարդարապատի ճակատամարտում չհաղթեինք, մենք այսօր պետություն էլ չունենայինք գուցե: Բայց այդ ժամանակ մարդիկ հնարավորություն ունեին Հայաստանից գնալու: Բայց մնում էին, ու կռվեցին, երկիր պաշտպանեցին:

Մենք պատերազմում ենք, մենք պայքարում ենք, մեր իրավունքների եւ արժեքների համար տեւական պայքարի մեջ ենք: Ես չեմ կարծում, որ մեր ազգի հիմքն այնքան կոտրվի: Իհարկե, շատ դժբախտ բան է արտագաղթը, բայց ես նաեւ ասեմ` հիմնականում մեր համայնքներն արտաքին աշխարհում առաջացան ցեղասպանությունից հետո, դրանից առաջ էլ համայնքներ ունեինք; Այսինքն մենք նաեւ ապրելու խնդիր ունենք միշտ, նաեւ մեր երեխաներին մեծացնելու խնդիր: Աշխարհի դռները միանգամից փակ երկրի համար բացվել էին, յուրաքանչյուրը իրեն նպատակահարմար աշխատանքների որոնման մեջ է, որովհետեւ տեսնում է` հնարավոր է կենսամակարդակը բարձրացնել, գնում է աշխատելու, հայրենիքը չի կորցնում: Բայց էնպես չէ, որ սարսափելի վիճակ է: Մինչեւ 1992 թիվը միանգամից 800 հազար արտագաղթեցին: Բայց նաեւ ղարաբաղյան պատերազմը հաղթեցինք, եւ հիմա էլ աստիճանաբար առաջ ենք գնում:

- Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն մենա՞կ է կառավարելու, բոլոր ասուլիսներում եւ կարծիքարտահայտումների ժամանակ շատ ինքնագոհ եք, որ ՀՀԿ-ն հաղթել է եւ ուրիշների կարիքը չունի:

- Ոչ, լրիվ հակառակը, ավելորդ եզրահանգումներ են: Որովհետեւ Հանրապետականի քաղաքական հավատամքը, սկզբունքը նա է, որ բոլորը պիտի մասնակցեն երկրի արարմանը: Դրա համար ընտրություններից հետո էլ, առաջ էլ ասում ենք` մեր դռները բաց են, մենք կարող ենք համատեղել մեր ուժերը, այսինքն համաձայնություններ լինեն, կոալիցիաներ ստեղծվեն: Առավելն ասեմ` ժամանակի մեջ էդպես էլ քայլել ենք անընդհատաբար, բայց գալիս է մի պահ, երբ ընտրություններն են մոտենում, բոլոր դրականը կոալիցիոն մեր գործընկերները վերցնում են եւ ՀՀԿ-ին թիրախ են դարձնում, որը, կարծում եմ, ժողովրդի համար հասկանալի չէ:

- Մամուլը գրում է, օրինակ, որ միջին օղակի ԲՀԿ-ականներին հերթով հանելու եք պաշտոններից...

- Իր գրածները թող մամուլն ինքը մեկնաբանի, մենք պատրաստ ենք համագործակցել: Համագործակցության ձեւերը բազմաթիվ եւ բազմաձեւ են: Էնպես որ էսօր էլ պատրաստ ենք թե՛ առանձին հարցերում, թե՛ ամբողջապես համագործակցել. դա մեր քաղաքական սկզբունքն է` 1999 թվականից սկսած...

- Ընդհուպ կոալիցիա կազմե՞լը...

- Կոալիցիա կազմելը քննարկելու հարց է, իքնանպատակ կոալիցիա չեն կազմում, եթե խնդիրներ կան, որոնց շուրջը տեսակետները համատեղվում են...

- Իսկ պատասխանատվությունը միայնակ կրելու տեսակետից բարդ չէ՞ ձեր վիճակը:

- Գիտեք` ես մեզ համարում եմ բեռնակիրներ: Էնպես որ բեռից պիտի չվախենալ: Մենք քաղաքական բեռնակիրներ ենք, ամեն ինչը մեզ վրա ենք վերցնում, նույնիսկ կոալիցիոն ժամանակաշրջանում խոցելի կողմերը մեզ վրա ենք վերցրել: Էնպես որ մեզ համար բարդություններ չկան: Մեզ համար կա կամք, վճռականություն, եւ էդ վճռականության շրջանակներում բոլորն էլ կարող են իրավունքներ ունենալ համատեղ գործելու: Երկիրը բոլորինն է:

- Երեք ընտրություններից մեր ընդդիմությունը բավական թուլացավ: Եթե որեւէ իշխող ուժ թույլ ընդդիմություն ունի, շատ հաճախ պատճառն իշխող ուժի մեջ են փնտրում:

- Ընդդիմությունը պիտի կարողանար կոնկրետ տեսակետներ արտահայտելու ճանապարհով գնալ, բայց մեր ընդդիմությունը որոշեց շարժվել հետեւյալ կերպ. ով շատ հայհոյի Հանրապետականին, նա թիվ մեկ ընդդիմությունն է, մինչդեռ կարելի էր այլ ճանապարհով գնալ` այլընտրանքային տեսակետների եւ ծրագրերի ներկայացմամբ ժողովրդին, կարողանային ավելի հզորանալ: Առավել եւս նախագահական ընտրություններին, երբ բախտի բերմամբ թե պատահմամբ ռեալ իրավիճակ ստեղծվեց, որ դասական ձեւով անձնավորվեին ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Իսկ ընդդիմությունը, փաստորեն, ինքն իրեն լուծարեց:

Որեւէ քաղաքական ուժ դեռ հիմնավոր չի բացատրել, թե ինչու ինքը թեկածու չառաջադրեց նախագահական ընտրություններին: Իսկ ընդհանրապես` պետության համար վտանգավոր եմ համարում, որ մենք լուրջ ընդդիմություն չունենք: Այդպիսով` վերահսկող ծրագրերը չկան մեր իրականության մեջ, ժողովրդավարության մոդելում պիտի լինի ուժեղ ընդդիմություն, որ լինի ուժեղ իշխանություն: Բայց մերոնք իշխանությունը իրենց կուսակցության համար ոչ թե միջոց են համարում, այլ` իրենց նպատակը: Նպատակը պետք է փոխվի, դա պետք է լինի պետության հզորացումը:

- Բայց ՀՀԿ-ն էլ նպատակ ուներ իշխանությունը պահելու:

- Իշխանությունը միջոց է մեր նպատակների համար: բայց դա մեզ համար բացարձակ միջոց չէ, ամենաակտիվ միջոցներից մեկն է թեեւ: Բնականաբար քաղաքական բոլոր ուժերն էլ, եթե նպատակներ ունեն, պիտի միջոցները ստեղծեն իրենց համար: Եթե այդպես չլիներ, այլընտրանքային ծրագրերով հանդես կգային: Բայց գնացին այն ճանապարհով, որ Հանրապետականին հայհոյանքների տարափ ուղղեցին, ու եթե մի բան էլ ասում ես, նեղանում են: Իսկ իրենք ինչ ասես, որ չասացին: Ուժեղ ընդդիմություն ունենալու բանաձեւը կարող եմ ասել` կամ իշխանությունն է հնարավորություն ստեղծում, որ ուժեղ ընդդիմություն ձեւավորվի, կամ օտարները: Այս տարիներին մեզ մոտ օտարներն են փորձում ընդդիմություն ձեւավորել, որն էլ պատճառ է, որ ուժեղ ընդդիմություն չձեւավորվի:

- Պատկերացնո՞մ եք, որ 2018 թվին ՀՀԿ-ն իշխանություն չի լինելու

- Իշխանություն եթե չլինի, ուրեմն կլինի ընդդիմություն: Բայց դա միայն մի դեպքում կլինի` եթե մենք չկարողանանք որոշակի արագ քայլեր ուղղորդել` հասարակական, քաղաքական մթնոլորտը եւ սոցիալական վիճակը փոխելու ուղղությամբ: Կառավարության ծրագիրը միտված է լուծելու այդ խնդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 30-05-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ