RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:32:23Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
#084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #86, 24-05-2013



Տեղադրվել է` 2013-05-23 23:19:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լրիվ կամ մասնակի ազատում հողի հարկից ու ջրի վճարից, հակակարկտային նոր կայաններ, ֆինանսական օգնություն եւ այլն

Արմավիրի մարզում մայիսի 12-ի կարկուտից տուժած գյուղերին եւ գյուղացիներին օգնելու լայնածավալ ծրագիր երեկ հաստատվեց կառավարությունում: Այն ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը , որը նախորդ օրը փոխվարչապետի, գյուղատնտեսության նախարարի եւ Կենտրոնական բանկի նախագահի հետ եղել էր Արմավիրի մարզում, տեղում ծանոթացել կարկուտի վնասներին, լսել գյուղացիների մտահոգություններն ու առաջարկները:

Նշելով, որ շուրջ 17 հազար հեկտար հողատարածությունների վնաս է հասցված եւ 46-ից 23 համայնքներում բերքը վնասվել է 100 տոկոսով, վարչապետը խնդիրը բաժանեց երեք մասի` խաղողի այգիներ, պտղատու այգիներ եւ բանջարաբոստանային տնտեսություն:

Խաղողի այգիների առումով գյուղացիական տնտեսությունները շուրջ երեք տարվա օժանդակության կարիք են ունենալու: Այգիների, պտղատու ծառերի վերականգնման համար` մեկ-երկու տարի, իսկ բանջարաբոստանային տնտեսությունները ավելի արագ կարելի է վերականգնել: «Հասկանալի է, որ մեր գյուղացիական տնտեսություններն ունենալու են ֆինանսական խնդիրներ առեւտրային բանկերի, վարկային կազմակերպությունների նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու, հարկային պարտավորությունների, ջրի վճարների առումով», ասաց վարչապետը եւ ներկայացրեց գյուղացիական տնտեսություններին օժանդակելու ծրագիրը, որը քննարկվել էր համայնքների ղեկավարների եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ ստացել նրանց հավանությունը:

22 գյուղեր 100 տոկոսով կազատվեն հողի հարկից եւ ջրի վճարներից, 24-ը` 50-100 տոկոսով

22 համայնքներում, որտեղ բերքը 100 տոկոսով ոչնչացել է, պետությունն ամբողջովին կփոխհատուցի հողի հարկը: Մնացած 24 համայնքներում, որտեղ կորուստները կազմում են 20, 30, 50 տոկոս, հողի հարկը պետությունը կփոխհատուցի ըստ կորուստների չափի: Եթե գյուղացիական տնտեսությունների բերքի կորուստները 100 տոկոս են, նրանց նույնպես հողի հարկը փոխհատուցվելու է 100 տոկոսով, եթե կորուստները 50 տոկոս են, կառավարութունը կփոխհատուցի 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը կվճարեն գյուղացիները: «Այստեղ խոսքը մոտավորապես 200 մլն դրամի մասին է», տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը:

Ջրի վճարների դեպքում փոխհատուցման գումարը 530 միլիոն դրամից ավելի է: Դարձյալ 100 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսություններն ստանալու են 100-տոկոսանոց աջակցություն` 22 համայնքներում անմիջապես, իսկ 24 համայնքներում նույն սկզբունքով` մինչեւ 50 տոկոս տուժածների դեպքում պետությունը կֆինանսավորի վճարի 50 տոկոսը, իսկ 50 տոկոսից ավելի տուժածների դեպքում` 100 տոկոսը: «Ընդ որում, ցուցակները մեզ ներկայացնելու են իրենք, եւ դա լինելու է հրապարակային, որպեսզի այդ համայնքներում ժողովուրդը տեսնի, որ իսկապես, ովքեր տուժել են, հենց նրանք էլ ստանում են այդ օգնությունը», ընդգծեց վարչապետը, ասելով, որ ովքեր չեն մշակում իրենց հողերը կամ գտնվում են արտերկրում, գույքահարկից կամ հողի հարկից չեն ազատվելու:

50 նոր հակակարկտային կայաններ եւ միասնական համակարգ

Կարկտահարության հետ կապված ռիսկերը կառավարելու եւ նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է, որ Արմավիրի մարզում կառուցվի երկրորդ պաշտպանողական շերտը` մոտավորապես 50 հակակարկտային կայան, յուրաքանչյուրը շուրջ 6,2-6,3 մլն դրամ արժողությամբ: Տեղեկացնելով այս մասինՙ կառավարության ղեկավարն ասաց, որ այդ նպատակի համար կհատկացվի 350 մլն դրամ, ինչպես նաեւ պետք է ընդգրկվեն հակակարկտային կայանները միասնական ռադիոլոկացիոն ցանցում, որպեսզի աշխատեն որպես միասնական համակարգ: «Այն համայնքները, որոնք ունեն իրենց սեփական հակակարկտային կայանները, նույնպես կմիանան միասնական ցանցին», նշեց վարչապետը:

Վարկերի հետ կապված խնդիրներին` անհատական մոտեցում

Գյուղացիներին մտահոգող` առեւտրային բանկերից ստացած վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ լինելու է անհատական աշխատանք: «Վարկերի ծավալները, ժամկետայնությունը, գումարները, գրավադրված առարկաները տարբեր են, եւ բոլոր առեւտրային բանկերի կողմից օգնություն է տրամադրվելուՙ անհատական բանակցային գործընթացների միջոցով», խոստացավ Տիգրան Սարգսյանըՙ ավելացնելով, որ կառավարությունը գյուղացիների արտարժույթային վարկերը կփոխարկի դրամային վարկերի, ինչի մասին խոստացվել է գյուղացիներին:

Անապահովներին ֆինանսական օգնություն

«Կան ընտանիքներ, որոնց վիճակն այս աղետալի կարկտից հետո կտրուկ վատացել է, նրանք պետք է ստանան նաեւ սոցիալական օժանդակություն օրենքով սահմանված կանոնների համաձայն», ասա վարչապետը: Նա տեղյակ պահեց, որ Արմավիրի մարզի պատգամավորները հանդես են եկել հիմնադրամ բացելու նախաձեռնությամբ, որտեղ մասնավոր անձինք հատկացումներ կկատարեն առավել անապահով տնտեսություններին օգնություն ցուցաբերելու համար: Դրան մասնակցել են ԱԺ նախագահը, այլ պատգամավորներ: Վարչապետը խոստացավ, որ նախաձեռնությանը կմիանան նաեւ կառավարության անդամները, իրենց անձնական եկամուտներից հատկացումներ անելով այդ հիմնադրամին:

Գյուղատնտեսության ապահովագրությունը ծախսատար է եւ «այսօրվա խնդիր չէ»

Արմավիրի մարզում վարչապետն ու նախարարները գյուղացիների հետ քննարկել են գյուղատնտեսության ապահովագրության հարցը եւ գտել այն ոչ նպատակահարմար: «Ապահովագրական համակարգի ներդրումը ենթադրում է, որ նրանք պետք է պարտավորություն ստանձնեն ամեն ամիս կատարել ապահովագրական վճարներ, այն պարագայում, երբ նրանք այդպիսի ֆինանսական հնարավորություններ չունեն: Ապահովագրությունը բավականին ծախսատար գործառույթ է եւ կարող է արդյունավետ լինել, եթե Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսությունը ներդնի ապահովագրական համակարգ, ինչն էլ լինելու է բավական ծախսատար: Այնպես որ դա այսօրվա խնդիր չէ», եզրափակեց իր խոսքը Տիգրան Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #86, 24-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ