RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1328, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ԶԱՎԵՇՏՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸՙ ՄԵԿ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հակակարկտային համակարգի անարդյունավետության ակամա վկայություն

Արմավիրի մարզում մայիսի 12-ի կարկուտի մասին մեր հրապարակմամբ («Բերքի կորուստը` 45-50 տոկոս արդյունավետության հակակարկտային համակարգի հետեւանք», «Ազգ», 14.05.2013) նշել էինք, որ դրա աղետալի հետեւանքները Հայաստանում ստեղծված գազագեներատորային հակակարկտային համակարգի խիստ ցածր` 45-50 տոկոս արդյունավետության պատճառով էին: Ընդ որում, այդ արդյունավետությունը գործում է թույլ, միջին եւ ուժեղ կարկուտների դեպքում, իսկ շատ ուժեղ եւ աղետալի կարկուտների դեպքում ընդհանրապես անհայտ է դրա արդյունավետությունը: Նշենք նաեւ, որ այս եզրակացությունները ոչ թե մերն են, այլ նշված էին 2008-ի սեպտեմբերի 18-ի կառավարության ընդունած որոշման մեջ: Այնուամենայնիվ, 5 տարի առաջ կառավարությունը նախապատվությունը տվել էր հենց այս համակարգին, չնայած ճիշտ կլիներ վերականգնել խորհդային տարիներին գործող եւ խիստ բարձր` 94 տոկոս արդյունավետություն ունեցող հրթիռահրետանային համակարգը:

Նույն օրը արտակարգ իրավիճակների նախարարությունում մամուլի ասուլիսով հանդես եկավ «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը , ըստ էության փաստելով, որ մեր հակակարկտային համակարգն արդյունավետ չէ: Նա ընդհանրապես չանդրադարձավ ստեղծված հակակարկտային համակարգի արդյունավետությանը, ինչն, իհարկե հասկանալի էր: Հրապարակայնորեն ընդունել, որ իր ղեկավարած համակարգը ունի ցածր արդյունավետություն եւ ինքն ու շատ ուրիշները պարզապես անիմաստ վատնում են պետական միջոցները, պաշտոնյան չէր կարող: Մյուս կողմիցՙ նա չէր կարող նաեւ ասել, որ համակարգն ունի բարձր արդյունավետությունՙ հակասելով կառավարության որոշման մեջ նշված հիմնավորումներին եւ իրականությանը: Փոխարենը վերոնշյալ չինովնիկը հանդես եկավ զավեշտալի հայտարարություններով:

Համաձայն նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանՙ Ռոբերտ Հովսեփյանը ասել է, որ «չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 գյուղական համայնքների 50 հազար հեկտար ընդհանուր տարածքից 13 հազարը հեկտարը», ապա նշել է, որ մայիսի 12-ին Արմավիրի կայաններից կատարվել է 19227 կրակոց, իսկ Արագածոտնի մարզում` 8810 կրակոց: Սակայն, նրա եզրակացությամբ, «քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտային պրոցեսը գերհզոր էր, հնարավոր չեղավ ամբողջովին խուսափել աղետալի հետեւանքներից»:

Նախ` անհասկանալի է, թե ինչո՞ւ հենց 50 գյուղական համայնքների մասին նա նշեց, ինչո՞ւ է նրանցից յուրաքանչյուրին վերագրվել 1000 հա տարածք, ինչո՞ւ հենց 50 հազար հա տարածքը պետք է պաշտպանվի կարկուտից, եթե Հայաստանում 154 հազար հա ոռոգվող գյուղատնտեսական հողեր կան: Կամ ի՞նչ կապ ունեին չորս մարզերի այդ 50 գյուղերը կարկուտից տուժած միայն Արմավիրի մարզի 43 գյուղերի հետ: Կամ Արմավիրի մարզի ավելի քան 90 գյուղերից ո՞ր գյուղերի տարածքներն էին հայտնվել կարկուտից իբր պաշտպանված 13 հազար հա-ի մեջ: Մենք չգիտենք, թե հակակարկտային ծառայությունը ղեկավարող այս մարդն ունի՞ համապատասխան մասնագիտական կրթություն, թե՞ ոչ, կամ ինչո՞ւ է հենց նա նշանակվել այս պաշտոնում, բայց նշված հարցերին նրա չպատասխանելը նույնպես հասկանալի ենք համարում:

Ինչպե՞ս կարող էր Ռոբերտ Հովսեփյանը հայտարարել, օրինակ` թե խոսքը ո՞ր գյուղերի մասին է, որոնք պաշտպանվել էին կարկուտից, քանի որ գտնվել են նրա հիշատակած պաշտպանվող 13 հազար հա տարածքների մեջ: Չէ՞ որ այդ գյուղերի բնակիչները նրան կհրավիրեին իրենց ցանքատարածություններ եւ, մեղմ ասած, ցույց կտային հակակարկտային համակարգի անմիջական ազդեցությունը իրենց հողերի եւ բերքի վրա:

Վերոնշյալ պաշտոնյան չի նշել նաեւ, թե իր հիշատակած 50 հազար հա-ից ո՞ր մասն է ընկնում կոնկրետ Արմավիրի մարզում 45 հազար մշակվող գյուղատնտեսական հողերի մեջ եւ որ մասը` կարկուտից վնասված 15-17 հազար հա-ի մեջ: Գուցե ինքն էլ չգիտի կամ խուսափում է մանրամասներից: Բանն այն է, որ մանրամասնելու դեպքում նա ավելի է խճճվելու նորանոր հարցերի մեջ եւ ստիպված է լինելու ընտրություն կատարել «ինչո՞ւ այդպես աղետալի եղան կարկուտի հետեւանքները» հարցի երկու պատասխանների միջեւ: Պատասխան առաջին` խոստովանել, որ համակարգն իրոք անարդյունավետ է, պատասխան երկրորդ` որ ինքն ու իր ղեկավարած կառույցը վատ են աշխատում եւ տվյալ դեպքում չեն կատարել իրենց պարտականությունները:

Այդուհանդերձ, ամենացավալին այլ բան է: Ռոբերտ Հովսեփյանը հայտնել է, որ ապագայում եւս 1200 հակակարկտային եւ նոր ռադիոլոկացիոն կայաններ կտեղադրվեն Հայաստանի տարածքում: Խոսքը, բնականաբար, նույն գազագեներատորային կայանների մասին է, քանի որ չի ասվել, որ դրանք կլինեն այլ համակարգի կայաններ: Այսինքն, նորից կվատնվեն գումարներ եւ տեղակայված կայանները հերթական անգամ իրենց անարդյունավետությունը ցույց կտան ուժեղ կարկուտների ժամանակ: Այս մտավախությունը հայտնեցինք մեր թերթում 4 տարի առաջ («Անտրամաբանական մոտեցում հակակարկտային համակարգի ընտրության հարցում», «Ազգ» 22.07.2009 թ.), ինչն ապացուցվեց այս տարվա մայիսի 12-ին: Էլի՞ ապացույցներ են պետք ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ