RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մայիսի 10 կառավարության երեկվա որոշմամբ ոչ աշխատանքային է լինելու, չորս օր անընդմեջՙ մայիսի 9-ից 12-ը, կլինեն հանգստյան օրեր: Նման որոշումներ կառավարությունը տարեկան ընդունում է նվազագույնը 4 անգամ` մեռելոցների ժամանակ: Մի քանի անգամ էլ լինում են այնպիսի օրեր, երբ տոն օրվան հաջորդում է ուրբաթ օրը, ինչպես այս անգամ է եղել: Այդ ժամանակ եւս կառավարությունը հանգստյան օրը տեղափոխում է ուրբաթ` աշխատանքայինը` հաջորդ շաբաթ: Նման որոշումները գուցե դրական նպատակ են հետապնդում` մարդկանց համար անընդմեջ հանգստի հնարավորություն տալով: Սակայն արդյոք ճի՞շտ է նման մոտեցումը` թե՛ մարդկանց հագստանալու առումով, թե՛ երկրի տնտեսության համար:

Առաջին հերթին, տարվա մեջ 4 մեռելոցի օրերը պետականորեն այս ձեւով նշելը, մեղմ ասած, անհասկանալի է եւ տարօրինակ: Ի վերջո, մենք ապրում ենք աշխարհիկ եւ ոչ թե կրոնական պետության մեջ, եւ նույնաբնույթ եկեղեցական 4 տոն, առավել եւս, տխրություն սիրող մեր ժողովրդի համար, շատ շատ է: Պարզապես անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքային օրվա տեղափոխումը այդ օրերին եւ մարդկանց եռանդն ու հնարավորությունները ոչ թե դեպի գերեզմաններ ուղղել, այլՙ աշխատելուն:

Ի՞նչ է տեղի ունենում աշխատանքային օրերի տեղափոխման ժամանակ: Եթե կարճ ասենք` իսկական խառնաշփոթ: Կառավարության որոշումն ամբողջությամբ գործում է միայն նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների եւ կառույցների համար: Մասնավոր հատվածում այդ որոշումը կամ չի գործում, կամ գործում է մասամբ` խաթարելով կանոնավոր աշխատանքային ռեժիմը: Առեւտրի եւ սպասարկման բոլոր օբյեկտները, փոքր արտադրությունները, կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված օրերին աշխատում են նույն գրաֆիկով եւ ստանում են նույն վարձատրությունը: Խոշոր ընկերությունները, անկախ նրանից, թե գործունեության ինչ տեսակով են զբաղված, հայտնվում են անորոշ վիճակում: Մի մասն աշխատում է, մյուս մասը մասամբ է աշխատում, երրորդները` հարկադրված չեն աշխատում: Վերջին երկուսը կրում են կորուստներ, ինչը մեծ հաշվով երկրի ընդհանուր տնտեսական կորուստն է դառնում:

Անհասկանալի վիճակ է ստեղծվում նաեւ վճարման առումով: Գործատուները, բնականաբար, չեն ցանկանում ադյ օրը վճարել լրացուցիչ, աշխատողներն էլ դժգոհ են մնում, որ ոչ աշխատանքային օրն իրենք աշխատում են, առավել եւսՙ առանց լրացուցիչ վարձատրության եւ առավել եւս, որ աշխատելու են նաեւ հաջորդ շաբաթ օր տեղափոխված աշխատանքային օրը: Այսինքն, մյուս բացասական գործոնն էլ այն է, որ 3 կամ 4 օր հանգստանալուց հետո, հաջորդ շաբաթ պետք է աշխատել 6 օր եւ հանգստանալ 1 օր: Հիմա այդ մարդկանց լավությո՞ւն ենք անում, թե՞ վատություն` հանգստյան օրը տեղափոխելով: Նրանք ավելի լավ են աշխատելու կանոնավոր դարձած ռեժիմո՞վ, թե՞ 3 օր աշխատելով, 4 օր հանգստանալով, ապա 6 օր անընդմեջ աշխատելով:

Ընդհանրապես, մեր երկրի տոնացույցում ոչ աշխատանքային օրերը քիչ չեն եւ այդ հանգամանքը ոչ առանց դժգոհության նշում են նաեւ օտարերկրյա գործարարները: Հունվարի 1-7, հունվարի 28, մարտի 8, մայիսի 1,9, 28, հուլիսի 5, սեպտեմբերի 21, դեկտեմբերի 31: 15 ոչ աշխատանքային օրեր: Զարգացման փուլում գտնվող երկրի համար, երբ գյուղապետից մինչեւ նախագահ հայտարարում են, որ միայն տքնաջան աշխատանքով կարող ենք ստեղծել բարեկեցիկ երկիր եւ բարձր կենսամակարդակ ունեցող ժողովուրդ, ճոխություն չէ՞ այդքան ոչ աշխատանքային օրեր ունենալը: Երբ մեր երկրի զարգացման մակարդակը հասնի ԵՄ երկրների մակարդակին, գուցե այն ժամանակ նման ճոխություն մեզ թույլ տանք, գուցե 8-ժամյա աշխատանքային օրն էլ դարձնենք 7-ժամյա, աշխատանքային շաբաթվա վերջին օրը` 4-ժամյա, վճարվող արձակուրդըՙ 40 օր եւ այլն: Գուցե, բայց դա ապագայում, եւ եթե հիմա աշխատենք ու հասնենք այդ մակարդակին: Իսկ մինչ այդ, գոնե աշխատանքային ռեժիմը խաթարող անիմաստ տեղափոխություններից հրաժարվենք, իսկ որոշ տոներ էլ (օրինակ` մայիսի 1, մայիսի 28, հուլիսի 5, հունվարի 7) դարձնենք աշխատանքային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ