RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1421, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՄԵՀԹԻԵՎԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ «ՏԱԿԱ՞Ռ Է ԳԼՈՐԵԼ» ԱԼԻԵՎԻ ԴԵՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի երկօրյա այցը Թեհրան, արդեն կարելի է ասել, բացահայտեց Իլհամ Ալիեւի «ինքնուրույն» արտաքին քաղաքականության կատարյալ սնանկությունը: Իրանական կողմը հատուկ բանագնացին ցուցաբերել է արժանի ընդունելություն. ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է Ահմեդինեժադ-Մեհթիեւ տետ-ա-տետ հանդիպման լուսանկարը, որտեղ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի թիկունքում բացակայում է Ադրբեջանի պետական դրոշը, մինչդեռ իրանականն իր տեղում է:

Պաշտոնական ամենաբարձր մակարդակով Իրանը կարծես նկատել է տվել, որ «չի ճանաչում անկախ Ադրբեջանի գոյությունը»: Ի դեպ, նման վերաբերմունք իրանական կողմը ցուցաբերել էր նաեւ անցյալ տարի` պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի այցի ընթացքում: Բայց սա խնդրի «տեխնիկական» կողմն է: Մեհթիեւի այցից ժամեր անց իրանական անվտանգության ուժերը Թավրիզում ձերբակալել են Ադրբեջանի ԳԱԱ Գրականության ինստիտուտի աշխատակցուհի Խալիդա Խալիդին:

Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդմամբՙ Խալիդա Խալիդը Թավրիզում էր «համապատասխան հրավերով»: Առայժմ հայտնի չէ, թե իրանական կողմն ի՞նչ օրինախախտում է մեղսագրում ադրբեջանական գիտաշխատողին: Նշվում է միայն, որ ձերբակալությունը տեղի է ունեցել այն պահին, երբ Խալիդը հյուրընկալվել էր էթնիկ ադրբեջանցի` ոմն բանաստեղծի բնակարանում, որտեղ հավաքվել էին նաեւ «Հարավային Ադրբեջանի ազատագրման շարժման 4 ակտիվիստներ»:

Անդրադառնալով միջադեպինՙ արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն ասել է, որ Իրանը դրանով բացահայտ նկատել է տվել, որ «չի հավատում Ադրբեջանի անկեղծությանը» (տես` http://haqqin.az/multimedia/5465): Այսինքն, այն, ինչ Թեհրանում հայտարարել է Իլհամ Ալիեւի հատուկ բանագնաց Ռամիզ Մեհթիեւը, իրանական կողմը լսել, բայց նույնիսկ ի գիտություն չի ընդունել:

Ըստ էության, այլ կերպ չէր էլ կարող լինել: Ռամիզ Մեհթիեւը դեռ Թեհրանում էր, երբ ադրբեջանական կողմն սկսեց «կասկածել նրա հայտարարությունների իսկությանը»` բանը հասցնելով զավեշտի, թե «իրանական լրատվամիջոցները նենգափոխել են Մեհթիեւի խոսքերը»: Իր երկրին եւ անմիջական շեֆին ծիծաղելի դրության մեջ դրեց հատկապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովը:

«Այդ այցի ընթացքում ես ուղեկցել եմ Ռամիզ Մեհթիեւին եւ վստահ եմ, որ նա նման հայտարարություններ չի արել»,- ասել է նա` «մոռանալով», որ Մեհթիեւի բոլոր հանդիպումները անցել են տետ-ա-տետ ռեժիմով, եւ ինքը չի կարող պնդել, որ ԻԻՀ նախագահի հետ բանակցություններում իր շեֆն Արեւմուտքին չի մեղադրել «Ադրբեջանում գունավոր հեղափոխության մի քանի փորձ ձեռնարկած լինելու» մեջ:

Ռամիզ Մեհթիեւն անձամբ որեւէ մեկնաբանություն չի արել, ինչից երկու ենթադրություն կարելի է անել: Առաջինը, նա Թեհրանում բառացիորեն կրկնել է այն, ինչ հանձնարարված է եղել ասել: Երկրորդ, Մեհթիեւը որոշակի «ինքնագործունեություն է արել»: Այս դեպքում, սակայն, Իլհամ Ալիեւը նրան անհապաղ պետք է հեռացներ աշխատակազմի ղեկավարի եւ ԱԽ քարտուղարի պաշտոնից: Քանի որ ԻԻՀ նախագահի անունը «գլոբալ քաղաքականության մեջ ոսկե տառերով գրված լինելու» մասին Մեհթիեւի հայտարարությունը բավական է, որ Արեւմուտքը եւ Իսրայելը կասկածանքով վերաբերվեն Իլհամ Ալիեւի «ինքնուրույն» արտաքին քաղաքականությանը: Անցել է 3 օր, Մեհթիեւը դեռեւս պաշտոնավարում է: Ավելին, տեղեկություններ կան, որ առաջիկայում Իրան կայցելի նաեւ Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը: Հետեւաբար, պաշտոնական Բաքուն շարունակելու է փորձել համոզել, որ ԻԻՀ-ի «հետ մտադիր է զարգացնել բազմակողմ հարաբերություններ»:

Այս համատեքստում ուշագրավ է haqqin.az-ի` «իրավասու աղբյուրներից» ունեցած տեղեկատվությունը, որ ԱՄՆ տրանսպորտային զորքերի հրամանատար Ուիլյամ Ֆրեյզերի Բաքու կատարած այցը եղել է «արդյունավետ, եւ ամերիկյան պատվիրակությունն ստացել է Ադրբեջանի համաձայնությունը` Աֆղանստանից 2014թ.-ին սկսվելիք իր զորքերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքով իրականացնելու համար» (տես` http://haqqin.az/news/5483 ):

Բացառված չէ, որ իրականում խնդիրը բարդացել է, եւ «իրավասու աղբյուրները» պարզապես նպատակ ունեն զգուշացնելու Իրանին, որ Ադրբեջանի «անկեղծությանը չհավատալու» եւ կոշտ քայլեր ձեռնարկելու դեպքում Ադրբեջանն իրոք «կդառնա ՆԱՏՕ-ի համար տարանցիկ միջանցք»: Ռուսաստանցի որոշ փորձագետներ անթաքույց նկատել են տալիս, որ Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորքերը «կարող են անորոշ ժամկետով լռվել Ադրբեջանում»:

Եթե փորձենք համադրել այս ամենը, ապա թերեւս կարելի է ենթադրել, որ Ռամիզ Մեհթիեւը Թեհրանում Իլհամ Ալիեւի դեմ «տակառ է գլորել» եւ նրան կանգնեցրել վճռական քայլ ձեռնարկելու ընտրության առջեւ. Ադրբեջանը կամ միանում է հակաիրանական կոալիցիային, կամ` ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 04:59:55
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ