RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Լուրեր Հայկական պետական մանկավարժական համալսարանից

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2046, Տպվել է` 124, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է ՀՊՄՀ քիմիայի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Բաբախանյանի «ՀԻՆ-ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ծրարների ցուցահանդեսը: Հեղինակի հավաքածուն հարուստ է ու ներկա ցուցադրությունը դրա ընդամենը մի փոքրիկ մասն է եւ ներկայացնում է խորհրդային տարիներին «ԽՍՀՄ փոստ» գործակալության կողմից պատրաստված ծրարներ, որոնց վրա կան Երեւան մայրաքաղաքի տարբեր կառույցներ ներկայացնող պատկերներ:

Ծրարների առաջին շարքում պատկերված են Երեւանի հպարտությունը հանդիսացող շինությունները: Այստեղ պատկերված են ՀԽՍՀ կառավարության շենքը, ՀԿԿ կենտկոմի շենքը (ներկայումՙ ՀՀ Ազգային ժողովի շենքը), Գիտությունների ակադեմիայի շենքը, «Զվարթնոց» օդանավակայանը, Մատենադարանի շենքը, Թումանյան փողոցը, «Մոսկվա» կինոթատրոնի շենքը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ կուլտուրական կապերի հայկական ընկերության շենքը, «Արմենիա», «Դվին», «Հրազդան», «Սեւան» հյուրանոցների շենքերը, Հրազդանի կամուրջը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի շենքը, Երեւանի շախմատի կենտրոնական տան շենքը, «Էրեբունի» թանգարանի շենքը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Շահումյան հրապարակը: Ծրարների երկրորդ շարքում պատկերված են Երեւանի հուշարձանները: Ներկայացված են «Սասունցի Դավիթ», «Մայր Հայաստան», «Սայաթ-Նովա», «Կոմիտաս» արձանների լուսանկարները: Ցուցահանդեսը թույլ է տալիս պատկերացում կազմելու խորհրդային նամականիշային մոտեցումների մասին:

«Վերելք Արարատ» գրքի շնորհանդեսը

2013 թվականի ապրիլի 23-ին Արթիկ քաղաքի քաղաքապետարանի եւ քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ ծնունդով արթիկցի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Աջամօղլյանի «Վերելք Արարատ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին քաղաքի եւ տարածաշրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մտավորականներ:

Բացման խոսք ասաց քաղաքային գրադարանի տնօրեն Օլգա Նահապետյանը: Գիրքի բովանդակությունը ներկայացրեցին քաղաքի թիվ 1 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Մարիամ Միքայելյանը եւ թիվ 5 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը: Գրքի մասին խոսեցին, արժեւորեցին քաղաքապետի տեղակալ Գեւորգ Ղուլիջօղլյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Համլետ Գասպարյանը, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Արփիկ Մանանդյանը, Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը: Գրքի խմբագիր Տիգրան Պետրոսյանցն իր խոսքում նշեց. «Աշոտ Աջամօղլյանը Արթիկի զավակ է եւ այս շնորհանդեսը նաեւ հաշվետվություն է իր հարազատ ծննդավայրին, իր ուսուցիչներին ու համաքաղաքացիներին: «Վերելք Արարատ» գիրքը ուղիղ 200 տարվա պատմություն է ընդգրկում եւ ներկայացնում է 1701-1902 թվականներին Հայոց Սուրբ լեռանՙ Արարատի 20 վերելքների պատմությունը: Գիրքը եւ գիտական, եւ հանրամատչելի տարրերի հանրագումար է եւ սեղանի գիրք պատմության, աշխարհագրության, գրականության ուսուցիչների համար: Հեղինակը շուրջ 10 տարի պրպտել է, ծանոթացել բազում աղբյուրների, նորովի թարգմանել է տվել մի քանի հեղինակների տեղեկությունները եւ սեղանին դրել այս ավարտուն աշխատանքը»:

Տ. Պետրոսյանցն օգտվելով առիթից, որ ներկա են դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ կոչ արեց, որ նրանք իրենց դպրոցների շրջանավարտներին ուղղորդեն ուսումը շարունակելու մանկավարժական համալսարանում: Նա քաղաքային գրադարանին նվիրեց համալսարանի 90-ամյակի կապակցությամբ հրատարակված շքեղ ալբոմի հայկական տարբերակը, համալսարանը ներկայացնող ուղեցույցներ: Նա Շիրակի մարզային գրադարանին, Արթիկի քաղաքային գրադարանին, «Շանթ» հեռուստաընկերությանը նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ», «Խենթերը», «Ապարանի հերոսամարտը» գրքերի օրինակներ:

Հուզիչ էր Աշոտ Աջամօղլյանի խոսքը. «Ես ծնվել ու հասակ եմ առել այս քաղաքում եւ ավարտելով մանկավարժական մայր բուհըՙ վերադարձել ու աշխատել եմ այստեղ: Թեեւ հետագայում աշխատել եմ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում եւ արդեն մեկ տասնամյակից ավելի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, երբեք չեմ կտրվել իմ ծննդավայրից: Ես միշտ այստեղ եմ եւ մասնակից եմ իմ քաղաքի հասարակական-մշակութային կյանքին ու դրանով միշտ հպարտանում եմ»: Նա Շիրակի մարզային գրադարանին եւ Արթիկի քաղաքային գրադարանին նվիրեց «Վերելք Արարատ» գրքի օրինակներ: Շնորհանդեսի մասնակիցները եւս ստացան գրքի հեղինակային ստորագրությամբ օրինակներ:

Շնորհանդեսին զուգահեռ կազմակերպվել էր Մանկավարժական համալսարանի նույն ամբիոնի աշխատակից, քարտեզագիր, ճանապարհորդ, լուսանկարիչ Տիգրան Բաբայանի «Պատմական Հայաստանը լուսանկարներում» ցուցադրությունը: Մասնակիցներն առանձնակի կարոտով դիտում էին Անի մայրաքաղաքի, Կիլիկիայի, Կապադովկիայի, Երզնկայի, Վանի, Տիգրանակերտի հայկական արժեքներին, բնապատկերներին նվիրված լուսանկարային տախտակները:

Վերջում ցուցադրվեց ռուս ալպինիստների խմբի Արարատի գագաթ բարձրանալուն նվիրված ֆիլմը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ