RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Դեմքեր

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2535, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՋՐԱՍՈՒԶՈՐԴԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժամանակ առ ժամանակ եւ առիթից առիթ իմ սերունդը հիշում է աշխարհի ամեահայտնի ստորջրյա լողորդին` Եվրոպայի 13-ակի չեմպիոն, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: Նոր սերունդը նրա անունը չգիտե` երբ սկսում ես պատմել, հիշողության ինչ-որ խոր անկյունից հայտնաբերում է, թե ինչ-որ մեկը պատմել է այդ մասին:

Մեղավոր էր նաեւ այն ժամանակը, որի մեջ ապրում էինք, երբ Շավարշ Կարապետյանը քսան մարդու կյանք փրկեց, իսկ այդ մասին աշխատեցին շատ քիչ բան պատմել մարդկանց: Հիմա, տեղեկատվության ազատության մեր դարում ո՞վ կարող է հիշել, թե տեղեկատվությունն ինչպե՞ս էր զտվում կենտրոնացված կարգով եւ ինչպես էր մեկ կենտրոն որոշում` ո՞ր տեղեկությունը տալ հասարակությանը, իսկ ո՞րն իր կարծիքով կվնասեր խորհրդային վարքուբարքին: Սակայն Մոսկվայում ապրող Շավարշ Կարապետյանն այժմ ընդամենը վաթսուն տարեկան է (մայիսի 19-ին կլրանա նրա վաթսունամյակը), իսկ նրա հասակակից մարզիկները այսօր Հայաստանում բավական լծակների են տիրապետում, որպեսզի չմոռանային նրա անունը, եւ այն, թե ինչպես նա իր մարզական կարիերան զոհեց մարդկային կյանքեր փրկելիս:

1976 թվականի սեպտեմբերի 16-ի վաղ առավոտյան թիվ 15 տրոլեյբուսը Երեւանյան լճի մոտ կորցրեց կառավարումը, ճեղքեց լճի պաշտպանիչ բազրիքը եւ հայտնվեց մոտ 10 մետր խորություն ունեցող կեղտոտ ու սառը ջրում ու սկսեց սուզվել: 90-ից ավելի ուղեւորները հայտնվեցին փակ դռերով ու պատուհաններով սուզվող տրոլեյբուսի մահվան գոտում: Մեքենաները սկսեցին կանգնել, կանչվեցին ոստիկանությունը, շատպօգնությունը, փրկարար ծառայությունները: Սակայն մարդկանց կյանքի ու մահվան հարցը մի քանի րոպեներում էր վճռվում: Նրանց մի մասը երեւի երջանիկ աստղի տակ էր ծնվել, քանի որ բարեբեր պատահականությամբ այդ պահին մոտերքում եղբոր հետ իր ամենօրյա մարզանքն էր ավարտում ստորջրյա լողի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը: Քսաներեքամյա աշխարհի չեմպիոնին անհրաժեշտ եղավ մի քանի վայրկյան, որ գնահատի իրավիճակը եւ որոշում կայացնի, մարդկանց կյանքը փրկելու համար նա ընդամենը մի քանի րոպե ուներ, ու ով նրանից լավ կարող էր իմանալ, թե քանի րոպեում կարող է վրա հասնել մահը խեղդվողի համար: Իր եղբայր Կամոյին հանձնարարելով սպասել ջրի երեսին` նա սուզվեց տղմոտ եւ սառը ջրի մեջ: Ոտքով կոտրելով տրոլեյբուսի պահեստային ապակին եւ վնասվելով կոտրված ապակիներով` նա սկսեց դուրս բերել մարդկանց եւ հանձնել եղբորն ու մյուսներին, ովքեր սկսեցին առաջին օգնություն կազմակերպել: Ցրտից կապտած եւ ցեխի մեջ արյունահոսող վնասվածքներով` նա հանում ու հանում էր մարդկանց, որոնցից հնարավոր եղավ փրկել միայն քսանին, եղան նաեւ դուրս բերվածներ, ում այլեւս փրկել հնարավոր չէր: Իսկ երբ տրոլեյբուսը կարողացան դուրս քաշել ջրից, այնտեղ արդեն կենդանի մարդ չկար: Սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ` յոթանասունից ավելի մարդ խեղդվեց այդ դժբախտ դեպքի պատճառով:

Չնայած տեղի ունեցածի ահագնությանը, ժամանակի մամուլը շատ հպանցիկ մի քանի տող գրեց կատարվածի մասին` դժբախտ դեպքերի մանրամասն նկարագրությունը կարող էր խաթարել սովետական իդիլլիան: Տողերիս հեղինակը գուցե լրագրողական առաջին մկրտությունը ստացավ` տեսնելու իմաստով, քանի որ ուսանող լինելով, «Ապագա բժիշկ» թերթի լուսանկարիչ, իմ կուրսեցի Սեյրան Մալինցյանի հետ խցկվեցի բժշկական ինստիտուտի անատոմիկում եւ իմ աչքով տեսա խեղդվածներին: Ու մինչեւ հիմա խառնիխուռն պառկած, խեղդված մարդկանց պատկերը մնացել է իմ մեջ որպես առաջին փորձություն, ֆիքսել եմ հատկապես կապույտ ջինսերով, երկար սեւ մազերով այն պատանուն, որ միգուցե ուսանող էր եւ առավոտյան դասի էր շտապում, բայց պառկած էր տարբեր տարիքի խեղդվածների մեջ. ահավոր մկրտություն:

Իսկ Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին ավելի շատ բանավոր պատմությամբ եմ լսել, քան ինչ-որ տեղ կարդացել այդ օրերին: Կարդացել եմ շատ ավելի ուշ, երբ սովետական ապուշ բարքերը մի փոքր ավելի ազատական էին դարձել:

Բանավոր պատմությունները փառաբանում էին այն ժամանակ հայերիս պարծանք չեմպիոնին, օժտում հերոսական նկարագրով, մեր աչքին աննկարագրելի մի գերմարդ դարձնելով նրան: Իսկ նրա հետ պատահածի մասին իմ սերունդն իմացավ ավելի ուշ:

Նույն նկատառումներով, որով տեղեկատվությունը լայնորեն չտրվեց հանրությանը, փրկվածները նույնպես չիմացան իրենց փրկչի մասին, ու նրանցից ոչ մեկը հետագայում չայցելեց նրան (հիմա էլ ուշ չէ, եթե նրանց մեջ ողջ մնացածներ կան): Շավարշ Կարապետյանի մոտ ուժգին մրսածությունից երկկողմանի թոքաբորբ սկսվեց, կեղտոտ ջրում վարակված նրա վերքերից սպառնում էր սեպսիսը: Այնպես որ` նա բավական ծանր հիվանդություն տարավ, ամիսուկես պառկեց հիվանդանոցում, ու դրանից հետո միայն փորձեց վերադառնալ առօրյա մարզումներին: Անգամ աշխարհի նոր ռեկորդ սահմանեց չորս հարյուր մետր ջրալողում, սակայն միեւնույն է` առողջությանը հասցվել էր անդառնալի վնաս, եւ Կարապետյանը հեռացավ մեծ սպորտից: Նրան, իհարկե, պարգեւատրել էին կատարած սխրանքի համար` «Պատվո նշան» շքանշանով, սպորտի վաստակավոր վարպետի կոչում էին շնորհել, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան «Արդարացի խաղ» հազվագյուտ մրցաանակ (Ֆեր փլեյ) տվեց, նա առաջին խորհրդային մարզիկն էր, որ իր պահվածքի համար պարգեւատվեց այդ մրցանակով:

Փորձեց այլ զբաղմունք գտնել, չկոտրվել, հետո էլ ընտանիքով մեկնեց Հայաստանից ԱՄՆ: Իսկ 1993-ին գնաց Մոսկվա եւ փորձեց բիզնեսով զբաղվել, ու դա ստացվեց: Նա հիմնեց կոշիկի փոքր արտադրամաս, մի շատ խոսուն անուն էլ դրեց` «Երկրորդ շնչառություն»: Ազատական բարքերի հետ դուրս լողաց եւ բազմամիլիոն Ռուսաստանի սեփականությունը դարձավ նաեւ նրա սխրանքն այն բանից հետո, երբ Մոսկվա գնալուց հետո այդ մասին գրեց «Լիտերատուրնայա գազետան»: Նրա մասին գրքեր են գրվել, ֆիլմեր նկարահանվել, նրան միշտ հրավիրում են ամենատարբեր հաղորդումների, վերջերս ծնվեց նրա թոռնիկը: Այսօր նա Ռուսաստանի ստորջրյա լողի ասոցիացիայի պատվավոր նախագահն է, 2007-ին հիմնել է «Շավարշ Կարապետյան» բարեգործական հիմնադրամը, որն ամեն տարի ստորջրյա լողի մրցումներում սահմանում է «Շավարշ Կարապետյան» մրցանակ: Նրա անունով մոլորակ է կոչվել: Հիանալի ընտանիք ունի, որդի, թոռ, գնահատված եւ սիրված է Ռուսաստանում: Սակայն փաստորեն նրան այնքան էլ չեն հիշում այն երկրում, որին տվեց իր սխրանքը, որի մարդկանց փրկելիս զոհաբերեց առողջությունն ու կարիերան, այլապես ականատես կլինեինք որեւէ անգամ նրա մեծարման երեկոյի կամ անվանահիշատակումներ կլինեին:

Սակայն նա հիշաչար չէ, կապված է իր հայրենիքի հետ, իսկ մեր կարծիքով` երբեք ուշ չէ նրան մեծարելը:

Ի դեպ, մարդկանց օգնելն ու փրկելը նրա նկարագրի բաղկացուցիչն է, այլապես 1985 թվականին մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ նա առաջիններից մեկը չէր հայտնվի մարդկանց փրկողների շարքում` այրվածքներ ստանալով եւ էլի բավական մարդկանց փրկելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ