RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1932, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ՏՈՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ԿՈՆՅԱԿ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կարծելով, թե երեկ աշխատանքային օր չէր, ու կարելի է ավտոբուս նստել նաեւ ներքեւի կանգառից, որտեղից աշխատանքային օրերին անհնար է լինում ավտոբուս ոչ միայն նստելն, այլեւ այնտեղ մտնելը, գնացի հենց ներքեւի կանգառ: Մայիսմեկյան ջերմ արեւը չէր ոգեւորում կանգառում երկու կանանց, որոնցից մեկն ինձ ժամը հարցրեց, եւ մեկ տղայի, որի սպորտային համազգեստից դժվար էր կռահելՙ Աբովյանից Երեւան է գնում, որ ինչ անի: Դեղին «Բոգդան» մակնիշի ավտոբուսը եկավՙ փաստելով, որ ոչ աշխատանքային այս օրը ավտոբուսի վարորդներն աշխատում են, սակայն դատելով վարորդի դեմքի արտահայտությունից, այդքան էլ գոհ չեն դրա համար:

Ավտոբուսում, գաղջ մթնոլորտ էր, բոլորը լուռ էին, ոչ ոք չէր ժպտում, ու եթե կանգառներից մեկում մի կին, հավանաբար թոռնիկի հետՙ ընտիր եղրեւանիները ձեռքին չնստեր ավտոբուս, ու հոտը չտարածվեր սրահում, գաղջ մթոնոլորտը նաեւ մեր ավտոբուսի ամենամեծ պրոբլեմը կլիներ: Հասանք Երեւան, ու այստեղ տեղի ունեցավ այն, ինչի պատճառով էլ գրվել է այս պատմությունը: Կինը հանկարծ սկսեց դժգոհել: Տիկնոջը մասնավորապես վրդովեցրել էր այն, որ մայիսի մեկն է, բայց քաղաքը տոնական չէ, մարդիկ չեն ժպտում, ուրախանում, երեխաների ձեռքերին փուչիկներ չկան, որ ոչ մի տեղ երաժշտություն չկա...Կինը այս ամենն արտահայտում էր բարձրաձայն, ու ավտոբուսում նստած երիտասարդներըՙ չհասկացողի իրենց դեմքերով, ծիծաղում էին տիկնոջ բողոքի վրա, կանայք սեւեռված նայում, ոմանք հավանաբար գժի տեղ էին դնում բողոքավորին, իսկ ոմանց համար էլ կնոջ բողոքի բարձաձայն արտահայտումը խիստ դրվատելի էր, քանի որ կանայք սիրում են, երբ կինը ուժ ու համարձակություն է ունենում արտահայտելու իր բողոքըՙ նշանակություն չունի, թե ինչի հետ կապված: Եվ միայն մի ծերուկ, որը կոստյումով էր ու բարակ բեղերով, լուռ ժպտում էր, նա դողդոջյուն ձեռքերով բռնել էր կուսակցական տոմսը. ծերուկը կոմունիստ էր:

Իսկ ավտոբուսի վարորդը գյումրեցի էր: Սկզբում նա լռում էր, իսկ երբ կինը մի քանի վայրկյանով դադարեցրեց իր անդադար բողոքը, գյումրեցի վարորդը միացրեց ավտոբուսի մագնիտոֆոնը. «Էս էլ ձեզ երաժշտություն», ասաց գյումրեցին: Երաժշտությունն, իհարկե, ռեստորանային էր, բայց այդ պահին հաստատ դա կարեւոր չէր. ավտոբուսը սկսեց ժպտալ, մի կին, որը մինչ այդ ուշադիր նայում էր բողոքավոր կնոջը, երաժշտության հնչյունների ներքո ասաց նրան. «Ինչ սիրուն ծաղիկներ են... ինչ սիրուն երեխա է»:

Դժվար էր իջնել ավտոբուսից, մանավանդ որ իջնելու պատճառը աշխատանքի գնալն է. լրագրողները, ինչպես ավտոբուսի ու տաքսու վարորդները, ինչպես խանութպանները, մայիսի մեկին աշխատում են:

Ճանապարհին պարզվեց, որ սրճարաններն էլ, մամուլի կրպակներն էլ, ոստիկաններն էլ, եթե մեզ վրա դեռ չեն հարձակվել, ուրեմնՙ զինվորներն էլ, փողոցում ազդանշաններով անցնող շտապ օգնության մեքենան փաստեց, որ բժիշկներն էլ երեկ աշխատում են: Ինչպես հասկացաՙ երեկ շատերն են աշխատում, ինչպես զգացի, դատելով ավտոբուսում երեկվա մարդաքանակից, Հայաստանում շատերն են աշխատում, քանի որ ի տարբերություն աշխատանքային օրերիՙ ավտոբուսը կիսադատարկ էր: Լավ է:

Բայց ինչ է ստացվում, եթե Հայաստանում աշխատանք ունեցողներից հանենք լրագրողներին, տաքսու եւ ավտոբուսի վարորդներին, ոստիկաններին, զինվորներին, բժիշկներին, ապա կմնան ուսուցիչները, բանկերի աշխատողները, եւ էլի չգիտեմ, թե ով: Հետեւաբար, եթե այսօր տոն է, իսկ տոնն արտահայտվում է չաշխատելով, ապա երեկ ոչ թե աշխատավորների տոնն էր, այլ ուսուցիչների, բանկերի աշխատողների ու էլի չգիտեմ թե ում: Այսինքն մենքՙ Հայաստանում մայիսի մեկը կամ պետք է անվանենք մասնագիտական տոն, ոչ թե համընդհանուր, կամ պետք է ընդունենք, որ մեր երկրում տոնն արտահայտվում է աշխատելով, ոչ թե չաշխատելով: Այսինքնՙ Հայաստանի այն քաղաքացին, ով աշխատանք ունի, արդեն տոնի մեջ է:

Կոմունիստ ծերուկըՙ մեր ավտոբուսի մեջ, հավանաբար գնում էր կուսակից ընկերների ամենամյա մայիսմեկյան երթին, որտեղ պապիկները գնում են իրենց թոռնիկների հետՙ առանց կարեւորելու վերջիններիս ցանկությունը, թոռնիկի ձեռքը բռնած կինը չիմացա, թե որտեղ իջավ, որտեղ էր գնում եւ ինչու:

Սարյանի արձանի դիմաց նկարիչներն իրենց կտավներն են դրել վաճառքի. նկարիչներն էլ ուրեմն աշխատում են, մայրաքաղաքից դուրս գտնվող խաղատներն էլ, մայրաքաղաքում գտնվող բուքմեյքերային կետերն էլ, վիճակախաղի տոմս վաճառողներն էլ, եկեղեցիներում մոմավաճառ կանայք էլ, ռեստորաններում երիտասարդ մատուցողներն էլՙ աստվածաբանի, կամ պատմաբանի մասնագիտությամբ:

Մայիսմեկյան արեւը ջերմացնում է. մարդիկ գոնե եղանակի առումով դժգոհելու առիթ չունեն. Արեւն իր կողմից տոնն ապահովվում է, պարզապես կան մարդիկ, որոնք տոն ստեղծում են (անգամ առանց արեւի օգնության), ու կան մարդիկ, որոնք տոն ունենում են միայն օրացույցին նայելուց հետո, կամ չեն ունենում:

Իրականում մենք շատ աշխատողներ ունենքՙ երկրում էլ, դրսում էլ, հոգով էլ, բնավորությամբ էլ, ստիպված էլ: Խնդիրն ամենեւին աշխատատեղերի բացակայությունը չէ, խնդիրը տոն սարքելու ունակության բացակայությունն էՙ շատ աշխատողների մեջ, եւ չաշխատողների:

Երեկ տոն էր... Իսկական տոն, որտեղ ամենեւին էլ պարտադիր չէ կոնյակը, կամ... պարտադիր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ