RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1504, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԹԻԼԻԱՍԻ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՉՅԱՆ, Թեհրան

Դաշնակցությունը Հայաստանում դեմոկրատիայի դասեր է տալիս, սակայն Թեհրանում հակադեմոկրատական գործունեությունը չի դադարեցնում

Թեհրանի հայոց թեմի կանոնադրության համաձայն, 4 տարին մեկ ընտրվում է թեմի օրենսդիր մարմինըՙ պատգամավորական Ժողովը, որն, իր հերթին, երկու տարին մեկ ընտրում է համայնքի 11 հոգուց բաղկացած գործադիր մարմինՙ թեմական խորհուրդ: Գործադիր մարմնի ընտրությունները ծրագրվում են Դաշնակցության Թեհրանի կենտրոնական կոմիտեի միջոցով:

Վերջին 12 տարվա ընթացքում Դաշնակցությունը, դեմոկրատ ձեւանալու նպատակով, մեկ կամ երկու հոգուՙ որպես ընդդիմադիր անհատների, ընտրում եւ ընդգրկում է թեմական խորհրդի կազմում: Շուրջ երկու ամիս առաջ կայացած ԹՀԹ պատգամավորական Ժողովի վերջին ընտրություններում, ըստ հստակ փաստերի, ընդդիմադիրները շահեցին քվեների 40 տոկոսը: Ժողովրդավարական հասարակարգերում այդ տոկոսի համեմատ ընդդիմադիրը գործադիր մարմնում պետք է ներկայանան 4 կամ 5 ներկայացուցչով: Նրանք պետք է ընտրվեն հենց ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կողմից եւ ոչ թե, ինչպես նախկինում, Դաշնակցությանը ցանկալի «ընդդիմադիր» դաշտից:

Թեհրանի ժողովրդավարական ուժերը այս անգամ համախմբվելով պահանջեցին, որ միայն իրենց ընտրած թեկնածուներին են ներկայացնելու թեմական խորհրդի կազմի համար, հակառակ դեպքում բողոքի ակցիա կկազմակերպեն ու որեւէ ձեւով չեն համագործակցի պարտադրվող ազգային իշխանության հետ: Դաշնակցությունը փորձել եւ փորձում է տարբեր եղանակներով պառակտում առաջացնել ընդդիմադիր ուժերի շարքերում, այն հույսով, որ կկարողանա իր ուզած ձեւով համայնքի գործադիր մարմինը ձեւավորել եւ պարտադրել: Սակայն այս անգամ ընդդիմադիր ուժերի համախմբված ու կազմակերպված լինելու պատճառով դա նրան չի հաջողվում: Այդ իսկ պատճառով ստիպված եղավ համայնքի գործադիր մարմնի ընտրությունները 40 օրով հետաձգել: Հիշյալ կուսակցությունը, ըստ էության, չի ցանկանում հասկանալ, որ քաղաքական միասնական ընդդիմադիր ուժի հետ գործ ունի, քանի որ նախապես աշխարհով մեկ պրոպագանդել է, որ Իրանում հայկական քաղաքական միակ ուժն ինքն է:

Հետաքրքրական են նաեւ Անթիլիասի կաթողիկոսության դիրքն ու վերաբերմունքը: Ընդդիմադիր ճակատը, նախքան ընտրությունների օրը, հանդիպում ունեցավ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանի հետ, ով շեշտեց, թե մտքերի զանազանությունը գործադիր մարմնում հարստություն է, եւ խոստացավ, որ կաջակցի համանքային հարցերը ժողովրդավարական եղանակով հանգուցալուծելու հարցում: Սակայն մի քանի օր անց նա կատարեց ճիշտ հակառակը: Դաշնակցությունը բացառեց, որ երկու հոգիՙ «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ու տարիների ազգային ու հասարակական աշխատանքի փորձ ունեցող գործիչ Մովսես Քեշիշյանը եւ «Համայնք» կայքէջի պատասխանատու, Հայ աշխարհատեսների միության ներկայացուցիչ եւ 12 տարվա պատգամավորական Ժողովի փորձ ունեցող դոկտ. Ռուբիկ Սարդարյանը, առաջադրվեն որպես գործադիր մարմնի թեկնածուներ: Իհարկե, այս երկու հոգուց միայն դոկտ. Ռուբիկ Սարդարյանն էր թեկնածուների շարքում, որի թեկնածությանը դեմ էր հենց ինքըՙ թեմիս առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը, ասելով, որ Սարդարյանը հակաճառել է Արամ Վեհափառին եւ այդ իսկ պատճառով պետք է զրկվի թեկնածությունից, ինչպես նաեւ պետք է արգելվի գործադիր մարմնին նրա անդամությունը:

Հակաճառելու մասին անհիմն հայտարարությունը վերաբերում է Արամ Վեհափառի Թեհրան կատարած վերջին այցելությանը, երբ Դաշնակցությունը պարսկերեն լեզվով հրապարակած հայտարարություններում եւ առաջնորդարանի ճակատում ամրացված պաստառում նրան ներկայացնում էր որպես «ամենայն հայոց կաթողիկոսի», եւ դոկտ. Ռուբիկ Սարդարյանը Վեհափառի ուշադրությանն էր հանձնել կատարված կոպիտ սխալը: Սարդարյանի այս մոտեցումը, ըստ էության, դուր չէր եկել Թեհրանի հայոց թեմի առաջնորդին, եւ ընդդիմադիրՙ ոչ դաշնակցական ներկայացուցիչներին խորհուրդ էր տվել հանել նրա թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր ճակատը պնդել էր իր դիրքորոշումը եւ սրբազան հորը խորհուրդ տվել Դաշնակցության խաղի մեջ չներքաշվել եւ իր հոգեւոր դիրքը չնսեմացնել:

Դաշնակցությունը սրբազան հոր մոտեցումը «պատրվակելով» եւ ընդդիմադիրներին զիջումներ չանելով պատճառ դարձավ, որ ընտրությունները հետաձգվեն: Պատգամավորական Ժողովի դիվանը պաշտոնապես հայտարարեց. «Որպեսզի համայնքի բոլոր շերտերը ներկայություն ունենան գործադիր մարմնում եւ քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել կողմերի միջեւ, ընտրությունները մեկուկես ամսով հետաձգվում ենՙ միմյանց հետ համաձայնության գալու համար»:

Հարցերը փակուղուց հանելու նպատակով վերջերս այդ համաձայնությունը ձեռք բերվեց ու որոշվեց, որ 4 կամ 5 հոգու փոխարեն միայն երեք հոգի ոչ դաշնակցական ընդգրկվեն գործադիր մարմնի 11 հոգանոց կազմում, սակայն կրկին սրբազան հոր անունից հայտարարվեց, թե իբրՙ ով Արամ Վեհափառին քննադատել է, իրավունք չունի թեմական խորհրդի թեկնածու դառնալու: Սրան գումարվեց Դաշնակցության կողմից ձեռք բերված համաձայնության խախտումըՙ թեկնածուների քանակը երեքից կրճատելով երկուսի, ինչը պատճառ դարձավ, որ ժողովրդավարական ճակատը կտրուկ մերժի եւ իր 2 թեկնածուներին հետ կանչի:

Դաշնակցության անհանդուրժողականությունը համայնքում առաջացրել է անհանգստություն: Կուսակցությունը չի տիրապետում իր իսկ սխալների հետեւանքով առաջացած իրավիճակին, չի կարողանում նույնիսկ իր ներքին հակասություններին դեմոկրատական լուծումներ տալ: Արդեն բացահայտորեն դաշնակցական տարբեր խմբավորումները մերկացնում են միմյանց ոչ ժողովրդավարական ու համայնքի միասնությունը, շահը եւ տարբեր հատվածների իրավունքը ոտնահարող արարքները: Թեհրանի Դաշնակցության ծայրահեղական թեւը աշխատում է բոլոր հարցերը լուծել մոլեռանդությամբ եւ հրամայական եղանակով, որը չի ստացվում եւ ավելի է բարդացնում համայնքի իրավիճակը, ժողովրդի մեջ խորացնելով դժգոհությունը, ինչը նաեւ նպաստում է արտագաղթին:

Հույս չունենք, որ Հայաստանի դաշնակցականները, որ ներկայումս գտնվում են ոչ իշխանական դիրքում, կըմբռնեն եւ կսրբագրեն Թեհրանի իրենց գործընկերների պառակտիչ գործունեության ծանրակշռությունը, որովհետեւ մեր նախկին զգոնության եւ սթափության հրավերները բախվել են ՀՅԴ-ի երեւանյան պատասխանատուների երկու չափ, երկու կշիռ ոչ պարկեշտ վերաբերմունքին:

Ժամանակները փոխվել են, ազգի շահերից ելնելովՙ բոլորը պետք է հանդուրժեն եւ մեկը մյուսին հարգենՙ որպես քաղաքական կողմի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ