RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1446, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՇԱՐՈՒՆԱԿԵ՞Լ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԹԵ՞ ԴԻՄԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մայիսի 30-ին Երեւանում կկայանա Ցեղասպանության 100-ամյակի աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որտեղ կքննարկվեն կարեւորագույն հարցեր: Դրանցից մեկն էլ մինչ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը իրավական հարթությամբ հարցին լուծում տալն ու միջազգային դատական ատյաններում հայտ ներկայացնելն է լինելու: Մինչ այդ, մինչեւ 2015-ի ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու անգամ կընդարձակի իր մասնաշենքը, 100-ամյակին ընդառաջ կունենանք նոր տեխնոլոգիաներով հագեցած ցուցասրահ, որտեղ Հայոց ցեղասպանության թեման կներկայացվի բացարձակապես նոր նյութերի հիման վրա: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հավաստիացնում էՙ ներկայացվող նյութերը լրջորեն կփոխեն մեր պատկերացումները, ընկալումներն ու գիտելիքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա համոզված է, որ ներկայացվելիք նյութերը լուրջ գործիք կծառայեն ոչ միայն իրազեկման, այլեւ միջազգային ճանաչման առումով: Թեպետ թանգարանի ներսում շինարարական աշխատանքներն ընթանում են նաեւ այս օրերին, սակայն թանգարանի աշխատանքը շարունակվում է նույն հունով: Նախորդ տարի երկու հսկայական ցուցադրություն է տեղի ունեցել. մեկըՙ Բեյրութի կաթոլիկ եկեղեցու սրահում, մյուսըՙ Կոպենհագենի թագավորական գրադարանում: Նմանատիպ ցուցադրություններն առաջացրել են թուրքական կողմի զայրույթն, ու հարեւան պետությունն արդեն դիվանագիտական մակարդակով ու շանտաժի լեզվով է փորձել հարց լուծել: Դեմոյանը հիշում է, որ կոպենհագենյան ցուցադրության ժամանակ թուրքական դեսպանությունը արձագանքել ու պահանջել է, որ Ցեղասպանությունը ժխտող եւ մերժող ցուցադրություն էլ բացվի կրկին նույն ցուցասրահում: Դեսպանատան նման արձագանքը հարուցել է դանիական հասարակության դժգոհությունը մամուլում 250 քննադատական հոդված է հրատարակվել: Հոդվածագրերը հայտարարել են, որ թուրքական կողմն իրավունք չունի Դանիայում ժխտողական տեսակետ արտահայտելու: Դրան հաջորդել է թուրքական կողմի առաջարկըՙ մեծացնել առեւտրաշրջանառությունն ու տնտեսական հարթակում առավել լայն ակտիվությամբ աշխատել Դանիայի հետ: «Ցանկացած նման նախաձեռնությանը թուրքական կողմը պատասխանում է ոչ թե փաստերով, այլ շանտաժով կամ էլ առաջարկում մեծացնել տնտեսական շրջանառությունն այն երկրի հետ, որը հետաքրքրվում է Հայոց ցեղասպանությամբ», ասում է Դեմոյանըՙ հավելելով, որ այժմ թանգարանը համագործակցում է չեխական Լիդիցիայի հուշահամալիրի հետ: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել մի շարք պայմանագրեր Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ: Դեմոյանը հավաստիացնում է, որ թանգարանի միջազգային հեղինակությունը շատ է բարձրացել եւ նոր ցուցադրությունից հետո էլ իր գիտական կապերով այն հավակնում է դառնալ խոշոր հետազոտական կենտրոն, որը ուսումնասիրություններ կանցկացնի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ընդհանրապես ցեղասպանագիտության թեմայի շուրջը:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը համոզված էՙ Ցեղասպանության միջազգային ճանաչման փուլն արդեն անցած էտապ է: Այժմ պետությունը պետք է բարձրացնի պահանջատիրության հարց: Այդ համատեքստում շուտով կհրապարակվի մասնագիտական ուսումնասիրություն անգլերենով եւ հայերենով, որտեղ իրավունքի եւ հատուցման երեք մակարդակի հարց է քննարկվումՙ տարածքային, ազգային ունեցվածքի եւ անհատական հատուցման: Մանոյանի խոսքերովՙ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների անհատական հատուցման խնդիրը պետք է այնպես բարձրացվի, որ չխոչընդոտի ազգային հավաքական եւ պետական իրավունքների ու հատուցման գործընթացներին: Այս առումով մեծ են Մանոյանի ակնկալիքները Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովից:

«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը հավաստիացնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեր անելիքները չենք կարողանում ընկալել: Դա չեն ընկալում թե՛ պետական, թե՛ նեղ մասնագետների մակարդակով: Պատճառն այն է, որ զգացմունքային եւ զգայական մակարդակից այն կողմ մենք չենք կարողանում խնդիրը տեսնել: Նրա գնահատմամբՙ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դառնա Հայաստանի, հայոց պետականության արտաքին քաղաքականության անկյունաքարը: «Սակայն մենք մի կողմից աշխարհից պահանջում ենք, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մյուս կողմից հայ-թուրքական արձանագրություն ենք ստորագրում եւ համաձայնում հարցը տեղափոխել մասնագետների քննարկման մակարդակը»: Ալվրցյանը համոզված էՙ որքան էլ տերությունների կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը լինի կարեւոր եւ ցանկալի, հարցի լուծումը գտնվում է Թուրքիայում, թուրք ժողովուրդն էլ տեղյակ է ցեղասպանությունից: Նրա գնահատմամբՙ լուրջ քայլ կլինի, որ հայկական կողմը աշխատանքներ սկսի թուրք մտավորականների եւ Թուրքիայում ապրող երկու միլիոն ծտպյալ հայերի հետ, նախ կապեր հաստատի նրանց հետ եւ բարձրացնի նրանց խնդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ