RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013



Հայ դատ

Տեղադրվել է` 2013-04-18 23:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1536, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գիտության վաստակավոր գործիչ

Սկիզբը` նախորդ համարում

Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի հաջորդ պրեզիդենտը Ջիմի Քարտերն է: Նա 1978թ. մայիսի 16-ին հայտարարեց` «Ընդհանուր առմամբ աշխարհում չգիտեն, որ 1916թ. նախորդած տարիներին ստույգ քայլեր կատարվեցին ողջ հայ ժողովրդին ոչնչացնելու ահամր: Եվ որեւէ Նյուրնբերգյան դատավարություն տեղի չունեցավ»: Ճիշտ է, այստեղ ցեղասպանություն բառը չկա, բայց բովանդակային առումովՙ «Ստույգ քայլեր կատարվեցին ողջ հայ ժողովրդին ոչնչացնելու համար» բանաձեւը լրիվ համապատասխանում է ցեղասպանության գենոցիդ եզրի հեղինակ Լեմկինի տված սահմանմանը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ-ի պրեզիդենտ Ռոնալդ Ռեյգանը: 1981թ. ապրիլի 22-ինՙ Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը հանդես գալով հատուկ Պրոկլամացիայով եւ խոսելով Հոլոքոսթի մասին, նա հայտարարեց. «Ինչպես հայերի ցեղասպանությունը մինչ այդ, եւ Կամբոջայի ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, եւ շատ այլ նման հարվածներ շատ այլ ժողովուրդների, Հոլոքոսթի դասերը երբեք չպետք է մոռացվեն»:

Իսկ ԱՄՆ-ի ներկա պրեզիդենտ Բարաք Օբաման 2009թ. ապրիլի 24-ին ուղերձով դիմելով ամերիկյան ժողովրդին առաջին անգամ ցեղասպանության փոխարեն օգտագործեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը, նույնը կրկնելով նաեւ 2012թ., ընդգծելով, որ «Մեծ եղեռնը կշարունակի ապրել մեր հիշողությունում»: Պատահական չէր եզրն օգտագործելը: Հավանաբար նա դա համարել է կոմպրոմիսային ձեւակերպում, որը կարող էր ընդունելի լինել այդ եզրի հեղինակ հայությանը, գոհացնել նրանց, մի կողմից, եւ ընդունելի լիներ նաեւ թուրքերի համար: Սակայն դա, ցավոք, տեղի չունեցավՙ հայերը մերժեցին: Բովանդակային առումով եւ պատմական ընկալմամբ, «Մեծ Եղեռնը» եւ «Ցեղասպանությունը» նույնիմաստ են: Եվ լավ կլիներ, եթե հայերը կենտրոնանային դրա վրա եւ աշխարհին բացատրեին այդ երկու եզրերի բովանդակային նույնիմաստ լինելը: Կարծում ենք, որ եթե դա արվեր, ապա աշխարհը դա հենց այդպես էլ կընդուներ: Մանավանդ որ պրեզիդենտ Օբաման հայտարարեց. «Ես մշտապես հայտարարել եմ իմ տեսակետի մասին, թե ինչ է պատահել 1915թ., եւ իմ տեսակետը չի փոխվել այդ պատմության մասին»: Իսկ նրա տեսակետն այն էր, որ դա ցեղասպանություն է եղել:

Այսպիսով, ԱՄՆ-ի պրեզիդենտներն օգտագործել են երեք եզրՙ «Հայերի նիհիլացում»ՙ Վուդրո Վիլսոն, «Հայերի ցեղասպանություն»ՙ Ջիմի Քարտեր եւ Ռոնալդ Ռեյգան, եւ «Մեծ Եղեռն»ՙ Բարաք Օբամա: Իմաստային առումով այդ երեք եզրերը համարժեք են: Հրեաները նույնպես օգտագործում են երեք անվանումՙ «Ցեղասպանություն», «Հոլոքոսթ» եւ «Շոա», որոնցից ամենագործածականը ոչ թե ցեղասպանություն կամ Շոա, այլ Հոլոքոսթ եզրն է: Ասվածը մեզ հիմք է տալիս հաստատելու, որ ԱՄՆ-ի պրեզիդենտները երեք նույնիմաստ եզրերի օգտագործումով արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Այժմ կանգ առնենք վերջին եւ ամենակարեւոր հարցի լուսաբանության վրա: Արդյոք կարելի՞ է Հայոց ցեղասպանությունը համարել միջազգայնորեն ճանաչված: Դրա համար անհրաժեշտ է հաշվառել այն կառույցները, որոնք արդեն պաշտոնապես ճանաչել են Մեծ Եղեռն-ցեղասպանությունը: Մենք կատարել ենք նման նախնական որոշ աշխատանք եւ եկել այն եզրակացության, որ այն կառույցները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, կատարել են ինստիտուցիոնալ եւ ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակներով:

I. Հայոց ցեղասպանության ճանաչումն ինստիտուցիոնալ մակարդակով:

Ինստիտուցիոնալ խումբը հետեւյալ պատկերն է ներկայացնում: Ներկա վիճակում Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 22 պետություն

Օսմանյան կայսրություն-1919թ., Դատաիրավական որոշում

Ուրուգվայ - 1965թ., Պառլամենտական բանաձեւ, 2004թ.ՙ օրենք,

Կիպրոս - 1982թ., Պառլամենտական բանաձեւ,

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն- 1988թ., Գերագույն խորհուրդ,

Արգենտինա -1993թ., Պառլամենտական բանաձեւ, 2004թ., օրենք,

Ռուսաստան -1995թ., Պետական դումա,

Հունաստան - 1996թ., Պառլամենտական բանաձեւ,

Կանադա - 1996թ., Պառլամենտական բանաձեւ,

Լիբանան - 1997թ., Դեպուտատների պալատի բանաձեւ,

Բելգիա - 1998թ., Սենատի բանաձեւ,

Ֆրանսիա - 1998թ., Պառլամենտական բանաձեւ, 2001թ., օրենք,

Վատիկան- 2000թ.,

Իտալիա -2000թ., Պառլամենտական բանաձեւ,

Շվեյցարիա - 2003թ., Պառլամենտական բանաձեւ,

Սլովակիա - 2004թ., Պառլամենտական բանաձեւ,

Նիդեռլանդներ - 2004թ., Պառլամենտական բանաձեւ,

Լեհաստան - 2004թ., Սեյմի բանաձեւ,

Վենեսուելա - 2005թ., Պառլամենտի բանաձեւ,

Գերմանիա - 2005թ., Բունդեսթագի բանաձեւ,

Լիտվա - 2005թ., Պառլամենտի բանաձեւ,

Չիլի - 2007թ., Պառլամենտի բանաձեւ,

Շվեդիա - 2010թ., Ռիկսթագի բանաձեւ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Եվրոմիության երկպալատանի օրենսդիր մարմինըՙ Եվրոպական պառլամենտը (European Parliament)ՙ 1987թ. եւ Եվրոխորհուրդը (Council of Europe)ՙ 2001թ.:

2007թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Մերկոսուրիՙ (Mercosur) Հարավային ընդհանուր շուկայի անդամ երկրները: Մերկոսուրի անդամ երկրներն են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը, եւ Վենեսուելան, ասոցացված անդամներն են Բոլիվիան, Չիլին, Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն, դիտորդՙ Մեքսիկան: Կողմերը 2004թ. համաձայնեցին հիմնել պառլամենտՙ յուրաքանչյուր երկրից 18-ական ներկայացուցիչ: Մերկոսուրը թեեւ առեւտրատնտեսական կազմակերպություն է, սակայն անտարբեր չէ քաղաքական սուր հարցերի նկատմամբ: 2007թ. նոյեմբերի 24-ին Մերկոսուրի պառլամենտը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, աջակցություն հայտնեց Հայաստանին եւ կոչ արեց բոլոր երկրներինՙ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ առանձին երկրների վարչատարածքային միավորների օրենսդիր մարմինները, անկախ այն բանիցՙ տվյալ երկրի պառլամենտը ճանաչել է դա, թե ոչ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենՙ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի եւ Հարավային Ավստրալիայի պառլամենտները, Բրազիլիայի Սեարա եւ Սան Պաոլո նահանգները, Իսպանիայի Բասկերի երկրի եւ Կատալոնիայի պառլամենտները, Իտալիայի Լոմբարդիա նահանգի օրենսդիր մարմինը, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության մաս կազմող Ուելսի Ազգային ասամբլեանՙ պառլամենտը, Կանադայի Քվեբեկի եւ Օնթարիոյի օրենսդիր մարմինները եւ շվեյցարական Բեռնի կանտոնը, ընդամենը 11 ինքնավար նահանգների կամ մարզերի օրենսդիր մարմիններ:

ԱՄՆ-ը դաշնային պետություն է, կազմված 50 նահանգներից կամ, ինչպես նրանք են անվանում, ստեյթներից (statses): Դրանցից Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 43 նահանգների օրենսդիր մարմիններըՙ Ալյասկայի, Արիզոնայի, Արկանզասի, Կալիֆոռնիայի, Կոլորադոյի, Կոնեկտիկուտի, Դելավերի, Ֆլորիդայի, Ջորջիայի, Հավայայի, Այդահոյի, Իլինոյսի, Կանզասի, Կենտուկիի, Լուիզանայի, Մենի, Մերիլենդի, Մասաչուսետսի, Միչիգանի, Մինեսոտայի, Միսսուրիի, Մոնթանայի, Նեբրասկայի, Նեւադայի, Նյու Հեմփշիրի, Նյու Ջերսիի, Նյու Մեքսիկոյի, Նյու Յորքի, Նորդ Կարոլինայի, Նորդ Դակոտայի, Օհայոյի, Օկլահոմայի, Օրեգոնի, Պենսիլվանիայի, Ռոուդ Այլանդի, Սաուտ Կարոլինայի, Թեննեսսիի, Տեխասի, Յուտայի, Վերմոնտի, Վիրջինիայի, Վաշինգտոնի եւ Վիսկոնսինի:

2010թ. դեկտեմբերի 4-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունեց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն: Համանման որոշուներ են ընդունել Ներկայացուցիչների պալատի մի շարք այլ հանձնաժողովներ եւս: Արդեն նշվեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ամերիկյան չորս պրեզիդենտներՙ Վուդրո Վիլսոնը, Ջիմի Քարտերը, Ռոնալդ Ռեյգանը եւ Բարաք Օբաման:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Բուլղարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Լիբանանի, Կիպրոսի, Ուելսի, Արգենտինայի եւ այլ երկրների շատ քաղաքների մունիցիպալիտները: Այս փաստերը գալիս են հաստատելու Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթական երթի, մասշտաբների, այսինքնՙ նրա միջազգային մեծ ճանաչման մասին:

II.Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով:

Ինչ վերաբերում է ոչ կառավարական կազմակերպություններին, ապա դրանց թիվը բազմազան է եւ տարաբնույթ: Հայոց ցեղասպանությունը կամ Արմենոցիդը ճանաչել է Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսը: 1965թ. հուլիսի 15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գումարված Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսը Ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, գտնելով, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Շատ կարեւոր էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, որի մեջ մտնում են կաթոլիկ, ուղղափառ, բողոքական, Հայ առաքելական եւ արեւելյան քրիստոնեական 349 եկեղեցիներՙ իրենց մոտ 2 միլիարդ հավատացյալներով, որոշումը: 1983թ. հուլիսի 24-ից օգոստոսի-10 Վանկուվերում կայացած համաժողովում նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ «Այդ իրադարձությունների հասարակական ճանաչումը էական է, որպեսզի նրանք չկարողանան շարունակել սպառնալ բռնարարքներով, եւ որ հայ ժողովրդի պատմությունը հիշելու միջոցով այլ ժողովուրդներ կկարողանան խուսափել նման ճակատագրից»: Շատ գնահատելի է նաեւ Ժողովուրդների մշտական տրիբունալիՙ միջազգային մեծ հեղինակություն ունեցող կազմակերպության 1984թ. ապրիլի 16-ի որոշումն առ այն, որ «Արեւելյան Անատոլիայում ամբողջ հայ ժողովուրդն անհայտացավ»: Իրավացիորեն դա համարելով ցեղասպանություն, Ժողովուրդների մշտական տրիբունալը հայտարարեց. «Թուրքական յուրաքանչյուր կառավարություն 1915թ. սկսած հրաժարվում է համաձայնել գենոցիդային դեպքերի համար պատասխանատու լինելուն: Թուրքական կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում խափանելու Հայոց ցեղասպանության ճանաչումը: Տրիբունալն այն տեսակետին է, որ ցեղասպանության հանցանքի համար պատասխանատվությունը մնում է իրողություն»: Հայոց ցեղասպանությունը ճանաչողների մեջ իր բնույթով, գիտական ասպեկտով բացառիկ եւ աննախադեպ է աշխարհի 53 Նոբելյան մրցանակակիրների դիրքորոշումը: Նրանք 2007թ. միահամուռ ընդունեցին փաստաթղթի ուժ եւ նշանակություն ունեցող եւ համայն աշխարհին ուղղված նամակ, որով աշխարհի այդ խոշոր գիտնականները «Պարտավորեցրին թուրքական կառավարությանն ընդունել, որ հայերի 1915-1918 թվականների զանգվածային սպանությունները եւ բռնի տեղահանումները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն են»: Շատ կարեւոր է նաեւ նրանց հետեւյալ փաստարկ. «Նրանք հավանություն են տալիս 2003 անկախ ուսումնասիրություններին, որոնք հավաստում են, որ 1,5 մլն օսմանյան հայերի սպանությունը լրիվ համապատասխանում է ցեղասպանության միջազգայնորեն ընդունված սահմանումին»: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի դիրքորոշմանն արդեն անդրադարձել ենք: Ուշագրավ է Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի Ստամբուլի բաժանմունքի անդրադարձը Հայոց ցեղասպանության տարելիցին, որի վերաբերյալ մամուլի հատուկ հաղորդում է եղել 2006թ. ապրիլի 24-ին: Ահա այդ փաստաթղթի հիմնական հարցադրումները, դրույթները եւ բնորոշումները. «Այս օրըՙ ապրիլի 24-ը, համայն աշխարհում ճանաչվում է որպես մի տարեթիվ, որը նշանավորում է Հայոց ցեղասպանությունը: Միայն Թուրքիայում է, որ դրան տաբու է դրված: Թուրքական պետությունը զորակոչում է իր բոլոր ռեսուրսներըՙ ժխտելու այդ օրվա իմաստը»: Մարդու իրավունքների ասոցիացիան հավաստում է, որ ցեղասպանության ժխտումն ինքնին մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որն «անհատներին զրկում է իր նախնիների համար... սգալու իրավունքիցՙ միայն այն բանի համար, որ նրանք հայեր էին»: Մարդու իրավունքների Ստամբուլի բաժանմունքի անդամները, միանալով հայ սգակիրներին, հայտարարում են. «Այսօր մենքՙ մարդու իրավունքների պաշտպաններս, կցանկանայինք դիմել բոլոր հայերին Թուրքիայում եւ աշխարհի բոլոր մասերում եւ ասել նրանցՙ մենք ցանկանում ենք կիսել ձեր սրտի ցավերը եւ խոնարհվել ձեր կորուստների հիշատակի առջեւ: Նրանք նաեւ մեր կորուստներն են: Մեր պայքարը Թուրքիայում մարդու իրավունքների համար միեւնույն ժամանակ մեր սուգն է մեր բոլոր կորուստների համար եւ հարգանք ցեղասպանության զոհերին»:

Հայոց ցեղասպանությունը հաստատել են Երուսաղեմի Հոլոքոսթի եւ գենոցիդի ինստիտուտը, Երուսաղեմի Հոլոքոսթի թանգարանը, Նյու Յորքի Գենոցիդի ուսումնասիրության ինստիտուտը, Վաշինգտոնի Հոլոքոսթի թանգարանը եւ այլ ինստիտուտներ, գիտական ու մշակութային հաստատություններ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ ամերիկյան, անգլիական, գերմանական, ռուսական, ֆրանսիական եւ այլ միջազգային ամենահեղինակավոր զանգվածային լրատվամիջոցներՙ ամերիկյան «Նյու Յորք թայմսը», անգլիական «Թայմսը» եւ «Ինդեփենդենտը», ֆրանսիական «Մոնդը» եւ «Ֆիգարոն», գերմանական «Շպիգելը», ռուսական «Իզվեստիան», եգիպտական «Ռուզ ալ Յուսուֆը», լիբանանյան «Ալ Սաֆիրը», «Ալ Նահարը» եւ այլ խմբագրություններ: Նրանց դիրքորոշման մասին գաղափար կազմելու համար բերենք «Նյու Յորք թայմսի» հրատարակչական խորհուրդի 2004թ. ընդունված որոշումը, որ «1915թ. դեպքերն ընկնում են «գենոցիդի» սահմանման տակ, եւ երբ հրատարակվող հոդվածներն այս թեմային են վերաբերում, ապա հրատարակչական աշխատակազմը միշտ օգտագործելու է «գենոցիդ» բառը: Հայերի լայնածավալ սպանություններն օսմանյան թուրքական կառավարության կողմից XX դարի սկզբներին ոչ ճիշտ կերպով նկարագրվում են որպես սպանություններ, երբ 1,5 մլն հայ զոհվեց: Թերթի խմբագրությունը պարզաբանում է, որ դա ցեղասպանություն էր եւ ոչ թե ջարդեր»:

Ահա այսպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդհանուր պատկերը, խարսխված ցեղասպանագիտության միջազգայնորեն ընդունված հայեցակարգային գիտական, իրավական, մարդու իրավունքների տեսադրույթների եւ արժեքային համակարգի վրա: Մեզ մնում է պատասխանել այն հարցինՙ արդյոք Հայոց ցեղասպանությունը արդեն կարելի՞ է համարել միջազգայնորեն ճանաչված, թե՞ ոչ: Այո՛, Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից, ցեղասպանագիտության սահմանած արժեքային համակարգի եւ ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության մասին ընդունած կոնվենցիայի հիմնադրույթներին խստիվ համապատասխան, ինստիտուցիոնալ եւ հանրային մակարդակներով, միջազգայնորեն ճանաչված պատմական իրողություն է:

Արաբ պատմաբան Մուսա Պրենսը, Ռաֆայել Լեմկինի հայտնագործած «գենոցիդ» եզրի նմանությամբ, 1960-ականների կեսերին շրջանառության մեջ դրեց «Արմենոցիդ»ՙ «Հայասպանություն» եզրը եւ տվեց դրա գիտական սահմանումըՙ «Արմենոցիդը ամենագենոցիդային գենոցիդն է»: Մեր կարծիքով, այլեւս անհնար է անտեսել հայեցակարգային այդ դրույթը, ինչը պետք է արտացոլվի Հայոց ցեղասպանության ճանաչման ռազմավարությունում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #63, 19-04-2013

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ