3 ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ Հունաստանի Սալոնիկ եւ Ռուսաստանի Տվեր քաղաքներում զուգահեռաբար անցկացվում են երիտասարդների եւ պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթների հերթական խաղարկությունները: Սալոնիկում Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մրցումներին մասնակցում են 8 ձյուդոյիստներ: Մրցումների առաջին օրը տատամի դուրս եկավ 2011-ի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, նախորդ տարվա առաջնության մրցանակակիր Գարիկ Հարությունյանը, որն այս անգամ ուժերը չափեց ավելի բարձրՙ 60 կգ քաշային կարգում: Նա արժանացավ բրոնզե մեդալի: Հայաստանին 2-րդ բրոնզե մեդալը պարգեւեց 52 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը, որը 3-րդ տեղի համար պայքարում մաքուր հաղթանակ տոնեց բրիտանացի Կելի Ստադոնի նկատմամբ: Պատանիների առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց Էդուարդ Գրիգորյանը (50 կգ): |