RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Հայացք

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1130, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՀԱՅԱՍՏԱՆ. ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

ՆԻԿՈԼԱ ԼԱՆԴՐՅՈՒ, Ազատ լրագրող, Pages Europe, 25 mars 2013, Ֆրանս. թարգմ. Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության վատ վիճակը հաստատուն է դառնում, հարուցելով մի շարք վերլուծաբանների տագնապալի գնահատումները: Նման պայմաններում ազգային ջերմ հայրենասիրությամբ տոգորված սփյուռքի մասնավոր ներդնողների ֆինանսական աջակցության կշիռը էական է, չնայած այդ օգնությունը միեւնույն ժամանակ կախման մեջ է դնում Հայաստանին: Այդ տնտեսական օժանդակության ծավալը դժվար է հաշվարկել, բայց անչափ նշանակալի է եւ, զանազան գնահատումների համաձայն, կազմում է երկրի ՀՆԱ 10-70 տոկոսը: Արդ, 2008-ից ի վեր սփյուռքյան համայնքների եւ Հայաստանի հասարակության միջեւ խորացած տարաձայնությունները Երեւանում մտահոգում են դիտորդներից շատերին: Եթե Հայաստանին ֆինանսապես օգնելու այդ ներդնողների ցանկությունը զգալիորեն նվազի, երկիրը կկորցնի իր գլխավոր ռեսուրսներից մեկը: Ի դեպ, սփյուռքի ֆինանսական աջակցությունը վերջին տասնամյակում կրճատվել է: Պետության ժողովրդավարացման գործընթացը եւ թուրք-հայկական հաշտեցումը տվյալ խնդրի հանգույցներն են:

Սփյուռք-Հայաստան. ներդրումների ավանդույթ

Հայաստանի պատմական տարածքների եւ արտերկրի հայկական համայնքների բացառիկ կապը դարեր շարունակ այդ ժողովրդի պատմության առանցքային տարրերից է: Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ. իրականացված ցեղասպանությունը, որը հայ համայնքին արմատախիլ արեց իր պատմական հողերի մի մասից, Հայաստանի համար մեծացրեց սփյուռքի մի կարեւորությունը թե՛ բնակչության թվի առումով եւ թե՛ որպես աշխարհաքաղաքական գործոն: Մոտավորապես մեկ դար Խորհրդային Հայաստանը եւ Արեւմուտքի հայ համայնքները պահպանում էին զգացմունքային հարաբերություններ, որոնք բարդանում էին «սառը պատերազմի», ինչպես նաեւ հայկական տարբեր քաղաքական կուսակցությունների գաղափարախոսական վեճերի պատճառով: Այնպես որ «երկաթե վարագույրի» վերացումից եւ ապա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պատմական Հայաստանի եւ սփյուռքի հանդիպումը հայերից շատերը ընկալեցին որպես ազգի վերամիավորում:

Հայերը աշխարհում

Աշխարհում հայերի ընդհանուր թիվը մոտ 11 միլիոն է: Հայաստանի բնակչությունը 3,3 միլիոն է, սփյուռքահայերի ընդհանուր թիվըՙ մոտավորապես 8 միլիոն:

1988 թվականին, երբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը անջատվեց Ադրբեջանից, սփյուռքի (մասնավորապես Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայերի) ոգեւորությունն անսահման էր: Հայկական բանակին նրանց ցուցաբերած էական աջակցությունը եւ ապա Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռազմական հաղթանակը հայրենասիրական խանդավառության փուլ դարձան ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ աշխարհի հայկական համայնքներում: Բազմաթիվ մտավորականների զգացողությունը հետեւյալն էր. ազգի աշխարհասփյուռ անդամները միավորվեցին հայերի թշնամիներին (ադրբեջանցիներին ու թուրքերին) հաղթելու եւ պատմությունից փոխվրեժ լուծելու նպատակով: Սփյուռքյան նախաձեռնությունների (ինչպես օրինակՙ Ֆրանսիայի «Ղարաբաղ» կոմիտեի) միջոցով համերաշխության նոր վերելք արձանագրվեց համայնքի այն անդամների շրջանում, որոնց համահայկական զգացմունքները մինչ այդ հազվադեպ էին դրսեւորվել:

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ավերակների վրա 1991-ին ստեղծված հայկական ինքնիշխան պետությունը նմանապես աճապարեց «ինստիտուցիոնալ» տեղ հատկացնել ազգային համայնքի այդ «ոչ-քաղաքացի» անդամներին: Տվյալ պետության եւ ուրիշ երկրների քաղաքացիների միջեւ ստեղծված ոչ իրավաբանական կապերը (մինչ այդ Հայաստանի հետ նրանց կապը լոկ ծագումնաբանական եւ մշակութային էր) իրենց բնույթով այնքան էլ տարածված չեն. արդեն 1990-ականների սկզբից Հայաստանի անվտանգության ազգային ռազմավարությունը իրոք նշում է սփյուռքի դերը Հայաստանի տնտեսական, մշակութային եւ արտաքին քաղաքականության մեջ եւ «արտերկրի հայերին» առանձնահատուկ տեղ է հատկացնում երկրի ճակատագրի կերտման մեջ: Փաստաթղթում նույնիսկ այն պնդումն է արվում, որ սփյուռքի հետ կապերի թուլացումը վտանգավոր կլիներ Հայաստանի համար:

Ժամանակի ընթացքում մի շարք քաղաքական ձեռնարկումներ ամրապնդեցին այդ ինստիտուցիոնալ կապը: Այսպես, 2007-ին մի օրենսդրական նախաձեռնություն մշակվեց սփյուռքահայերին երկքաղաքացիություն շնորհելու նպատակով: Ավելի ուշՙ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, չնայած ընկերությունների շրջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների հարցի հետ կապված լարվածություններին, նոր կառավարությունը ստեղծեց սփյուռքի հարցերի նախարարություն, որը փոխարինեց մինչ այդ դրանցով զբաղված ԱԳՆ հատուկ քարտուղարությանը:

2008-ի շրջադարձը. ժողովրդավարացման հարցը

1990-ականներին, երբ Հայաստանը հայտնվեց տնտեսական սուր ճգնաժամի մեջ, սփյուռքահայ ներդնողների օժանդակությունը վճռորոշ եղավ երկրի գոյատեւման համար: Սակայն Լեռնային Ղարաբաղի իրադրության հետ կապված անորոշության, երկրի շրջափակման առաջացրած տնտեսական ծանր կացության եւ ժողովրդավարացման գործընթացի ձգձգման պատճառով այդ սկզբնական խանդավառությունը թուլացավ: Այդ ժամանակվանից Հայաստանի հասարակության եւ սփյուռքի համայնքների տարաձայնությունները դարձան ավելի ու ավելի շոշափելի:

Ներքին սոցիալ-քաղաքական լուրջ խնդիրների բախվող Հայաստանի հասարակության եւ մեկենասներ ու տնտեսական ներդնողներ դարձած սփյուռքահայերի տարանջատման առաջին կետը ի հայտ եկավ 2008 թ. դժվարին նախագահական ընտրությունների կապակցությամբ: Իշխանությունները ժողովրդավարական ազատությունների կոպիտ ոտնահարումներ թույլ տվեցին ընդդիմության ցույցերի ճնշման ժամանակ, որը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվածՙ գործող նախագահի կուսակցությանը մեղադրում էր հաղթանակին բռնատիրելու մեջ: Այդ ոտնահարումները դարձան կարեւոր շրջադարձ:

Ներքաղաքական ճգնաժամի դեմ հանդիման սփյուռքի գլխավոր ձայները չառաջարկեցին իրոք համարժեք պատասխան: Կենտրոնանալով գլխավորապես անվտանգության հարցերի վրա եւ գործելով Հայաստանը Ադրբեջանից ու Թուրքիայից բխող արտաքին վտանգից պաշտպանելու մտահոգությամբ, հայ համայնքը ընդհանուր առմամբ նախապատվությունը տվեց Երեւանի ուժեղ իշխանությանըՙ ի վնաս ներքին ժողովրդավարական զարգացման: Երեւանում քաղաքացիական հասարակության գլխավոր գործող ուժերը խորապես ափսոսացին մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների ոտնահարումների գրեթե չհիշատակվելը այդ ձայների կողմից, որոնք, գործող ուժերի կարծիքով, չափից ավելի մտահոգված էին ստատուս քվոյի պահպանմամբ: Հակազդեցության այդ պակասը Հայաստանում ակնհայտորեն ընկալվեց որպես լռելյայն աջակցություն իշխանություններին:

Վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքացիների եւ սփյուռքի ազդեցիկ անդամների պահանջների զուգորդման առիթներ ընդհանուր առմամբ գրեթե գոյություն չեն ունեցել: Դրանից ծնունդ առած հիասթափությունը, որը իրարից տարբերող մտահոգությունների եւ նույնիսկ տարամետ շահագրգռությունների արտացոլանքն է, արտահայտվեց ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում: Քանզի, չնայած Հայաստանի կառավարության հայտարարություններին եւ երկրի ճակատագրում սփյուռքին դեր հատկացնելու ինստիտուցիոնալ ջանքերին, Երեւանի իշխանությունները որոշակիորեն չեն փորձել սփյուռքին մասնակից դարձնել որոշումների ընդունմանըՙ անկախ դրանց բնույթից: Տվյալ գործոնը մերժվածության զգացում է առաջացրել սփյուռքի համայնքներում, որոնք իրենց տեսնում են ներդնողների կամ նվիրատուների սահմանափակիչ դերում:

Սփյուռքի դժվարությունները. անմիատարրություն եւ տնտեսական ինտեգրման պակաս

Տվյալ իրավիճակի ակունքում թերեւս համագործակցության թվացյալ կամքով քողարկված կառուցվածքային խնդիրն է. ազգի երկու բաղկացուցիչ մասերի տնտեսական միասնացումը անհնար է դարձել Հայաստանի պետության չկամության պատճառով, որը ցանկալի չի համարում տնտեսական ինքնավար ցանցերի ստեղծումը, ինչպես նաեւ այդ պետությունը «գրաված» կլանների, օլիգարխների եւ դրանից բոխղ կաշառակերության պատճառով:

Բացի դրանից, սփյուռքն ինքը միավորված չէ որեւէ անկախ եւ վստահելի հասարակական ուժի շուրջը եւ մինչեւ օրս մնում է մեծ մասամբ գործարար միջավայրի հետ կապված ցաքուցրիվ նախաձեռնությունների հույսին: Այդ անկազմակերպվածությունը հանգեցրել է տնտեսական ձեռնարկումների անմիատարրությանը, եւ ինստիտուցիոնալ զարգացումներն անկարող են եղել դրա դեմն առնել: Իրոք, Հայաստանի սփյուռքի գործերի նախարարությունը, որն ինքը բաժանված է երեք ճյուղի (Ամերիկա, Մերձավոր Արեւելք եւ ԱՊՀ-Եվրոպա), իր ստեղծումից ի վեր չի կարողացել կառուցվածքային կապեր ստեղծել Հայաստանի եւ սփյուռքի տարբեր ճյուղերի միջեւ, թեկուզՙ տնտեսական փոխհարաբերությունների առումով: Այսպես, չնայած իրար հաջորդող նվիրատվություններին եւ ներդրումներին, սփյուռքը հնարավորություն չունեցավ տեւականորեն միջամտելու երկրի տնտեսության զարգացմանը կամ մասնակցելու տնտեսական կյանքին: Ֆինանսական աջակցությունը մեծավ մասամբ իրականացվել է երկկողմ ձեւովՙ սփյուռքի գործարարների եւ ՀՀ կառավարության միջեւ:

Սփյուռքի տնտեսության գործունյա մասնակիցներին ՀՀ իշխանությունների ընձեռած միակ իրական հնարավորությունը (նվիրատվություններ ոչ կառավարական կազմակերպություններին կամ ուղղակի կառավարությանը եւ աջակցություններ ազգային ձեռնարկություններին) երբեմն «շահամոլական» է որակվել Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ գործիչների կողմից: Գործարարությանը եւ զարգացման օժանդակմանը միտված հարաբերությունների այդ եղանակը ի վերջո աստիճանաբար վհատեցրեց սփյուռքի որոշ ներկայացուցիչների: Նրանք այն զգացողությունն ունեցան, որ ՀՀ իրարահաջորդ կառավարությունները չեն ուզում սփյուռքում ապրող եւ ըստ այդմ իրենց վերահսկողությունից դուրս մնացող հայերին մասնակից դարձնել տնտեսական որոշումների ընդունմանը:

Հայկական կոնյակի «Նոյ-Արարատ» ձեռնարկությունը երկրում առավել բարգավաճներից մեկն է: Ձեռնարկությունը մեղադրվեց օտարերկրյա ներդրումների յուրացման մեջ: Ընկերությունն այսօր հայտնի է իր դժվարություններով, որոնք վանում են սփյուռքահայ ներդնողներին:

Հայրենասիրական մղումներով ֆինանսական նշանակալի ջանքեր գործադրած սփյուռքահայ բազմաթիվ ներդնողներ կամաց-կամաց երես թեքեցին: Գաղափարախոսական շարժառիթներով գործելովՙ նրանք բախվեցին կոշտ վարչարարության ստեղծած խոչընդոտներին եւ խոշոր կաշառակերությանը: Տնտեսական պատկառելի միջոցներով օժտված, բայց իշխանություն չունեցող, որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքից եւ երկիրը բարեփոխելու միջոցներից զրկված օտարերկրացի այդ եռանդուն գործիչներ 2000-ական թվականներին հետզհետե նվազ տեսանելի են դառնում:

Թուրք-հայկական հարաբերությունները. խոր տարաձայնություններ

Ներքաղաքական հարցերից բացի, սփյուռքահայ տնտեսական ակտիվ գործիչների հետաքրքրությունների եւ ՀՀ պետության գերակայությունների միջեւ գոյացած անդունդը 2008-ից խորացավ նաեւ աշխարհաքաղաքական ոլորտում, որը մինչ այդ միավորում էր ազգի երկու «բեւեռներին»: Իր տարածաշրջանային զարգացման հեռանկարները փակող շրջափակման պատճառով Հայաստանը 2000-ականների կեսերից Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի գործնական դիրք բռնեց: Իրոք, թուրք-հայկական սահմանը պաշտոնապես փակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից, որի ընթացքում Անկարան օգնեց Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի: Տնտեսապես հզոր երկիր Թուրքիան կկարողանար մատակարարման խոշոր աղբյուր լինել Հայաստանի համար: Մասնավորապես դա զգացվում է «սեւ շուկայում» եւ Վրաստանով կատարվող ներմուծական-արտահանական գործունեությամբ: Մյուս կողմից, հարեւան Թուրքիայի համար Հայաստանը իրացման շատ կարեւոր շուկա է: Քաղաքական այնպիսի հաշտեցումը, որը զանց կառներ Անկարայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված գաղափարախոսական թշնամանքը, կհամապատասխաներ երկու երկրների շահերին:

Ինչպես Անկարայում, այնպես էլ Երեւանում հաշտեցման ջատագովների ձայներ էին հնչել: Ցյուրիխում 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին թուրք-հայկական արձանագրություններ, որոնցում մասնավորապես առկա է երկու երկրների սահմանը բացելու խոստում: Սակայն այդ պարտավորությունները մնացին թղթի վրա, քանի որ գաղափարախոսական հարցերում փոխհամաձայնության հասնելու դժվարություններն ավելի զորեղ են: Այդուհանդերձ խոսքը Հայաստանի պետությանՙ հարեւանին ընդառաջ կատարած նշանակալի քայլի մասին է:

Մյուս կողմից, Հայաստանի շրջափակման առաջացրած սոցիալ-տնտեսական դժվարություններին անմիջականորեն չբախվող սփյուռքյան համայնքների մեծամասնությունն ապշեց այդ համաձայնությունից: Սփյուռքահայերը մեծ մասամբ ցեղասպանության զոհերի ժառանգներ են եւ սովորաբար մերժում են «թուրք թշնամու» հետ ամեն մի քննարկում: Ուստի նրանք հիասթափություն ապրեցին, երբ Երեւանը ընդառաջ քայլ արեց, մինչդեռ, նրանց կարծիքով, Հայաստանի պետությունը պարտավոր է հարվածային ուժ լինել հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ազգի գոյատեւման մղվող ճակատամարտում: Հայաստանի կառավարության պրագմատիստական դիրքորոշումը սփյուռքահայերից շատերը ընկալեցին իբրեւ դավաճանություն: Այդ գործոնը թուլացրեց Հայաստանի պետության եւ հայ ազգի անխզելի կապը:

Հայտնի չէ, թե հայ հասարակության մի մասի ժողովրդավարական ձգտումների, կառավարության արտաքին քաղաքական դիրքորոշումների եւ սփյուռքահայ ներդնողների գաղափարախոսական տեսակետի հարաճուն տարբերությունները արդեն ինչ չափով են բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա: Սակայն հաստատ է, որ ընկալման այդ տարբերությունները թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում շատերի կարծիքով սպառնալիք են: Այդ տարաձայնությունները հաղթահարելու համար մի կողմից հարկավոր է, որ ներքին որոշումների ընդունման ոլորտում լրջորեն ներգրավվելուց հետո ներդնողներն առաջվա պես ուզենան մասնակցել երկրի զարգացմանը: Մյուս կողմից անհրաժեշտ կլինի, որ ամենքը համաձայնության գան Հայաստանի հետագա ճանապարհի հարցում. ժողովրդավարացո՞ւմ, թե՞ ավտորիտարիզմ: Թուրքիայի հետ շփումներ եւ Լեռնային Ղարաբաղի հաշտության բանակցությունների եզրափակո՞ւմ, թե՞ ինքնաբավ զարգացման շարունակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ