RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1331, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 53

«ԴԻԱԿ» ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ԿԼԻՆԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փակ սրահներում մասսայական տեսարանների, արարողությունների սիրահարները այսօր կարող են լինել Մարզահամերգային համալիրում, իսկ եթե ցանկություն կա բացօթյա գրեթե նույն արարողության ականատեսը լինելու, ապա, խնդրեմ, Ազատության հրապարակ. ճիշտ ժամը 12-ին հրապարակում ու համալիրում տեղի կունենան միեւնույն արարողությունները, ու այնպես չէ, որ համալիրում տեղի ունեցածն ուղիղ եթերով կցուցադրեն հրապարակում. հրապարակն ի՛ր երդումը պետք է տա, համալիրն` իր:

Բայց եւ այնպես այս երկուսից մեկը, ավելի ճիշտ` այս երկուսից մեկի հերոսը պետք է էլ «չլինի»:

Հրապարակում, ինչպես գիտենք, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ որոշ ժամանակ առաջ հայտարարեց. «Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով»... Ավելի ուշ Րաֆֆին Սերժ Սարգսյանին ուղղված իր հայտնի նամակներից մեկում ընդգծեց, որ ինքը կարող է եւ հանդուրժել Սերժ Սարգսյանի նախագահությունը, եթե որոշ գերատեսչությունների ղեկավարումը հանձարարվի ընդդիմությանըՙ ի դեմս ժողովրդի, իսկ ժողովուրդն էլ` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Այս ամենից որոշ ժամանակ անց նույն Րաֆֆին, արդեն իր մարզային շրջագայությունների ժամանակ, հայտարարեց, թե «ապրիլի 9-ին Րաֆֆիից որեւէ բան չպահանջեք...», նախորդ ուրբաթ օրն էլ Րաֆֆին հայտարարեց, որ ապրիլի 9-ին, ուղիղ 12-ին, հավաքվելու են հրապարակում, երդվելու են, հետո միմյանց շնորհավորելու են, տոնելու են ժողովրդի հաղթանակը, ապա, ժամը երեկոյան 5-ին, «գնալու ենք իշխանությունը վերադարձնելու ժողովրդին»: Մի տեսակ անհասկանալի է. օրինակ այն, թե ինչպե՞ս կարող է Րաֆֆին «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», եթե նույն այդ ժողովուրդը «ապրիլի 9-ին Րաֆֆիից ոչինչ չպետք է պահանջի»: Կամ, եթե «իշխանությունը դեռ պետք է վերադարձվի ժողովրդին», ապա էլ ի՞նչ ժողովրդի հաղթանակ է տոնելու Րաֆֆին Ազատության հրապարակում, «համազգային երդումից մինչեւ երեկոյան ժամը 5-ը»:

Հրապարակը կարծես թե գնում է իր համար վնասակար ուղիով, երբ ամեն հաջորդ խոսք նախորդի տրամաբանական շարունակությունը չէ, երբ հստակ չէ ոչինչ, իսկ ինչն ամենասոսկալին է հրապարակի համարՙ հստակ չէ ոչինչ հրապարակում հավաքվող ու այդ հավաքույթներից լուրջ ակնկալիքներ, սպասումներ ունեցող ժողովրդի համար: Ստացվում է, որ ապրիլի 9-ին գուցե «նորաստեղծ շարժումը մահանա», եւ մենք ունենանք դիակ, ինչպես եւ խոստացվել էր, ի դեպ:

Համալիրում պատկերը փոքր-ինչ այլ է: Նախ այնտեղ են լինելու Հայաստանի երեք նախագահներից երկուսը. երեկ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ երկրորդ նախագահը մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը (Րաֆֆին կասեր` ուրեմն Քոչարյանը ժողովրդի հետ չէ): Այս փաստը, փաստորեն, երկրորդ պլան է մղում այն, թե կմասնակցի՞ արդյոք Սարգսյանի երդմնակալությանը Գագիկ Ծառուկյանն, օրինակ... Հիշեցնենք, նույն օրը, նույն ժամից համալիրում ԱԺ-ի հատուկ նիստ է գումարվելու, հետեւաբար այս նիստին պարտավոր են ներկա գտնվել ԱԺ-ի բոլոր խմբակցությունների բոլոր պատգամավորները, եթե, իհարկե, վերջիններս իրենց հավանական բացակայությունների համար հարգելի հիմնավորումներով հանդես չգան: Մինչդեռ ՀԱԿ խմբակցությունը, հայտնի է, որ ամբողջ կազմով չի լինելու համալիրում, ՀՅԴ-ն` նույնպես, «Ժառանգությունը» «ժողովորդի հետ է», ՕԵԿ-ն էլ` ՀՀԿ-ի: Այսինքնՙ միակ ինտրիգը` մասնակիցների առումով, ԲՀԿ-ն է, չնայած, կրկնենք, Քոչարյանը լինելու է համալիրում: Ու չնայած համալիրում, ի թիվս այլ օտարերկրացի բարձրաստիճան հյուրերի, լինելու է նաեւ հատուկ Սերժ Սարգսյանի երդմնակալության համար Երեւան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյուժան, այնտեղ գտնվողների անվտանգությունը ինչ-որ առումով կախված է լինելու հրապարակում եղածների խելամտությունից, եթե Րաֆֆին ցանկանում է պարզապես այլընտրանքային նախագահ դառնալ, եւ սա նկատի ունի «իշխանությունը վերադարձնել ժողովրդին» ասելով, այլ հարց է (ի դեպ, այդ ո՞ր դարաշրջանում է իշխանությունը պատկանել ժողովրդին, որ հիմա էլ վերադարձնում են-Հ. Ա.), իսկ եթե Րաֆֆին նկատի ունի այն, ինչը նկատի են ունենում բոլոր նրանք, ովքեր հրապարակում, հրապարակին ասում են, թե` «իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին», ապա գուցե այսօրվա զոհը դառնա համալիրը:

Երկու պարագայում էլ «դիակ» լինելու է... Աշոտ Մանուչարյանն ասում է` «ապրիլի 9-ին Հայաստանում կլինի դիակ` ժողովրդավարության դիակը»... Պարզապես, եթե ժողովրդավարությունը շարժումն է, ու եթե ապրիլի 9-ին այս շարժումը մահանում է, դա չի նշանակում, որ այլ շարժումներ չեն լինելու, հետեւաբար, խոսքը բոլորովին այլ տեսակի «դիակ»-ի մասին է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ