ԿՄՐՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՎԵՏԵՐԱՆ ՀԱՆԴԲՈԼԻՍՏՆԵՐԸ Այսօր ժամը 15-ին Երեւանի խուլերի միավորման պալատի մարզասրահում կսկսվի Հայաստանի եւ Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական մրցախաղը: Ուշագրավ է, որ հանդիպման գլխավոր հովանավորը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Արցախի վետերանների հավաքականը Երեւան է ժամանել երեկ: Պատվիրակության ղեկավարը Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է: Հայաստանի եւ Արցախի հանդբոլի վետերանների մրցավեճի սկիզբը դրվել էր 2 տարի առաջ: Առաջին հանդիպումը կայացել է Ստեփանակերտում եւ ավարտվել է Հայաստանի վետերան հանդբոլիստների հաղթանակով, որոնք մրցակցին պարտության են մատնել 10 գնդակի առավելությամբ: Հայաստանի հանդբոլի վետերանների հավաքականի ղեկը ստանձնել է նախկինում մեր լավագույն խաղացողներից մեկըՙ Աղասի Մխիթարյանը: Նրա գլխավորությամբ հավաքականը մարզումներ է անցկացրել եւ արդեն պատրաստ է հանդիպմանը: Նա հավաքականում ընդգրկել է Արա Հարությունյանին, Արմեն Հարությունյանին, Արսեն Հակոբյանին, Մհեր Նորենցին, Սամվել Նորոյանին, Վարդան Հարությունյանին, Եղիազար Գաբուզյանին, Մխիթար Անտոնյանին, Վարդան Մամիկոնյանին, Սահակ Կարճիկյանին, Գարեգին Թումասյանին եւ Հրաչիկ Կուրղինյանին: Վերջինս թիմում ամենատարեցն է: Նա 60 տարեկան է: |