ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 2 խումբ մասնակցեց տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերի: Ուկրաինայի Խերսոն քաղաքում անցկացված մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներից առավել հաջող հանդես եկավ գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Մինչեւ 60 կգ քաշայինների մրցավեճում նա դրսեւորեց հաղթանակի հասնելու անկոտրում կամք ու հասավ մինչեւ եզրափակիչ: Նա նախնական մենամարտերում հաղթեց Լոնդոնի օլիմպիադայում 5-րդ տեղը գրաված ուզբեկ Գաիբ Նազարովին, ուկրաինացի Օլեգ Չեռնյակին: Եզրափակիչում Բաչկովի մրցակիցը խերսոնցի Պավել Իշչենկոն էր, որի հետ մենամարտում մրցավարները միավորների չնչին տարբերությամբ հաղթանակը շնորհեցին մրցակցին: Բաչկովը դարձավ 2-րդ մրցանակակիր, ինչը եւս լավ արդյունք է: Մեր հավաքականի մյուս անդամներից կազմավորված խումբը ելույթ ունեցավ Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Այստեղ եւս մեր հավաքականից մրցանակակիրներ դարձան: Բրոնզե մեդալներ նվաճեցին Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) եւ Ազատ Դավթյանը (91 կգ): Մեր բռնցքամարտիկների համար այս մրցաշարերը ուժերի հիանալի ստուգատես էին մայիսի 31-ին Մինսկում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Մարզիչները հնարավորություն ստացան ստուգելու հավաքականի անդամներին ու հետագա մարզումների ծրագիր կմշակեն, ինչը թույլ կտա լավ նախապատրաստվել առաջիկա պատասխանատու մրցաշարին: |