«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ` ԱՊՐԻԼԻ 10-ԻՑ Գ. Մ. Հայաստանի եւ աշխարհի 30 երկրների հինգից հիսունմեկ տարեկան 2415 կատարողներ են մասնակցության հայտ ներկայացրել երաժիշտ-կատարողների Գյումրու հինգերորդ միջազգային մրցույթ-փառատոնին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 10-ին, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: Այս տարվա փառատոնը, որի կազմակերպիչներն են «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի պետական երաժշտանոցի Գյումրու մասնաճյուղը, նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110 եւ Սպիտակի երկրաշարժի 25-ամյակներին, անցկացվելու է «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Կատարողական 13 անվանակարգերում, 5 տարիքային խմբերով երաժշտական մրցույթներն անցկացվելու են ամսի 11-17-ը, հիմնականում` կրթական-մշակութային տարբեր հաստատությունների դահլիճներում, իսկ ըստ անվանակարգերի հաղթողների պարգեւատրումն ու գալա համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին: Մրցութային հանձնախմբի կազմում ընդգրկված են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ Հայաստանից եւ արտերկրից: Երաժիշտ-կատարողների Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է ամեն տարի, նպաստելով օժտված հատկապես պատանի եւ երիտասարդ երաժիշտների ճանաչմանն ու մասնագիտական աճին: Ի դեպ, եթե նախորդ տարիներին մրցույթը կազմակերպվում էր հիմնականում երիտասարդ երաժիշտների համար եւ կոչվում էր երիտասարդ երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոն, ապա այս անգամ տարիքային սահմանափակումը վերացված է եւ, պատասխանատուների հավաստմամբ, մասնակիցների թվում կլինեն նաեւ կայացած արհեստավարժ կատարողներ: Փառատոնի շրջանակներում, ինչպես ամեն տարի, կանցկացվի նաեւ «Մշակույթների երկխոսություն» ընդհանուր խորագրով արվեստագիտական միջազգային գիտաժողով, կանցկացվեն մշակութային միջոցառումներ, վարպետության դասեր, համերգներ Գյումրիում ու նաեւ Երեւանում: Մասնակիցներին կներկայացվեն քաղաքն իր անցյալով ու ներկայով, Շիրակի պատմամշակութային հարուստ ժառանգությունը: |